ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 24

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 Իսրայէլի որդիներին պատուիրի՛ր, որ լուսաւորութեան համար ձիթապտղի նոր ճզմած մաքուր ձիթաիւղ բերեն քեզ,
3 որպէսզի կանթեղը միշտ վառ մնայ վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դրսի կողմը։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ այն տեւապէս թող վառ պահեն Տիրոջ առաջ։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեզ համար ձեր սերունդների մէջ։
4 Տիրոջ առաջ, սուրբ աշտանակի վրայ մինչեւ առաւօտ վա՛ռ պահեցէք կանթեղները։
5 Կը վերցնէք ընտիր ալիւր եւ դրանից տասներկու բաղարջ կարկանդակ կը պատրաստէք։ Ամէն մի կարկանդակի քաշը երկու տասներորդական հիմէն թող լինի։
6 Տիրոջ առաջ, սուրբ սեղանի վրայ դրանք կը դնէք երկու շարքով. ամէն մի շարքի վրայ՝ վեց կարկանդակ։
7 Իւրաքանչիւր շարքի վրայ կը դնես մաքուր կնդրուկ եւ աղ։ Դրանք Տիրոջն ընծայաբերուող հացեր են ի յիշատակ Իսրայէլի տասներկու ցեղերի։
8 Իբրեւ իսրայէլացիների կողմից յաւիտենական ուխտ, իւրաքանչիւր շաբաթ այդ տասներկու հացերը միշտ Տիրոջ առաջ կը դնէք։
9 Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին։ Նրանք թող այդ հացերը ուտեն մի սուրբ տեղում, քանի որ դա Տիրոջն ընծայաբերուող նուէրների մէջ ամենասուրբն է։ Դա յաւիտենական օրէնք է։
10 Իսրայէլացիների մէջ մի մարդ էր ապրում, որը որդին էր եգիպտացի մի տղամարդու, բայց մայրը իսրայէլացի էր։ Բանակատեղիում կռիւ արեցին իսրայէլացի կնոջից ծնուած այս մարդն ու մի ուրիշ իսրայէլացի։
11 Իսրայէլացի կնոջ որդին տուեց Տիրոջ անունը եւ հայհոյեց։ Նրան բերեցին Մովսէսի մօտ։ Նրա մօր անունը Սալամիթ էր։ Նա Դանի ցեղից Դաբրիի դուստրն էր։
12 Այդ մարդուն հսկողութեան տակ պահեցին, որպէսզի Աստծու հրամանով դատեն նրան։
13 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
14 Հայհոյող այդ մարդուն հանեցէ՛ք բանակատեղիից դուրս, եւ նրանք, ովքեր լսել են նրա հայհոյանքը, որպէս վկայ թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, եւ ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։
15 Կը խօսես Իսրայէլի որդիների հետ եւ նրանց կ՚ասես. Ով որ կը հայհոյի Աստծուն, իր մեղքի պատիժը կը կրի։
16 Ով որ կը հայհոյի Տիրոջ անուան, թող մահապատժի ենթարկուի։ Ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Աստծուն հայհոյողը, օտարական լինի նա թէ տեղաբնակ, մահապատժի թող ենթարկուի։
17 Եթէ որեւէ մէկը մարդ ծեծի, եւ սա մեռնի, ծեծողը մահապատժի թող ենթարկուի։
18 Ով անասուն կը սպանի, անասունի տիրոջը նոյնպիսի անասունով թող հատուցի։
19 Եթէ որեւէ մէկը խեղանդամ դարձնի իր մերձաւորին, ինչ որ արել է, նոյնն էլ թող անեն իրեն։
20 Ջարդուածքի դիմաց՝ ջարդուածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ խեղուածք որ մէկը միւսին պատճառի, նոյնով թող պատժուի։
21 Եթէ մարդ է ծեծել, եւ սա մահացել է, ծեծողը մահապատժի թող ենթարկուի։
22 Միեւնոյն օրէնքը թող կիրառուի ե՛ւ օտարականի, ե՛ւ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
23 Մովսէսը խօսեց իսրայէլացիների հետ, եւ բանակատեղիից դուրս հանեցին այն մարդուն, որ հայհոյել էր։ Ամբողջ ժողովուրդը քարկոծեց նրան։ Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։