ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 27

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. Եթէ մէկը ուխտ անի Տիրոջը նուէր մատուցելու մի անձի արժէքի չափով, գները հետեւեալը թող լինեն. տղամարդու դէպքում՝
3 քսան տարեկանից մինչեւ վաթսուն տարեկանը՝ սրբարանում գտնուող կշեռքով կշռուած յիսուն երկդրամեան արծաթ։
4 Կնոջ դէպքում՝ երեսուն երկդրամեան։
5 Հինգ տարեկանից մինչեւ քսան տարեկան մանչ զաւակի դէպքում՝ քսան երկդրամեան, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ տասը երկդրամեան։
6 Մէկ ամսականից մինչեւ հինգ տարեկան մանչ զաւակի դէպքում՝ հինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ երեք երկդրամեան արծաթ։
7 Եթէ վաթսուն տարեկանից բարձր է տղամարդը, նրա գինն է տասնհինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի կնոջը՝ տասը երկդրամեան։
8 Եթէ որեւէ մէկը աղքատ լինի եւ ի վիճակի չլինի վճարելու այդ գինը, նա պէտք է կանգնի քահանայի առաջ, եւ քահանան նրա համար գին պիտի նշանակի։ Ինչ կարողութիւն որ ունի ուխտ անողը, ըստ այդմ էլ նրա համար գին թող նշանակի քահանան։
9 Եթէ մէկը Տիրոջը ուխտ անի զոհուելու սահմանուած անասուններից զոհ մատուցելու, ինչ էլ որ լինի դա, Տիրոջ համար ընդունելի է։
10 Միայն թէ լաւը վատի տեղ չպիտի մատուցի, ոչ էլ վատը՝ լաւի։ Եթէ իր ուխտած կենդանու փոխարէն մի այլ կենդանի բերի, ապա ուխտած կենդանու նման թող սուրբ համարուի նաեւ դրա փոխարէն բերուածը։
11 Եթէ ուխտած կենդանին զոհաբերութեան ենթակայ անասուններից չէ, որոնք չի կարելի Տիրոջը զոհ մատուցել, այդ կենդանին թող կանգնեցուի քահանայի առաջ,
12 քահանան, ըստ լաւի ու վատի, թող գին սահմանի. ըստ քահանայի սահմանած արժէքի պէտք է գնահատուի այդ կենդանին։
13 Եթէ ուխտ անողը ցանկանայ վճարել իր ուխտած կենդանու արժէքը, ապա դրա վրայ պէտք է աւելացնի նաեւ որոշուած արժէքի մէկ հինգերորդ մասը։
14 Եթէ մէկը ցանկանայ իր տունը նուիրել Տիրոջը, քահանան թող գին սահմանի՝ նկատի ունենալով տան լաւ կամ վատ վիճակը. ըստ քահանայի սահմանած արժէքի թող գնահատուի այդ տունը։
15 Իսկ եթէ նուիրաբերողը ցանկանայ յետ գնել իր տունը, ապա տան արժէքի վրայ թող աւելացնի դրա մէկ հինգերորդ մասը, եւ տունը կը լինի իրենը։
16 Եթէ մէկն իր կալուածքը հանդիսացող ագարակն է ուխտում նուիրել Տիրոջը, ապա դրա արժէքը թող լինի ըստ դրա վրայ ցանուած սերմի։ Եթէ սերմը մէկ քոռ է, ուրեմն թող վճարի յիսուն երկդրամեան արծաթ։
17 Եթէ ագարակը նուիրաբերի ազատագրման տարուայ սկզբին, նրա ամբողջ արժէքը պէտք է հաշուուի։
18 Իսկ եթէ իր հանդը նուիրաբերում է ազատագրման տարուց յետոյ, ապա քահանան պէտք է հաշուի մինչեւ ազատագրման տարին ընկած տարիների համար վճարելիք դրամը եւ դրա համեմատ այն հանի ագարակի արժէքից։
19 Եթէ ագարակը նուիրողը ցանկանայ այն յետ գնել, դրա գնի վրայ թող աւելացնի գնահատուածի մէկ հինգերորդ չափով արծաթ, որից յետոյ ագարակը կը լինի իրենը։
20 Իսկ եթէ նուիրաբերողը չցանկանայ յետ գնել իր ագարակը, այլ վաճառի մի ուրիշ մարդու, ապա այն յետ գնելու իրաւունք չունի,
21 բայց վաճառուած ագարակը ազատագրման տարում սրբագործուած նուիրաբերում թող լինի Տիրոջը։ Դա քահանային պատկանող սեփականութիւն է։
22 Եթէ նա Տիրոջը նուիրաբերի իր կալուածքը չհանդիսացող, այլ դրամով գնած ագարակ,
23 քահանան պիտի հաշուի մինչեւ ազատագրման տարին մնացած տարիները, եւ յետ գնել ցանկացողը այդ օրը Տիրոջը պիտի վճարի որոշուած արժէքը։
24 Ազատագրման տարում կալուածքի նախկին տէրը այն յետ պիտի ստանայ։
25 Բոլոր գները պիտի սահմանուեն ըստ սրբազան կշեռքների. մէկ երկդրամեանը քսան դանգ թող լինի։
26 Քո անասունների բոլոր առաջին ծնունդները Տիրոջն են պատկանում։ Այն ոչ ոք չի կարող նուիրաբերել, քանի որ, լինի դա արջառ թէ ոչխար, պատկանում է Տիրոջը։
27 Եթէ անմաքուր չորքոտանի նուիրաբերի, դրա արժէքի վրայ պէտք է աւելացնի մէկ հինգերորդը, որից յետոյ այն կարող է պատկանել իրեն։ Իսկ եթէ յետ չգնի, ապա թող վաճառի իր արժէքով։
28 Ով որ իր ունեցածից որեւէ բան է նուիրաբերում Տիրոջը՝ մարդուց սկսած մինչեւ անասուն, ագարակից սկսած մինչեւ սեփական կալուածք, իրաւունք չունի այն ուրիշին վաճառելու կամ յետ գնելու։ Նման բոլոր նուիրաբերումները սրբութիւն սրբոց են Տիրոջ համար։
29 Իւրաքանչիւր մարդ, որը, որպէս ուխտ, Տիրոջն է նուիրաբերւում, չի կարող յետ գնուել, այլապէս նա մահուան կը դատապարտուի։
30 Հողի բերքի, ծառերի պտուղների մէկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում։ Դրանք Տիրոջն են նուիրաբերւում։
31 Եթէ մէկը ցանկանայ յետ գնել իր տասանորդը, նա պէտք է դրա վրայ աւելացնի դրա արժէքի մէկ հինգերորդ մասը, որից յետոյ տասանորդը կը լինի իրենը։
32 Տասը արջառից ու ոչխարից մէկը, ինչպէս եւ հովուի գաւազանի տակով անցնող տասը անասունից մէկը պատկանում են Տիրոջը։
33 Խտրութիւն թող չլինի լաւի ու վատի միջեւ, եւ լաւը վատով չփոխարինես։ Իսկ եթէ այնուամենայնիւ փոխարինես, ե՛ւ նա, ե՛ւ փոխարինուողը պէտք է նուիրաբերես եւ իրաւունք չպիտի ունենաս դրանք յետ գնելու։
34 Սրանք են այն պատուիրանները, որ Տէրը Սինա լերան վրայ Մովսէսի միջոցով հաղորդեց իսրայէլացիներին։