ՄԱՂԱՔԻԱ. Chapter 6

1 Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսնում էի. ահա չորս կառքեր դուրս էին գալիս լեռների արանքից, եւ լեռները պղնձեայ լեռներ էին։
2 Առաջին կառքին լծուած էին աշխէտ ձիեր, երկրորդ կառքին՝ սեւ ձիեր,
3 երրորդ կառքին՝ սպիտակ ձիեր, եւ չորրորդ կառքին՝ պէսպէս, պուտաւոր ձիեր։
4 Ես հարցրի եւ ասացի Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. Ի՞նչ են դրանք, Տէ՛ր։
5 Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց. Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են կանգնելու ամբողջ աշխարհի Տիրոջ առաջ։
6 Այն կառքը, որին սեւ ձիեր էին լծուած, գնում էր դէպի հիւսիսի երկիր, սպիտակ ձիերինը՝ նրա յետեւից,
7 աշխէտ ձիերինը գնում էր դէպի հարաւի երկիր, իսկ պուտաւոր ձիերինը ելնում ու ձգտում էր շրջել ամբողջ երկրում։ Եւ Տէրն ասաց. Գնացէ՛ք եւ շրջեցէ՛ք երկրով մէկ։ Եւ նրանք շրջեցին երկրով մէկ։
8 Տէրը ձայն տուեց եւ ասաց ինձ. Ահա, նրանք, որ գնում են դէպի հիւսիսի երկիր, հանգցրին իմ բարկութիւնը հիւսիսի երկրի նկատմամբ։
9 Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. Դու ինձ համար կը վերցնես գերութեան մէջ գտնուող այդ իշխաններից, պիտանի մարդկանցից եւ գիտուններից
10 եւ այն օրը կը մտնես Սոփոնիայի որդի Յոսիայի տունը, որ եկել է Բաբելոնից։
11 Ոսկի եւ արծաթ կը վերցնես, պսակներ կը պատրաստես, կը դնես Յոսեդեկ մեծ քահանայի որդի Յեսուի գլխին
12 եւ կ՚ասես նրան, թէ այսպէս ասաց Ամենակալ Տէրը. Ահա այն մարդը, որի անունը Շառաւիղ է,նա պիտի ծագի իր արմատից եւ պիտի շինի Տիրոջ տաճարը։
13 Նա քաջութիւն պիտի ստանայ, պիտի նստի եւ տիրի իր աթոռին։ Նրա աջ կողմում պիտի լինի քահանայեւ խաղաղութեան խորհուրդ՝ երկուսի միջեւ։
14 Այդ պսակը պիտի լինի նրանց համար, ովքեր ապաւինում են նրան, արժանի են նրան,ովքեր ճանաչում են այն,նաեւ Սոփոնիայի որդու շնորհների համար եւ Տիրոջ տաճարի երգերի համար։
15 Եւ նրանք, ովքեր հեռու են, պիտի գան ու շինեն Տիրոջ տաճարը, եւ դուք պիտի իմանաք, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ ձեզ մօտ։ Այս բանը պիտի կատարուի, եթէ դուք ջանադիր ականջ դնէք ձեր Տէր Աստծու ձայնին։