ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ. Chapter 4

1 Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։
2 Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։
3 Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն։
4 Նա պատասխանեց եւ ասաց. Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից։
5 Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան.
6 Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես։
7 Յիսուս դարձեալ նրան ասաց. Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես։
8 Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց.
9 Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես։
10 Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես։
11 Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան։
12 Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց գնաց Գալիլիա։
13 Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում,
14 որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը.
15 Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների,
16 խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ։
17 Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է։
18 Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։
19 Եւ նրանց ասաց. Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ։
20 Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից։
21 Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց։
22 Նրանք իսկոյն թողնելով նաւակը եւ իրենց հօրը՝ գնացին նրա յետեւից։
23 Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը։
24 Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով. ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց։
25 Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց։