ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 26

1 Ես եմ ձեր Տէր Աստուածը։Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակուած կուռքեր մի՛ ստեղծէք, ձեզ համար արձան մի՛ կանգնեցրէք եւ ձեր երկրում քարակոթող մի՛ դնէք դրան երկրպագելու համար։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
2 Իմ շաբաթ օրերը պիտի պահէք եւ իմ սրբարաններից երկիւղածութիւն պիտի զգաք, քանզի ես եմ Տէրը։
3 Եթէ ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատուիրանները պահպանէք ու կատարէք դրանք, ապա անձրեւ կ՚ուղարկեմ ձեզ իր ժամանակին։
4 Հողն իր բերքը կը տայ, իսկ դաշտերի ծառերը կը տան իրենց պտուղները։
5 Ձեր կալերում աշխատանքը կը տեւի մինչեւ այգեկութ, իսկ ձեր այգեկութները կը տեւեն մինչեւ նոր ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ հաց կ՚ուտէք եւ ձեր երկրում անհոգ կ՚ապրէք։
6 Ձեր երկրին խաղաղութիւն կը պարգեւեմ, եւ ձեր երկրում պատերազմ չի լինի։ Կը քնէք, եւ չի լինի մէկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կը վերացնեմ չարիք պատճառող գազաններին։
7 Դուք հալածական կ՚անէք ձեր թշնամիներին, եւ նրանք սպանուած կ՚ընկնեն ձեր առաջ։
8 Ձեր հինգ հոգին հալածական կ՚անի հարիւր հոգու, իսկ ձեր հարիւրը՝ բիւրաւորների, ձեր թշնամիները սրի հարուածներից կ՚ընկնեն ձեր առաջ։
9 Ես բարի աչքով կը նայեմ ձեզ, կ՚աճեցնեմ ու կը բազմացնեմ ձեզ եւ կը կատարեմ ձեզ տուած իմ խոստումը։
10 Այնքան բերք կը ստանաք, որ նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը կը բաւարարի ձեզ, բայց հին բերքը շտեմարանից միշտ պիտի հանէք նոր բերքով լցնելու համար։
11 Ես իմ ուխտատեղին պիտի հաստատեմ ձեր մէջ, եւ ես ձեզնից չեմ խորշելու։
12 Ես պիտի քայլեմ ձեր մէջ եւ պիտի լինեմ ձեր Աստուածը, իսկ դուք պիտի լինէք իմ ժողովուրդը։
13 Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, երբ դեռ ստրուկ էիք, քանդեց ձեր ստրկական լծի կապանքները եւ ձեզ համարձակ այստեղ բերեց։
14 Բայց եթէ չլսէք ինձ եւ չկատարէք իմ այս բոլոր հրամանները,
15 արհամարհէք դրանք, իմ կարգադրութիւններից ձանձրանալով չկատարէք իմ պատուիրանները, վերացնէք իմ հաստատած ուխտը,
16 ապա ես նոյնը կ՚անեմ ձեր նկատմամբ. տագնապալից տառապանքների կը մատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կը հիւանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լոյսը, եւ դուք հալումաշ լինէք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանէք ձեր սերմերը, եւ ձեր արտերի բերքը ձեր հակառակորդները պիտի ուտեն։
17 Ես իմ զայրացած հայեացքը ձեզ վրայ պիտի յառեմ, եւ դուք պիտի ընկնէք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ հալածական պիտի անեն, եւ դուք փախստական պիտի լինէք, եթէ անգամ որեւէ մէկը չհալածի ձեզ։
18 Եթէ նման պատիժներից յետոյ էլ ինձ չլսէք, ձեր գործած մեղքերի համար եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ։
19 Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտաւան պարծենկոտութիւնը, երկինքը ձեզ վրայ երկաթի պէս ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պէս կարծր։
20 Ձեր զօրութիւնը ի չիք պիտի դառնայ, հողը ձեր ցանած սերմի չափով իսկ բերք պիտի չտայ, ոչ էլ երկրի ծառերը պտուղ պիտի տան։
21 Իսկ եթէ դուք շարունակէք շեղուել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։
22 Ձեզ վրայ պիտի ուղարկեմ երկրի վայրի գազաններ, նրանք պիտի լափեն ձեզ ու պիտի յօշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիւը, եւ ձեր ճանապարհները ամայի պիտի դառնան։
23 Իսկ եթէ դրանից յետոյ էլ չխրատուէք ու հակառակուէք ինձ,
24 ես դարձեալ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։
25 Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ լուծելու համար իմ ուխտի վրէժը։ Եւ եթէ ամրանաք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, եւ դուք պիտի մատնուէք թշնամիների ձեռքը։
26 Երբ ձեզ նեղեմ հացի պակասութեամբ, տասը կին ձեզ հաց պիտի եփեն մէկ թոնրի մէջ եւ ձեզ հաց պիտի բաժանեն հաշուած կշռով։ Պիտի ուտէք ու չպիտի կշտանաք։
27 Եթէ դրանից յետոյ էլ ինձ չանսաք ու հակառակ գնաք ինձ,
28 ես էլ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։
29 Դուք պիտի ուտէք ձեր տղաների ու ձեր աղջիկների միսը։
30 Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտեայ ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրայ, եւ իմ հոգին պիտի խորշի ձեզնից։
31 Ձեր քաղաքները աւերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր սրբարանները եւ ձեր զոհաբերութիւնների անուշ բոյրը այլեւս չպիտի հոտոտեմ։
32 Պիտի աւերեմ ձեր երկիրը, եւ նրա մէջ ապրող ձեր թշնամիները պիտի զարմանան դրա վրայ։
33 Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մէջ, եւ ձեզ վրայ իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրը աւերակ պիտի դառնայ, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։
34 Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի իր հանգստեան օրերը,
35 իսկ դուք պիտի լինէք ձեր թշնամիների երկրում՝ օտար երկրում։ Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի իր հանգստեան օրերը, պիտի հանգստանայ այն շաբաթ օրերի փոխարէն, որ չհանգստացաւ ձեր այնտեղ բնակուելու ժամանակ։
36 Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերեւների սօսափիւնից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպէս փախչում են ռազմի դաշտից, եւ պիտի ընկնեն առանց որեւէ մէկից հալածուած լինելու։
37 Եղբայրը պիտի լքի իր եղբօրը, ինչպէս ռազմի դաշտում, առանց որեւէ մէկից հետապնդուած լինելու։ Դուք չպիտի կարողանաք դիմադրել ձեր թշնամիներին։
38 Դուք պիտի կորչէք ժողովուրդների մէջ, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ կուլ պիտի տայ։
39 Ձեզնից վերապրածները իրենց գործած մեղքերի համար պիտի կոտորուեն իրենց թշնամիների երկրում եւ իրենց հայրերի մեղքերի համար նրանց հետ միասին հալումաշ պիտի լինեն։
40 Այդ ժամանակ է, որ նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, պիտի համոզուեն, որ յանցանք են գործել եւ արհամարհել են ինձ.
41 նրանք հակառակուեցին ինձ, ես էլ նրանց հակառակուեցի բարկութեամբ եւ ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։ Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, եւ իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրութիւնը։
42 Ես պիտի յիշեմ Յակոբին, Իսահակին եւ Աբրահամին տուած իմ խոստումը, պիտի յիշեմ նաեւ այն երկիրը,
43 որը լքուելով նրանց կողմից, պիտի վայելի իր հանգստեան օրերը, քանի որ այն աւերակ էր դարձել իր բնակիչների պատճառով։ Նրանք պիտի պատժուեն իրենց կատարած անօրէնութիւնների համար, այն բանի փոխարէն, որ արհամարհեցին իմ պատուիրանները, եւ իմ հրամանները նրանց համար տաղտկալի դարձան։
44 Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի եւ ոչ էլ զզուեցի նրանցից նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, որպէսզի չոչնչացնեմ նրանց, քանզի ես եմ նրանց Տէր Աստուածը։
45 Ես պիտի յիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, երբ բոլոր հեթանոս ժողովուրդների աչքի առաջ նրանց հանում էի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան բնակավայրից, որպէսզի լինեմ նրանց Աստուածը, քանզի ես եմ Տէրը։ Սրանք են այն պատգամները, հրամաններն ու օրէնքները, որ Տէրը Սինա լերան վրայ Մովսէսի միջոցով հաստատեց իր եւ Իսրայէլի որդիների միջեւ։