ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 21

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. Խօսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ եւ նրանց ասա՛. Թող նրանք անմաքուր չհամարուեն իրենց ազգականի, բարեկամի կամ իրենց հարեւանի դիակներին դիպչելով՝
2 բացառութեամբ երբ կը դիպչեն հօր կամ մօր, որդու կամ աղջկայ, եղբօր կամ քրոջ, չամուսնացած եւ իրենց մօտ ապրող քրոջ դիակներին։ Եթէ սրանց դիպչեն, անմաքուր կը համարուեն։
3 Քահանան գլխաւոր դէմք լինելով՝ թող անմաքուր չլինի չթոյլատրուող դիակի դիպչելով։
4 Քահանաները ի նշան սգի իրենց գլուխը թող չածիլեն, մօրուքների ծայրերը չկտրեն եւ իրենց մարմնի վրայ դաջուածքներ չանեն։
5 Թող սուրբ լինեն իրենց Աստծու առաջ եւ չարատաւորեն իրենց Աստծու անունը, որովհետեւ իրենք՝ քահանաներն են, որ զոհ են մատուցում իրենց Տէր Աստծուն։ Նրանք սուրբ պէտք է լինեն։
6 Քահանաները պոռնիկ կամ պղծուած կին չպէտք է առնեն։ Չպէտք է առնեն նաեւ ամուսնուց բաժանուած կին, որովհետեւ քահանան սուրբ պէտք է լինի իր Տէր Աստծու համար եւ պիտի մաքրի իրեն։
7 Սրբագործուած քահանան է, որ պիտի մատուցի ձեր Տէր Աստծու պատարագը։ Նա սուրբ պէտք է լինի, քանզի ես՝ Տէրս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ։
8 Եթէ քահանայի դուստրը պոռնկութեամբ պղծուի, նա արատաւորած կը լինի իր հօր անունը. նա պէտք է հրով այրուի։
9 Գլխին օծութեան իւղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած եւ իր եղբայրների մէջ աւագ եղող քահանան ի նշան սգոյ գլխարկը թող չհանի, իր հագուստները չպատառոտի,
10 վախճանուած մարդուն չդիպչի, - եթէ նոյնիսկ դա իր հայրը կամ մայրն է, - եւ իրեն չպղծի։
11 Յուղարկաւորութեանը մասնակցելու համար սրբարաններից թող դուրս չգայ, որպէսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետեւ նա իր վրայ կրում է Աստծու օծութեան սուրբ իւղը։ Այո՛, ես եմ Տէրը։
12 Աւագ քահանան իր ժողովրդի միջից կոյս աղջիկ պիտի առնի։
13 Այրի, ամուսնալուծուած կամ պոռնիկ կին չպիտի առնի, այլ իր ժողովրդի միջից մի կոյս աղջիկ պիտի առնի որպէս կին։
14 Նա իր սերմը չպիտի պղծի իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Տէրը, որ սրբագործում եմ նրան։
15 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց ասաց.
16 Խօսի՛ր Ահարոնի հետ եւ նրան ասա՛. Եթէ քո գալիք սերունդներից որեւէ մէկը մարմնական արատ ունենայ, ուրեմն իր Աստծուն նա թող պատարագ չմատուցի։
17 Արատ ունեցող որեւէ մարդ, լինի նա կաղ կամ կոյր, կարճ քթով կամ ականջատ,
18 ձեռքը կամ ոտքը կոտրած,
19 կուզ կամ շիլ, աչքը վնասուած, քոս, քաղցկեղ կամ մէկ ամորձիք ունեցող,
20 մի խօսքով՝ Ահարոն քահանայի սերնդի մէջ մարմնական արատ ունեցող որեւէ մարդ թող չմօտենայ քո Աստծուն զոհ մատուցելու, որովհետեւ նա մարմնական արատ ունի։ Աստծուն զոհ մատուցելու համար նա չպէտք է մօտենայ զոհասեղանին, որովհետեւ Աստծու ընծաները սրբութիւն սրբոց են։
21 Այդ սրբութիւններից նա կարող է ուտել,
22 բայց վարագոյրին թող չմօտենայ եւ զոհասեղանին չդիպչի, որովհետեւ նա մարմնական արատ ունի։ Իր Աստծու սրբարանը նա չպէտք է պղծի, քանզի ես եմ Տէրը, որ սրբագործում եմ քահանաներին։
23 Մովսէսը Ահարոնին, նրա որդիներին ու բոլոր իսրայէլացիներին հաղորդեց Աստծու այս պատգամները։