ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 13

1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
2 Եթէ որեւէ մէկի մարմնի մաշկի վրայ սպի, պալար, բշտիկ եւ կամ բորոտութեան ախտանշան երեւայ, թող դիմի Ահարոն քահանային կամ նրա քահանայ որդիներից մէկին։
3 Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վէրքը։ Եթէ վէրքի շուրջն եղած մազերն սպիտակել են, եւ վէրքն աւելի խորն է երեւում քան մաշկը, ուրեմն դա բորոտութեան ախտանշան է։ Քահանան պէտք է զննի եւ նրան անմաքուր համարի։
4 Եթէ նրա մարմնի մաշկի վրայի վէրքը մաշկից սպիտակ է եւ նրանից խորը չի երեւում, ու մազի գույնն էլ սպիտակ չէ, այլ մուգ գույն ունի, ապա քահանան ախտակրին եօթն օր պէտք է մեկուսացնի։
5 Քահանան եօթներորդ օրը պէտք է զննի նրան, եւ եթէ վէրքը նոյն վիճակում է մնացել, մաշկի վրայ չի տարածուել, ապա քահանան նրան պէտք է մեկուսացնի եւս եօթը օր։
6 Քահանան եօթներորդ օրը պէտք է մի անգամ եւս զննի, եւ երբ տեսնի, որ վէրքը մգացել է, մաշկի գոյնը չի փոխուել, նրան պէտք է մաքուր համարի, որովհետեւ դա քոսի նշան է։ Նա թող լուանայ իր զգեստները եւ համարուի մաքուր։
7 Իսկ եթէ քահանայի զննելուց եւ մաքուր համարելուց յետոյ վէրքը տարածուի մաշկի վրայ, նա պէտք է վերստին դիմի քահանային, եւ սա եթէ նկատի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ,
8 նրան պէտք է անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութեան ախտանշան է։
9 Ուրեմն, եթէ մարդը բորոտութեան վէրք ունենայ, ապա պէտք է գայ Ահարոն քահանայի մօտ։
10 Քահանան պէտք է զննի։ Եթէ մաշկի վրայ սպիտակ պալար կայ, դրա շուրջն եղած մազն սպիտակել է, բայց պալարի մէջ առողջ ու կենդանի միս կայ,
11 ուրեմն բորոտութիւնը հնացել է նրա մարմնի մաշկի վրայ։ Քահանան պէտք է անմաքուր համարի եւ մեկուսացնի նրան, որովհետեւ նա անմաքուր է։
12 Եթէ բորոտութիւնը գնալով տարածուի նրա մաշկի վրայ, բորոտութիւնը ծածկի մարմնի ամբողջ մաշկը՝ գլխից մինչեւ ոտքերը, եւ քահանան նկատի դա,
13 տեսնի, որ բորոտութիւնը տարածուել է մարմնի ամբողջ մաշկի վրայ, ապա մաքուր թող համարի հիւանդին, որովհետեւ նրա մարմինն ամբողջութեամբ սպիտակել է։ Եւ նա մաքուր է։
14 Այն օրը, երբ այդ մարդու մաշկի վրայ գործող վէրք նկատուի, նա թող անմաքուր համարուի։
15 Քահանան տեսնելով մաշկի վրայ գործող վէրքը՝ թող նրա ամբողջ մարմինը անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութիւն է։
16 Եթէ մաշկի առողջ մասը դարձեալ փոփոխութեան ենթարկուի եւ սպիտակի,
17 հիւանդը պէտք է գայ քահանայի մօտ, եւ քահանան պէտք է զննի նրան։ Եթէ նրա վէրքը սպիտակել է, քահանան թող հիւանդին մաքուր յայտարարի, որովհետեւ նա մաքուր է։
18 Եթէ մարդ իր մարմնի մաշկի վրայ խոց ունենայ, եւ դա լաւանայ,
19 բայց խոցի տեղում սպիտակ-փայլուն, լուսնասպիտակ կամ կարմրաւուն հետք առաջանայ, ապա նա պէտք է դիմի քահանային։
20 Քահանան պէտք է զննի նրան։ Եթէ վէրքն աւելի խորն է երեւում, քան մաշկը, իսկ վէրքի շուրջն եղած մազերն էլ սպիտակել են, ապա քահանան նրան թող անմաքուր համարի։ Դա լուսնասպիտակ կամ կարմրաւուն հետքով բորոտութիւն է բորբոքուած խոցով։
21 Եթէ քահանան նկատի, որ վէրքի շուրջն եղած մազերը սպիտակ չեն, այլ՝ մուգ, եւ վէրքն էլ մաշկից խորը չէ, ապա քահանան հիւանդին եօթն օր թող մեկուսացնի։
22 Իսկ եթէ խոցը տարածուի մաշկի վրայ, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա վէրքից առաջացած բորոտութիւն է։
23 Իսկ եթէ փայլ ունեցող վէրքը տեղում մնայ՝ չտարածուի, ապա դա սպի է. քահանան նրան թող մաքուր համարի։
24 Եթէ մարմնի մաշկը կրակով այրուած լինի, նրա մաշկն այրուածքից ապաքինուի, իսկ այրուածքի տեղում փայլուն, սպիտակ, կարմրաւուն կամ լուսնասպիտակ բշտիկ առաջանայ,
25 եւ քահանան տեսնի այն ու նկատի, որ մազն սպիտակ՝ փայլուն է դարձել, բշտիկի տեղն աւելի խորն է, քան մաշկը, ուրեմն դա այրուածքից առաջացած բորոտութիւն է։ Քահանան հիւանդին թող անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութեան հիւանդութիւն է։
26 Իսկ եթէ քահանան տեսնի, որ դրա վրայ որեւէ փայլուն հետք կամ սպիտակ մազ չկայ, եւ բշտիկի տեղը մաշկից խորը չէ, գոյնը մուգ է, ապա քահանան նրան եօթը օր թող մեկուսացնի։
27 Եօթներորդ օրը քահանան թող զննի նրան. եթէ տեսնի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ, ուրեմն նրան թող անմաքուր համարի, որովհետեւ դա վէրքից առաջացած բորոտութիւն է։
28 Եւ եթէ վէրքը նոյն տեղում մնայ՝ չտարածուի մաշկի վրայ, եւ գոյնն էլ մուգ լինի, ուրեմն դա այրուածքի սպի է։ Քահանան մաքուր թող համարի նրան, որովհետեւ դա այրուածքի հետք է միայն։
29 Եթէ տղամարդու կամ կնոջ գլխի կամ կզակի վրայ բորոտութեան վէրք լինի, եւ քահանան զննի այն ու նկատի,
30 որ վէրքի տեղն աւելի խորն է, քան մաշկը, դրա վրայի մազը վերածուել է խարտեաշ աղուամազի, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա գոնջութիւն է՝ գլխի կամ կզակի բորոտութիւն։
31 Եթէ քահանան նկատի գոնջութեան նշանները, այն, որ վէրքի տեղն աւելի խորը չէ, քան մաշկը, եւ ոչ էլ մազն է խարտեաշ դարձել, ապա գոնջացածին թող մեկուսացնի եօթը օր։
32 Քահանան եօթներորդ օրը թող զննի գոնջութեան հետքերը եւ տեսնելով, որ այն չի տարածուել մաշկի վրայ, մազը խարտեաշ չի դարձրել, ոչ էլ վէրքի տեղն է աւելի խորը, քան մաշկը,
33 թող սափրի մաշկի առողջ մասի մազերը, իսկ հիւանդ մասի մազերը թող չսափրի։ Քահանան հիւանդին թող մեկուսացնի եւս եօթը օր։
34 Քահանան եօթներորդ օրը վէրքը թող զննի եւ տեսնելով, որ սափրելուց յետոյ վէրքը մաշկի վրայ չի տարածուել, եւ վէրքի տեղն էլ աւելի խորը չէ, քան մաշկը, ուրեմն նրան մաքուր թող համարի, իսկ այդ մարդն իր զգեստները լուանալով՝ մաքուր թող համարուի։
35 Բայց եթէ նրան սափրելուց յետոյ վէրքը տարածուի նրա մաշկի վրայ, եւ քահանան տեսնի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ,
36 նա խարտեաշ մազերի համար թող դարմանուած չհամարի այն, քանի որ հիւանդը անմաքուր է։
37 Եթէ վէրքը մաշկի վրայ չի տարածուել, իսկ դրա շուրջը թուխ մազ է բուսել, ուրեմն հիւանդութիւնն անցել է, հիւանդը մաքուր է։ Քահանան թող մաքուր համարի նրան։
38 Եթէ տղամարդու կամ կնոջ մարմնի մաշկի վրայ որեւէ փայլուն, լուսնասպիտակ պսպղուն ախտանշան լինի,
39 եւ քահանան զննելով տեսնի, որ մարմնի մաշկի վրայ փայլուն, լուսնասպիտակ պսպղուն ախտանշան կայ, ապա դա մարմնի մաշկի վրայ տարածուած թեփուկ է, ուրեմն այդ մարդը մաքուր է։
40 Եթէ որեւէ մէկի գլխի մազերը թափուեն, նա հերաթափ է լինում, բայց մաքուր է։
41 Իսկ եթէ նրա գլխի առջեւի մասի մազերը թափուեն, ուրեմն նա ճաղատ է, բայց մաքուր է։
42 Եթէ նրա հերաթափ կամ ճաղատ գլխի վրայ սպիտակ կամ կարմրաւուն վէրք լինի, ապա նրա հերաթափութեան կամ ճաղատութեան տակ բորոտութիւն է թաքնուած։
43 Երբ քահանան զննի այն եւ տեսնի, որ հիւանդի ճաղատութեան վէրքը մարմնի մաշկի բորոտութեան նման սպիտակ է կամ կարմրաւուն, ուրեմն մարդը բորոտ է։ Նա անմաքուր է։ Քահանան խիստ անմաքուր պէտք է համարի նրան, քանի որ ախտը հէնց նրա գլխի վրայ է։
44 Ով բորոտ է,
45 նա պէտք է պատռուած զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկուած, եւ նա անմաքուր պէտք է համարուի։
46 Քանի դեռ հիւանդութիւնը նրա վրայ է, նա անմաքուր պէտք է համարուի։ Նա անմաքուր է։ Նա պէտք է մեկուսացած մնայ, նրա բնակավայրը բանակատեղիից դուրս պէտք է լինի։
47 Եթէ զգեստի վրայ բորոտութեան ախտանշան կայ, լինի այն բրդէ կամ կտաւէ զգեստ,
48 լինի երկար գործուածք, թէ թեւքով, լինի կտաւից թէ բրդից գործուած, անմշակ կամ մշակուած կաշուից կարուած,
49 եթէ այդ ախտանշանը կանաչաւուն կամ կարմրաւուն լինի անմշակ կաշուէ զգեստի, երկար գործուածքի կամ թեւքով զգեստի, ամէն տեսակի աշխատուած կաշուի կամ իրի վրայ, ուրեմն դա բորոտութեան ախտանշան է։ Այդ զգեստը պէտք է ցոյց տրուի քահանային։
50 Քահանան պէտք է զննի ախտանշանը եւ ախտաւորուած զգեստը եօթն օր պէտք է մեկուսացնի։
51 Քահանան եօթներորդ օրը պէտք է զննի ախտահարուած զգեստը։ Եթէ ախտանշանը տարածուել է զգեստի, երկար, թեւքով, կտաւէ, բրդէ կամ անմշակ ու մշակուած կաշուից պատրաստուած զգեստների, ամէն տեսակ առարկաների վրայ, ուրեմն դա իսկական բորոտութիւն է։ Դա անմաքուր է։
52 Քահանան պէտք է վառի ախտահարուած այդ զգեստները, դրանք լինեն երկար թէ թեւքով, բրդից թէ կտաւից պատրաստուած զգեստներ կամ ամէն տեսակ կաշուէ առարկաներ։ Քանի որ դա իսկական բորոտութիւն է, ուրեմն կրակով պէտք է այրուի։
53 Եթէ քահանան տեսնի, որ վարակը չի տարածուած զգեստի վրայ, դա լինի երկար թէ թեւքով, լինի բրդից կամ կտաւից պատրաստուած զգեստ կամ ամէն տեսակ կաշուէ առարկայ,
54 թող նա հրամայի, որ լուանան ախտակիր զգեստը։ Այնուհետեւ քահանան ախտակիր զգեստը թող մեկուսացնի եւս եօթը օր։
55 Քահանան թող զննի լուացուած ախտակիր զգեստը։ Եթէ ախտանշանի տեսքը չի փոխուել, ուրեմն այն անմաքուր է, նոյնիսկ եթէ ախտը չի տարածուել։ Թող այն կրակով այրուի, քանզի ախտը բուն է դրել զգեստի՝ երկար կամ թեւքով հագուստի մէջ։
56 Իսկ եթէ քահանան տեսնի, որ ախտահարուածը լուացուելուց յետոյ մուգ գոյն է ստացել, ապա այդ մասը թող կտրի-անջատի զգեստից, կաշուէ առարկայից, երկար կամ թեւքով հագուստից։
57 Եթէ ախտանշանը նորից երեւայ երկար կամ թեւքով զգեստի, ամէն տեսակ կաշուէ առարկայի վրայ, ուրեմն դա սաստկացող բորոտութեան նշան է. ախտով վարակուածը կրակով թող այրուի, դա լինի երկար կամ թեւքով զգեստ,
58 կաշուից պատրաստուած ամէն տեսակ առարկայ։ Եթէ լուացուելուց յետոյ ախտանշանը դուրս գայ դրանից, թող մի անգամ եւս լուացուի, ապա մաքուր համարուի։
59 Ահա այս թող լինի բրդէ, կտաւէ հագուստի, երկար կամ թեւքով զգեստի կամ ամէն տեսակ կաշուէ առարկայի բորոտութեան մասին օրէնքը, որով այս կամ այն առարկան մաքուր կամ անմաքուր են համարում։