ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 1

1 Տէրը կանչեց Մովսէսին, խօսեց նրա հետ վկայութեան խորանից՝ ասելով. Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց.
2 Եթէ ձեզնից որեւէ մէկը անասուններից զոհ է մատուցելու, ապա խոշոր կամ մանր եղջերաւոր անասուն թող մատուցի։
3 Եթէ նա արու արջառ է մատուցելու որպէս ողջակէզ, ապա այն թող լինի ոչ արատաւոր։ Վկայութեան խորանի դռան մօտ թող բերի այն, որպէսզի Տիրոջ համար ընդունելի լինի որպէս քաւութիւն նրան։
4 Նա իր ձեռքը թող դնի զոհուող անասունի գլխին, որպէսզի այն Տիրոջ համար ընդունելի լինի, իսկ իր անձի համար՝ քաւութիւն։
5 Զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ։ Քահանաները՝ Ահարոնի որդիները, արիւնը թող բերեն ու շաղ տան վկայութեան խորանի դռան մօտ գտնուող զոհասեղանի շուրջը։
6 Ողջակիզուելիք անասունը մորթազերծ անելուց յետոյ թող բաժանեն մասերի։
7 Քահանաները՝ Ահարոնի որդիները, զոհասեղանի վրայ կրակ թող վառեն եւ փայտ դիզեն կրակի վրայ։ Ահարոնի որդիները՝ քահանաները,
8 կտրտուած մասերը, գլուխն ու ճարպը թող դնեն զոհասեղանի կրակի համար դիզուած փայտի վրայ։
9 Փորոտիքն ու ոտքերը թող լուանան ջրով, քահանաներն այդ բոլորը թող դնեն զոհասեղանի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է։
10 Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուող մանր եղջերաւոր անասունը գառ կամ ուլ է, թող այն լինի արու եւ ոչ արատաւոր։
11 Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի նրա գլխին, այն թող մորթեն զոհասեղանի հիւսիսային կողմում, Տիրոջ առաջ, եւ Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան զոհասեղանի շուրջը։
12 Զոհը թող բաժանեն մասերի, նոյնպէս գլուխն ու ճարպը. քահանաները թող այն դնեն զոհասեղանի կրակի համար դիզուած փայտի վրայ,
13 իսկ փորոտիքն ու ոտքերը թող լուանան ջրով։ Թող քահանան այդ ամէնը բերի ու դնի զոհասեղանի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է։
14 Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուողը թռչուն է, ապա տատրակ կամ աղաւնի թող լինի զոհաբերուողը։
15 Քահանան այն թող բերի զոհասեղանի մօտ, պոկի գլուխը, թող դնի սեղանի վրայ եւ արիւնը շաղ տայ զոհասեղանի յատակին։
16 Թող հանի նաեւ քարճիկը եւ նրան կից մասերը նետի այնտեղ, ուր մոխիրն են թափում՝ զոհասեղանի մօտ։
17 Ապա թող ջարդի թեւերը, բայց երկու մասի թող չբաժանի։ Քահանան այն թող դնի զոհասեղանին, կրակի համար դիզուած փայտի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է։