ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 19

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. Սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։
3 Թող իւրաքանչիւրդ ակնածի իր հօրից ու իր մօրից։Պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը։
4 Մի՛ հետեւէք կուռքերին եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի՛ կերտէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
5 Եթէ ձեր փրկութեան համար Տիրոջը զոհ մատուցէք, ընդունելի՛ն մատուցեցէք։
6 Զոհը պէտք է ուտուի զոհամատուցման օրն ու յաջորդ օրը, եւ եթէ որեւէ բան մնայ երրորդ օրուան, այն կրակով պէտք է այրուի։
7 Իսկ եթէ մէկն ուտի երրորդ օրը, այն զոհամատուցում չի լինի եւ ընդունելի չի համարուի։
8 Ով երրորդ օրը ուտի այն, մեղք գործած կը լինի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է պղծած լինում։ Իրենց ժողովրդի միջից թող վերանան նրանք, ովքեր կ՚ուտեն այդ օրը։
9 Դուք՝ ձեր դաշտերի հնձուորներդ, հունձ անելիս ձեր դաշտերը մինչեւ վերջ մի՛ հնձէք եւ հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հաւաքէք։
10 Ձեր այգում ճռաքաղ մի՛ արէք, եւ ոչ էլ այգեկութից յետոյ ձեր այգում մնացած խաղողի ողկոյզները հաւաքէք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդխտին։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
11 Մի՛ գողացէք, մի՛ ստէք, ոչ մէկն իր ընկերոջը թող չզրպարտի։
12 Իմ անունով սուտ երդում մի՛ տուէք եւ ձեր Տէր Աստծու անունը մի՛ պղծէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
13 Քո ընկերոջը մի՛ զրկիր իր իրաւունքից եւ նրա ունեցածը մի՛ յափշտակիր։Վարձկանի վարձը մինչեւ յաջորդ առաւօտ թող քեզ մօտ չմնայ։
14 Համրին մի՛ վիրաւորիր, կոյրի ոտքերի առջեւ խոչ ու խութ մի՛ դիր։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, քանզի ես եմ քո Տէր Աստուածը։
15 Դատ դատաստանի ժամանակ անիրաւութիւն մի՛ արա, աղքատի հանդէպ աչառութիւն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո ընկերոջը։
16 Քո ազգակիցների հանդէպ նենգութիւն չգործես եւ քո ընկերոջ արեան թափուելուն պատճառ չդառնաս։Ես եմ ձեր Տէր Աստուածը։
17 Քո հոգում եղբօրդ չատես։ Խստագոյնս յանդիմանի՛ր քո ընկերոջը, որպէսզի նրա պատճառով մեղքեր չգործես։
18 Վրէժխնդիր մի՛ լինիր եւ քո ժողովրդի դէմ ոխ մի՛ ունեցիր։Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպէս ինքդ քեզ, քանզի ես եմ Տէրը։
19 Պիտի պահպանէք իմ այս օրէնքները.Չթողես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակուի։Քո այգում տարբեր սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր նիւթերից գործուած գարշելի զգեստներ մի՛ հագիր։
20 Եթէ մի տղամարդ կենակցի մի անազատ կնոջ հետ, որը փրկագնով չի փրկագնուած եւ նրան ազատութիւն չի շնորհուած, եւ որը նախատեսուած է եղել մէկ այլ տղամարդու համար, ապա երկուսն էլ պէտք է հարցաքննուեն, բայց մահուան չպիտի դատապարտուեն, քանի որ կինն անազատ է։
21 Տղամարդը, իր գործած յանցանքը քաւելու համար, վկայութեան խորանի դռան առաջ մեղքերի քաւութեան խոյ պիտի մատուցի Տիրոջը։
22 Քահանան յանցանքների քաւութեան խոյը պիտի զոհաբերի Տիրոջ առաջ՝ որպէս քաւութիւն նրա կատարած մեղքերի, եւ թողութիւն պիտի տայ նրա կատարած մեղքերին։
23 Երբ մտնէք այն երկիրը, որ Տէր Աստուած տալու է ձեզ, ամէն տեսակի պտղատու ծառեր տնկեցէ՛ք եւ նրա անմաքրութիւնը մաքրեցէ՛ք։ Առաջին երեք տարիների բերքը թող անմաքուր լինի ձեզ համար, եւ այն չուտէք։
24 Չորրորդ տարում նրա բոլոր պտուղները պիտի սրբագործուեն Տիրոջ օրհնութեան համար։
25 Հինգերորդ տարում կ՚ուտէք դրա պտուղը։ Այդ տարուց սկսած կարող էք դրա բերքը ուտել եւ պահեստաւորել։
26 Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Լեռների վրայ մի կերէ՛ք։ Կախարդութեամբ մի՛ զբաղուէք։ Գուշակութիւններ մի՛ արէք թռչունների թռիչքները դիտելով։
27 Ձեր գլխի մազերը մի՛ հիւսէք եւ ձեր մօրուքին ձեւ մի՛ տուէք։
28 Մահացած որեւէ մէկի յիշատակի համար ձեր մարմնի վրայ կտրուածքներ մի՛ արէք։ Ձեր մարմնի վրայ դաջուածքներ մի՛ արէք։
29 Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Մի՛ պղծիր քո դստերը՝ նրան պոռնկացնելով, որպէսզի երկիրը պոռնկութեան մէջ չընկնի ու անօրէնութեամբ չլցուի։
30 Իմ շաբաթ օրերը կը պահէք եւ իմ սրբարանին երկիւղածութեամբ կը մօտենաք, քանզի ես եմ Տէրը։
31 Վհուկներին մի՛ հետեւէք եւ ոգեհմաների հետ մի՛ առնչուէք, որպէսզի նրանցով չպղծուէք։
32 Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կը կանգնէք եւ կը պատուէք ծերերին։ Պիտի երկնչես քո Աստծուց։ Ես եմ քո Տէր Աստուածը։
33 Եթէ ձեր երկրում օտարական հաստատուի, նրան չնեղէք։
34 Ձեր երկրի տեղաբնակի պէս ընդունեցէ՛ք նրան, եւ եկուորը թող բնակուի ձեզ մօտ։ Նրան սիրի՛ր քո անձի պէս, որովհետեւ դուք էլ պանդուխտ եղաք Եգիպտացիների երկրում։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
35 Դատ դատաստանի ժամանակ որեւէ մէկի հանդէպ անիրաւութիւն մի՛ արէք։ Անիրաւութիւն մի՛ արէք նաեւ չափելու, կշռաքարերի ու կշռելու մէջ։
36 Կշեռքները ճիշտ պէտք է լինեն, կշռաքարերը՝ ճշգրիտ, չափամանները՝ ճշգրիտ, հեղուկաչափը՝ ճշգրիտ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից։
37 Կը պահպանէք իմ բոլոր օրէնքները, իմ բոլոր հրամանները. դրանք կը կատարէք, քանզի ես եմ Տէր Աստուածը։