ՄԱՂԱՔԻԱ. Chapter 13

1 Այն օրը Դաւթի տան համար պիտի բացուի ամէն մի վայր՝ նրա փոփոխման ու մաքրման համար։
2 Այն օրը Տէրը պիտի վերացնի կուռքերի անունները երկրից, նրանք այլեւս չպիտի յիշուեն. պիտի վերացնի երկրից սուտ մարգարէներին եւ պիղծ ոգիներին, եւ եթէ որեւէ մէկը դեռեւս մարգարէութիւն անի, նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, թող ասեն՝ Դու չպիտի ապրես, որովհետեւ Տիրոջ անունից սուտ խօսեցիր։ Նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, թող արգելեն մարգարէութիւն անել։
3 Այն օրը այդ մարգարէները պիտի ամաչեն իրենց մարգարէութիւն անելու ժամանակ՝ ամէն մէկն իր տեսիլքի համար, որովհետեւ նրանք սուտ խօսեցին եւ սուտ խօսելու պատճառով պիտի հագնեն մազեղէն քրձեր։
4 Նրանցից ամէն մէկը պիտի ասի. Ես մարգարէ չեմ, այլ հողագործ մարդ եմ, ինձ մարդ է ծնել, եւ ես մարդ եմ իմ մանկութիւնից ի վեր։
5 Եւ երբ ես նրան ասեմ՝ Այդ ի՞նչ վէրքեր են քո ձեռքերի մէջ, նա կ՚ասի՝ Դրանք այն վէրքերն են, որ ես ստացել եմ իմ սիրելի ազգի տանը։
6 Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովուի վրայ եւ նրա ընկեր տղամարդու վրայ, - ասում է Ամենակալ Տէրը. -ես պիտի հարուածեմ իմ հովուին, եւ իմ հօտերը պիտի ցրուեն, ես իմ ձեռքը պիտի դնեմ իմ հովիւների վրայ։
7 Եւ այն օրը, - ասում է Տէրը, - երկրում պիտի պակասի ժողովրդի երկու երրորդը, իսկ մէկ երրորդը պիտի մնայ նրա մէջ։
8 Այդ մէկ երրորդն էլ ես պիտի անցկացնեմ հրի միջով, պիտի հալեմ նրանց, ինչպէս արծաթն են հալում, պիտի փորձեմ նրանց, ինչպէս փորձում են ոսկին. այն ժամանակ նրանք պիտի կանչեն իմ անունը, եւ ես պիտի լսեմ նրանց ու ասեմ՝ Սա է իմ ժողովուրդը, իսկ նրանք պիտի ասեն՝ Դու ես մեր Տէր Աստուածը։