ՄԻՔԻԱ. Chapter 1

1 Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների ժամանակ Մորստացի Միքիային հասաւ Տիրոջ պատգամը, որ յայտնուեց նրան Սամարիայի եւ Երուսաղէմի մասին։
2 Լսեցէ՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, եւ թող երկիրն ու նրա բոլոր բնակիչները ունկնդրեն։ Տէր Աստուածը թող լինի ձեր մէջ վկայութեան համար, Տէրը՝ իր սուրբ տնից։
3 Ահա նա առաջ կը շարժուի իր տեղից, կ՚իջնի եւ կը հասնի երկրի բարձունքների վրայ։
4 Լեռները կը շարժուեն նրա ոտքերի տակ, ձորերը կը հալուեն, ինչպէս մոմը՝ կրակի առաջ, եւ ինչպէս զառիվայր հոսող ջուրը։
5 Այդ բոլորը Յակոբի ամբարշտութեան պատճառով է եւ Իսրայէլի տան մեղքերի համար։ Իսկ արդ, ո՞վ է պատճառը Յակոբի ամբարշտութեան, ո՞չ Սամարիան, եւ ո՞վ է Յուդայի տան մեղքի պատճառը, եթէ ոչ Երուսաղէմը։
6 Ես Սամարիան կը դարձնեմ ագարակի մրգապահների տաղաւար, այգի հսկելու տեղ, խորխորատ կը նետեմ նրա քարերը եւ կը մերկացնեմ նրա հիմքերը։
7 Նրա բոլոր քանդակները կը կոտորեն, նրա բոլոր արձանները կրակով կ՚այրեն. ես կ՚ապականեմ նրա բոլոր կուռքերը, քանի որ նա պոռնկութեան վարձից ժողովեց եւ պոռնկութեան վճարից հաւաքեց դրանք։
8 Այդ պատճառով նա լաց ու կոծ կ՚անի եւ կ՚ողբայ, մերկ ու բոբիկ կը քայլի, վիշապների պէս ողբ ու կոծ կ՚անի եւ կը սգայ ինչպէս յաւերժահարսերի դուստրերը,
9 քանի որ սաստկացան նրա հարուածները, քանի որ մինչեւ Յուդայի երկիր հասան դրանք, մօտեցան մինչեւ իմ ժողովրդի դռները եւ Երուսաղէմ։
10 Դուք, որ Գէթում էք, մի՛ գոռոզաբանէք, եւ դուք, որ Ակկարիմում էք, մի՛ նորոգէք տան խայտառակութիւնը. ձեր խայտառակութեան պատճառով հո՛ղը ձեր գլխին։
11 Բարութեամբ բնակուողը չելա՞ւ իր քաղաքներից. Սենարի՛ բնակիչներ, ողբացէ՛ք նրան մօտիկ գտնուող տան վրայ, նա կը վերացնի ձեզնից ցաւի հարուածները։
12 Ո՞վ սկսեց բարիք անել ցաւի մէջ բնակուողին, քանի որ Տիրոջ կողմից չարիք իջաւ Երուսաղէմի դռների վրայ։
13 Կառքերի շաչիւն ու երիվարների դղրդիւն թող լինի, Լաքիսի՛ բնակիչներ, նա է Սիոնի դուստրերի մեղքերի սկիզբը, քանի որ քո մէջ կատարուեցին Իսրայէլի ամբարշտութիւնները։
14 Այդ պատճառով Գէթի տոհմից արձակուածներին կը տայ դատարկ տներ, որոնք Իսրայէլի թագաւորների համար ունայնութիւն դարձան։
15 Լաքիսի բնակիչները ժառանգութիւն կը բերեն մինչեւ քո ժառանգորդները, մինչեւ Ոդողամ կը հասնի Սիոնի դստեր փառքը։
16 Ածիլուի՛ր եւ կտրի՛ր մազերդ քո սիրասուն որդիների համար, գնտի՛ր քո գլուխը արծուի պէս, քանի որ նրանք գերի տարուեցին քեզանից հեռու։