ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 2

1 Եթէ մէկը անարիւն զոհ է մատուցում Տիրոջը, նրա մատուցածը ընտիր ալիւր թող լինի։ Դրա վրայ թող իւղ լցնի ու կնդրուկ դնի։ Դա անարիւն զոհաբերութիւնն է։
2 Այն թող տանի քահանաների՝ Ահարոնի որդիների մօտ, քահանան թող վերցնի իւղած ընտիր ալիւրից մի բուռ ու բերուած ամբողջ կնդրուկը եւ դրանք իբրեւ յիշատակ դնի զոհասեղանի վրայ։ Դա Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ է։
3 Այդ զոհաբերութիւնից մնացածը պէտք է պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցուող ամենասուրբ զոհաբերութիւններից է։
4 Եթէ մէկը որպէս անարիւն զոհ է մատուցում թոնրի մէջ եփուածը, ապա Տիրոջը որպէս զոհ թող մատուցի իւղած ընտիր ալիւրից պատրաստուած բաղարջ կարկանդակ եւ իւղած բաղարջ հաց։
5 Եթէ քո զոհաբերածը տապակի մէջ եփուած բան է, ապա իւղած ընտիր ալիւրի բաղարջ թող լինի։
6 Դա մաս-մաս կ՚անես, դրանց վրայ իւղ կը լցնես, որովհետեւ դա Տիրոջը մատուցուող զոհաբերութիւն է։
7 Եթէ քո մատուցած անարիւն զոհաբերութիւնը կասկարայի վրայ է եփուած, ապա ընտիր ալիւրը պէտք է իւղած լինի։
8 Այսպէս պատրաստուած եւ Տիրոջը մատուցուող նուիրաբերութիւնը կը տանես քահանայի մօտ։ Քահանան զոհասեղանին մօտենալով՝
9 մի կտոր թող կտրի Աստծուն իբրեւ յիշատակ նուիրաբերուող զոհից եւ այն դնի զոհասեղանին։ Դա Տիրոջը մատուցուող անուշահոտ նուիրաբերութիւն է։
10 Ինչ որ մնայ այդ նուիրաբերութիւնից, թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա ամենասուրբ զոհաբերութիւններից է։
11 Տիրոջը մատուցուող բոլոր անարիւն զոհաբերութիւնները առանց թթխմորի կը պատրաստէք։ Թթխմորով ու մեղրով պատրաստուած որեւէ ընծայաբերում Տիրոջը չմատուցէք։
12 Այն կը մատուցէք Տիրոջը իբրեւ երախայրիքի ընծայաբերում, բայց զոհասեղանի վրայ այն չայրէք, ինչպէս որ այրում էք Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհը։
13 Ձեր ամէն մի զոհաբերութիւնը Տիրոջը թող աղով աղուի. ձեր զոհաբերութիւններից չպակասեցնէք Աստծու ուխտի աղը. բոլոր զոհաբերութիւնների ժամանակ ա՛ղ մատուցեցէք։
14 Եթէ Տիրոջը զոհաբերութիւն պիտի անես նոր բերքից, ապա դա թող լինի մաքրած, բոված ու խոշոր աղացած ցորենը։
15 Դրա վրայ իւղ կը լցնես ու կնդրուկ կը դնես։ Դա զոհաբերութիւն է։
16 Քահանան թող վերցնի ցորենի եւ իւղի մի մասը որպէս յիշատակի բաժին, ինչպէս նաեւ ամբողջ կնդրուկը. դա Տիրոջն ընծայաբերուող զոհաբերութիւն է։