ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 10

1 Ահարոնի երկու որդիները՝ Նաբադն ու Աբիուդը, ամէն մէկը մի բուրվառ վերցնելով, դրանց մէջ կրակ դրեցին, դրա վրայ խունկ լցրին եւ Տիրոջ առաջ անմաքուր կրակ մատուցեցին, մի բան, որ Տէրը նրանց չէր պատուիրել։
2 Կրակ բխեց Տիրոջից, այրեց նրանց, եւ նրանք մեռան Տիրոջ առաջ։
3 Մովսէսն ասաց Ահարոնին. Ահա թէ ինչ ասաց Տէրը. Ինձ պաշտողների մէջ պիտի ցոյց տամ իմ սրբութիւնը եւ իմ ամբողջ ժողովրդի առաջ պիտի փառաւորուեմ։ Ահարոնը տխրեց։
4 Մովսէսը կանչեց Միսադայիին եւ Ելիսափանին՝ Ահարոնի հօրեղբայր Ոզիէլի որդիներին, եւ ասաց նրանց. Գնացէ՛ք եւ ձեր եղբայրների դիակները իրենց զգեստներով հանդերձ սուրբ վայրից ու բանակատեղիից դո՛ւրս հանեցէք։
5 Նրանք գնացին եւ բանակատեղիից դուրս հանեցին նրանց իրենց զգեստներով հանդերձ, ինչպէս Մովսէսն էր ասել։
6 Մովսէսն ասաց Ահարոնին ու նրա ողջ մնացած որդիներ Եղիազարին եւ Իթամարին. Ձեր գլխարկները չհանէք եւ ձեր հագուստները չպատառոտէք, որպէսզի չմեռնէք, եւ ժողովրդի վրայ Տիրոջ բարկութիւնը չիջնի։ Միայն ձեր եղբայրներն ու բոլոր իսրայէլացիները թող ողբան հրոյ ճարակ դարձածներին՝ նրանց, ովքեր այրուեցին Տիրոջ կողմից։
7 Եւ դուք վկայութեան խորանի դռնից դուրս չգաք, որպէսզի չմեռնէք, որովհետեւ Տիրոջ օծութեան իւղը դեռեւս ձեր վրայ է։ Եւ նրանք արեցին այնպէս, ինչպէս Մովսէսն էր ասել։
8 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
9 Երբ վկայութեան խորան մտնէք կամ երբ զոհասեղանին մօտենաք դու եւ քեզ հետ եղած որդիներդ, գինի կամ օղի չխմէք, որպէսզի չմեռնէք։ Դա յաւիտենական կարգ թող լինի ձեր սերնդի մէջ։
10 Լինելով սթափ, դուք կը կարողանաք տարբերել սուրբը պիղծից, մաքուրը անմաքուրից,
11 ի վիճակի կը լինէք իսրայէլացիներին սովորեցնելու այն բոլոր օրէնքները, որ Տէրը Մովսէսի միջոցով տուեց նրանց։
12 Մովսէսն ասաց Ահարոնին ու նրա ողջ մնացած որդիներին՝ Եղիազարին եւ Իթամարին. Տիրոջը մատուցուած անարիւն զոհից աւելացածն առէ՛ք եւ բաղարջ հաց պատրաստելով՝ կերէ՛ք զոհասեղանի առաջ, որովհետեւ դա սրբութիւնների սրբութիւն է։
13 Այն կ՚ուտէք մի սուրբ վայրում, որովհետեւ քեզ եւ քո որդիների համար օրէնք է, որ ուտէք Տիրոջը մատուցուած զոհերից։ Այդպէս է ինձ հրամայել Տէրը։
14 Զոհ մատուցուած անասունի կուրծքը եւ թեւը դու, քո որդիները եւ քո ընտանիքի անդամները քեզ հետ մի սուրբ վայրում պիտի ուտէք, որովհետեւ քեզ եւ քո որդիների համար սահմանուած կարգ է, որ դուք պէտք է ուտէք իսրայէլացիների մատուցած փրկութեան զոհից։
15 Զոհուած անասունի թեւը եւ կուրծքը, որ նուիրուելու են Աստծուն, ինչպէս նաեւ այրուելու ճարպը Տիրոջ առաջ թող նուէր մատուցեն։ Դա քեզ եւ քեզ հետ եղած քո որդիներին ու քո դուստրերին պիտի պատկանի յաւիտեանս սահմանուած օրէնքի համաձայն, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին։
16 Մովսէսը շատ փնտռեց մեղքերի քաւութեան համար զոհաբերուած նոխազը, բայց այն արդէն այրուած էր։ Մովսէսը բարկացաւ Եղիազարի ու Իթամարի՝ Ահարոնի ողջ մնացած որդիների վրայ
17 եւ ասաց. Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքերի քաւութեան համար արուած ողջակէզը։ Չէ՞ որ այն սրբութիւնների սրբութիւն է, այն տուել էի ձեզ, որ ուտէք, վերացնէք ժողովրդի մեղքերը եւ քաւութիւն տաք նրան Տիրոջ առաջ,
18 բայց զոհի արիւնից սրբարանից ներս չբերուեց։ Արդ, պէտք է ուտէք մի սուրբ վայրում, ինչպէս ինձ է հրամայուած։
19 Ահարոնը պատասխանեց Մովսէսին եւ ասաց. Այսօր, երբ մեղքերի քաւութեան համար զոհաբերութիւն արեցին եւ ողջակէզներ մատուցեցին Տիրոջ առաջ, եւ ինձ հետ տեղի ունեցան այս դժբախտ դէպքերը, որքան աւելի Տիրոջը հաճելի պիտի չլինէր, եթէ ես ուտէի մեղքերի քաւութեան համար սահմանուած զոհից։
20 Մովսէսը լսեց նրա ասածը եւ դա հաճելի թուաց նրան։