ՄԱՂԱՔԻԱ. Chapter 2

1 Բարձրացրի իմ աչքերը եւ տեսայ. ահա մի մարդ, որ իր ձեռքում ունէր երկրաչափի լար.
2 ասացի նրան. Ո՞ւր ես գնում։ Ասաց ինձ. Գնում եմ չափելու Երուսաղէմը եւ տեսնելու, թէ որքա՞ն է նրա լայնութիւնը եւ որքա՞ն՝ երկարութիւնը։
3 Եւ ահա Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, կանգնած էր այնտեղ. մի ուրիշ Հրեշտակ ելաւ նրան ընդառաջ
4 եւ ասաց նրան. Գնա՛, խօսի՛ր այդ երիտասարդի հետ եւ կ՚ասես. Երուսաղէմը իր մէջ եղող մարդկանց եւ անասունների առատութիւնից կը դառնայ պտղալից։
5 Ես հրեղէն պարիսպ կը լինեմ նրա շուրջը եւ կ՚ապրեմ նրա մէջ իր փառքի համար, - ասում է Տէրը։
6 Հէ՛յ, հէ՛յ, փախէ՛ք հիւսիսի երկրից, - ասում է Տէրը, -քանզի երկնքի չորս կողմերից պիտի հաւաքեմ ձեզ, - ասում է Տէրը։
7 Դէպի Սիոն դիմելով՝ փրկեցէ՛ք ձեզ, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր։
8 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը։ Փառքի յետեւից նա ուղարկեց ինձ այն ազգերի մէջ, որոնք կողոպտեցին ձեզ, քանի որ, ով որ մօտենում է ձեզ, նման է նրան, ով հարուածում է իր աչքի բիբին։
9 Ահաւասիկ ես իմ ձեռքը կը տարածեմ նրանց վրայ, նրանց ծառայեցնողները աւար կը դառնան, եւ դուք կ՚իմանաք, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ։
10 Խնդա՛ եւ ուրախացիր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կը գամ եւ կը բնակուեմ քո մէջ, - ասում է Տէրը, -
11 եւ այդ օրը շատ ազգեր կ՚ապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կը դառնան ու կը բնակուեն քո մէջ։Երբ դա պատահի, դու կ՚իմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ։
12 Տէրը կը ժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կը լինի Երուսաղէմի հանդէպ,
13 եւ ամէն մարմին երկիւղ կը կրի Տիրոջից, քանի որ նա արթնացել է իր սուրբ ամպերի միջից։