ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 17

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու բոլոր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. Տէրը այս բանը պատուիրեց ձեզ ու ասաց.
3 Իսրայէլացիներից որեւէ մէկը, եթէ բանակատեղիում արջառ, ոչխար կամ այծ կը մորթի եւ փրկութեան ողջակէզ անելու համար վկայութեան խորանի դուռը չի բերի այն իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ, նաեւ նա, որ դրսում կը մորթի
4 եւ Տիրոջ վկայութեան խորանի դիմաց Տիրոջը զոհ մատուցելու համար վկայութեան խորանի դուռը չի բերի, ապա այդ մարդը արիւնապարտ պիտի համարուի։ Նա պիտի սպանուի իր ժողովրդի կողմից որպէս արիւն թափող մարդ։
5 Եւ այս նրա համար, որ Իսրայէլի որդիները իրենց զոհելիք անասունները դաշտում մորթելու փոխարէն բերեն Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դուռը, քահանայի մօտ, եւ դրանք մորթեն այստեղ որպէս Տիրոջը մատուցուելիք փրկութեան զոհ։
6 Քահանան արիւնը թող թափի զոհասեղանի շուրջը, Տիրոջ դիմաց, վկայութեան խորանի դռանը, ճարպը թող այրի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։
7 Նրանք այլեւս իրենց զոհերը թող չզոհաբերեն կուռքերին, որոնց հաւատալով մարդիկ պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար յաւիտենական օրէնք թող լինի։
8 Նրանց կ՚ասես. Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից որեւէ մէկը եթէ ողջակէզ կամ զոհ է մատուցում
9 եւ դա Տիրոջը զոհելու համար վկայութեան խորանի դուռը չի բերում, այդ մարդը թող վերացուի իր ժողովրդի կողմից։
10 Եթէ Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից մէկը որեւէ կենդանու արիւն ուտի, ես իմ զայրացած հայեացքը կ՚ուղղեմ արիւն ուտող այդ մարդու վրայ եւ նրան կը վերացնեմ իր ժողովրդի միջից,
11 որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Այդ արիւնը ես եմ տուել ձեզ՝ զոհասեղանի վրայ քաւելու համար ձեր մեղքերը, որպէսզի նրա՛ արիւնով քաւուեն ձեր մեղքերը։
12 Դրա համար էլ Իսրայէլի որդիներին ասել եմ. Ձեզնից ոչ ոք արիւն թող չուտի։ Արիւն թող չուտի նաեւ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած մարդը։
13 Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած մէկը եթէ որեւէ երէ կամ ուտելի թռչուն որսայ, պէտք է թափի դրա արիւնն ու այն ծածկի հողով,
14 որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Ես Իսրայէլի որդիներին ասել եմ. Ոչ մի մարմնի արիւն չուտէք, որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Ով որ ուտի դա, կը վերանայ։
15 Ով մեռելոտի կամ գազանից յօշոտուած կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թէ եկուոր, պէտք է լուանայ իր զգեստները, լուայ իր մարմինը։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Միայն դրանից յետոյ նա մաքուր կը համարուի։
16 Իսկ եթէ նա իր զգեստները չլուանայ եւ իր մարմինը չլուայ ջրով, ապա իր կատարած անօրէնութիւնների համար պատասխանատու կը լինի։