1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ. Chapter 5

1 Եղբայրնե՛ր, բայց ժամերի եւ ժամանակների մասին կարիք չկայ ձեզ գրելու,
2 որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով։
3 Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկուելու։
4 Իսկ դուք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այն օրը ձեր վրայ հասնի՝ ինչպէս գողը.
5 որովհետեւ դուք բոլորդ լուսոյ որդիներ էք եւ ցերեկուայ որդիներ։ Գիշերինը չենք, խաւարինը չենք։
6 Ուրեմն չքնենք մնանք, ինչպէս՝ ուրիշները, այլ արթուն եւ զգաստ լինենք.
7 որովհետեւ, ովքեր ննջում են, գիշերն են ննջում, եւ ովքեր հարբում են, գիշերն են հարբում.
8 իսկ մենք, որ ցերեկուայ որդիներ ենք, արթո՛ւն լինենք եւ սիրոյ ու հաւատի զրահները հագնենք եւ փրկութեան յոյսի սաղաւարտը դնենք.
9 որովհետեւ Աստուած մեզ չնախասահմանեց բարկութեան համար, այլ՝ փրկութիւնը ժառանգելու համար՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով.
10 նա մեռաւ մեզ համար, որպէսզի արթուն լինենք թէ ննջենք, նրա հետ միասի՛ն ապրենք։
11 Ուստի մխիթարեցէ՛ք եւ ամրապնդեցէ՛ք միմեանց, ինչպէս որ արդէն անում էք։
12 Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին, Տիրոջ կողմից ձեր վրայ նշանակուած վերակացուներին, ինչպէս նաեւ ձեզ խրատողներին.
13 եւ առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէ՛ք նրանց՝ իրենց աշխատանքի համար։ Խաղաղութի՛ւն ունեցէք միմեանց միջեւ։
14 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. խրատեցէ՛ք ստահակներին, քաջալերեցէ՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղէք տկարներին, համբերատա՛ր եղէք բոլորի հանդէպ։
15 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամո՛ւտ եղէք։
16 Ուրա՛խ եղէք միշտ,
17 անդադար աղօթեցէ՛ք,
18 ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս։
19 Մի՛ հանգցրէք Հոգին,
20 մի՛ արհամարհէք մարգարէութիւնները,
21 փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք,
22 հեռո՛ւ մնացէք բոլոր չար բաներից։
23 Եւ խաղաղութեան Աստուածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապէս, եւ ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը թող անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալուստը։
24 Հաւատարիմ է նա, որ կոչեց ձեզ. նա է դարձեալ, որ նոյնը պիտի անի։
25 Եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք նաեւ մեզ համար։
26 Ողջունեցէ՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով։
27 Երդուել եմ տալիս ձեզ Տիրոջով, որ ընթերցէք այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին։
28 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։