1 ՏԻՄՈԹԷՈՍ. Chapter 5

1 Ծերին խստութեամբ մի՛ յանդիմանի՛ր, այլ յորդորի՛ր որպէս քո հայրը. երիտասարդներին յորդորի՛ր որպէս եղբայրներ,
2 պառաւներին՝ որպէս մայրեր, դեռատի կանանց՝ որպէս քոյրեր, կատարեալ մաքրութեամբ։
3 Յարգի՛ր այն այրիներին, որ իսկապէս այրիներ են։
4 Իսկ եթէ մի այրի որդիներ եւ թոռներ ունի, նախ նրանք թող սովորեն իրենց տան հանդէպ բարի վերաբերմունք ցոյց տալ եւ իրենց ծնողների արածի փոխարէն նրանց հատուցել, որովհետեւ ա՛յն է բարին եւ ընդունելին Աստծու առաջ։
5 Իսկ ով իսկապէս այրի է եւ մենակ է ապրում ու իր յոյսը դրել է Աստծու վրայ, թող յարատեւող լինի աղօթքի եւ աղաչանքների մէջ զօր ու գիշեր։
6 Իսկ մեղկասէր այրին կենդանւոյն մեռած է։
7 Այս բանը պատուիրի՛ր, որ անարատ լինեն։
8 Իսկ եթէ մէկը իւրայիններին եւ մանաւանդ ընտանիքին խնամք չի տանում, հաւատն ուրացել է եւ աւելի չար է, քան անհաւատը։
9 Այրիների թւում կը համարուի այն այրին, որ վաթսուն տարեկանից պակաս չէ, մէ՛կ մարդու կին է եղել
10 ու բարի գործերով է վկայուել, որ երեխաներ է մեծացրել, որ հիւրեր է ընդունել, որ սրբերի ոտքերն է լուացել, որ նեղութեան մէջ գտնուողներին է հասել, որ ամէն բարի գործի հետամուտ է եղել։
11 Բայց երիտասարդ այրի կանանց հաշուի մի՛ առ, որովհետեւ հեշտասիրութեան անձնատուր լինելով՝ Քրիստոսի դէմ են ելնում եւ ամուսնանալ են ուզում.
12 իսկ դատաստան են ընդունում նրա համար, որ առաջին հաւատն արհամարհեցին։
13 Միաժամանակ եւ անգործութեան են վարժւում՝ շրջելով տնից տուն. եւ ոչ միայն դատարկապորտներ են, այլեւ շատախօս եւ աւելորդ հետաքրքրասէր. եւ խօսում են բաներ, որ պէտք չէ խօսել։
14 Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, որդիներ ծնեն, տնարար լինեն եւ հակառակորդին առիթ չտան նախատինքի,
15 քանի որ արդէն իսկ նրանցից ոմանք շեղուել են՝ Սատանայի յետեւից գնալով։
16 Եթէ հաւատացեալ մէկը այրիներ ունի, թող նրանց օգնի, որ եկեղեցին բեռի տակ չընկնի եւ նա կարողանայ օգնել իսկապէ՛ս այրիներին։
17 Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, կրկնակի պատուի արժանի թող լինեն. մանաւանդ նրանք, որ տքնում են խօսքով եւ ուսուցանելով.
18 քանզի Սուրբ Գիրքն ասում է. Կալ անող եզան դունչը մի՛ կապիր եւ՝ Մշակն արժանի է իր վարձին։
19 Երէցի մասին ամբաստանութիւն մի՛ ընդունիր, բացի այն դէպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի։
20 Իսկ մեղանչողներին յանդիմանի՛ր բոլորի առաջ, որպէսզի միւսներն էլ վախենան։
21 Պարտաւորեցնում եմ քեզ Աստծու եւ Յիսուս Քրիստոսի ու ընտրեալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի՝ աչառութեամբ ոչինչ չանելով։
22 Ձեռքերդ շտապով որեւէ մէկի վրայ մի՛ դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր։
23 Այսուհետեւ միմիայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի էլ խառնիր՝ քո ստամոքսի եւ յաճախակի տկարութիւնների պատճառով։
24 Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են նախքան որեւէ դատաստանի ենթարկուելը. մարդիկ էլ կան, որոնց մեղքերը յետոյ են յայտնի դառնում։
25 Նոյն ձեւով եւ յայտնի են բարի գործերը. եւ այն գործերը, որ յայտնի չեն, թաքնուած մնալ չեն կարող։