ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 14

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 Այս թող լինի մաքրուելուց յետոյ բորոտի հետ վարուելու կարգը։ Նրան թող բերեն քահանայի մօտ։
3 Քահանան թող դուրս գայ բանակատեղիից, զննի նրան եւ համոզուելով, որ բորոտութեան ախտանշանը նրա վրայից վերացել է,
4 թող հրաման տայ, որ ապաքինուածի համար բերեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղեւնու փայտ, կարմիր մանուածք եւ ծոթրին։
5 Քահանայի հրամանով թռչուններից մէկը թող մորթեն խեցէ անօթի մէջ, ակնաղբիւրի հոսող ջրի վրայ։
6 Ապա քահանան թող վերցնի կենդանի մնացած թռչունը, եղեւնու փայտը, կարմիր մանուածքն ու ծոթրինը եւ դրանք, ինչպէս նաեւ կենդանի մնացած թռչունը, թող թաթախի ակնաղբիւրի հոսող ջրի վրայ մորթուած թռչունի արեան մէջ։
7 Նա բորոտութիւնից ապաքինուածի վրայ դրանից եօթն անգամ թող ցանի եւ մաքրի նրան, իսկ կենդանի մնացած թռչունը թող բաց թողնի դէպի դաշտ։
8 Մաքրուածը թող լուանայ իր զգեստները, ածիլի իր մարմնի բոլոր մազերը, լուացուի ջրով եւ դրանից յետոյ թող մաքուր համարուի։ Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր վրանից դուրս ապրի եօթը օր։
9 Եօթներորդ օրը նա թող ածիլի իր մարմնի բոլոր մազերը. ե՛ւ գլուխը, ե՛ւ մօրուքը, ե՛ւ յօնքերը. այո՛, պէտք է ածիլի մարմնի բոլոր մազերը։ Թող ջրով լուանայ իր զգեստները, մարմինը, որից յետոյ նա մաքուր թող համարուի։
10 Ութերորդ օրը նա թող առնի մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ, մէկ տարեկան ոչ արատաւոր մի էգ գառ, իւղով հունցուած երեք տասներորդական գրիւ ընտիր ալիւր անարիւն զոհաբերութեան համար եւ մէկ բաժակ իւղ։
11 Մաքրող քահանան մաքրուող մարդուն եւ զոհաբերութեան ընծաները թող բերի վկայութեան խորանի առաջ։
12 Քահանան թող վերցնի մի գառը, այն թող զոհաբերի մեղքերի քաւութեան համար, վերցնի նաեւ մէկ բաժակ իւղը եւ այն որպէս ընծայ մատուցի Տիրոջ առաջ։
13 Միւս գառը թող մորթի այն վայրում, ուր մորթում են ողջակէզն ու մեղքերի քաւութեան զոհը, այսինքն՝ սուրբ վայրում։ Մեղքերի քաւութեան համար արուած զոհը, ինչպէս եւ յանցանքի քաւութեան համար արուած զոհը, պատկանում է քահանային, եւ դա սրբութիւնների սրբութիւն է։
14 Քահանան թող վերցնի յանցանքների քաւութեան համար արուած զոհի արիւնից եւ քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին։
15 Քահանան վերցնելով բաժակի միջի իւղից՝ այն թող լցնի իր ձախ ձեռքի ափի մէջ։
16 Քահանան իր ձախ ձեռքի ափի իւղի մէջ թող թաթախի աջ ձեռքի մատը եւ այդ մատով եօթն անգամ ցանի Տիրոջ առաջ։
17 Իր ձախ ձեռքի ափի մնացած իւղը քահանան թող քսի մաքրուածի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, որտեղ քսւում է յանցանքների համար զոհաբերուածի արիւնը։
18 Քահանան իր ձեռքի ափի մէջ մնացած իւղը թող քսի մաքրուողի գլխին։
19 Քահանան նրան թող քաւութիւն տայ Տիրոջ առաջ։ Քահանան մեղքերի քաւութեան զոհաբերութիւնը կատարելով՝ մաքրուողին քաւութիւն է տուած լինում իր մեղքերից։ Դրանից յետոյ քահանան թող մորթի ողջակէզը եւ ողջակիզուածն ու զոհաբերուածը դնի զոհասեղանին, Տիրոջ առաջ։
20 Քահանան թող այդպէ՛ս քաւութիւն տայ մաքրուողի մեղքերին, եւ այդ մարդը թող մաքրուի։
21 Եթէ նա աղքատ է եւ չունի այդ կարողութիւնը, իր կատարած յանցանքի քաւութեան համար թող զոհաբերի մէկ գառ, իւղով հունցուած մէկ տասներորդական գրիւ ընտիր ալիւր, մէկ բաժակ իւղ
22 եւ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ՝ այն, ինչ կարող է։ Մէկը պիտի մատուցուի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը՝ որպէս ողջակէզ։
23 Այս բոլորը նա ութերորդ օրը թող տանի քահանայի մօտ, որ նրան մաքրեն Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռան մօտ։
24 Քահանան, վերցնելով յանցանքի քաւութեան համար զոհաբերուելիք գառն ու իւղի բաժակը, թող մատուցի Տիրոջ առաջ։
25 Քահանան թող մորթի յանցանքի քաւութեան գառը, ապա, վերցնելով յանցանքի քաւութեան համար զոհաբերուածի արիւնից, թող քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին ու նրա աջ ոտքի բթամատին։
26 Քահանան այդ իւղից թող լցնի իր ձախ ձեռքի ափի մէջ,
27 եւ աջ ձեռքի մատով ձախ ձեռքի ափի մէջ եղած իւղից եօթն անգամ թող ցանի Տիրոջ առաջ։
28 Քահանան իր ձեռքում եղած իւղից թող քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, որտեղ քսւում է յանցանքների համար զոհաբերուածի արիւնը։
29 Իր ձեռքի ափի մէջ մնացած իւղը քահանան թող քսի մաքրուողի գլխին եւ քաւութիւն տայ նրան Տիրոջ առաջ։
30 Իր կարողութեան չափով տատրակներից կամ աղաւնիների ձագերից մէկը
31 թող զոհ մատուցի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը անարիւն զոհաբերութեան հետ ողջակէզ անի Տիրոջ առաջ։ Քահանան թող այսպէ՛ս քաւութիւն տայ մաքրուողին Տիրոջ առաջ։
32 Այս է չափաւոր կարողութեան տէր բորոտի մաքրուելու կարգը։
33 Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց.
34 Երբ դուք մտնէք Քանանացիների երկիրը, որը ես ձեզ իբրեւ սեփականութիւն եմ տալու, եւ ձեր սեփականութիւնը հանդիսացող այդ երկրի տներում բորոտութեան վարակ տարածեմ,
35 այն ժամանակ տանտէրը թող գայ եւ քահանային պատմի ու ասի, թէ՝ Ինչ-որ ախտանշան երեւաց իմ տանը։
36 Քահանայի հրամանով տունը կը դատարկեն, մինչ քահանան այդ տունը կը մտնի զննելու համար, որպէսզի տան մէջ գտնուող ոչ մի բան անմաքուր չլինի։ Դրանից յետոյ քահանան թող մտնի տունն ստուգելու։
37 Քահանան տան պատերին կը տեսնի ախտանշանը՝ տեղ-տեղ խորն ընկած կանաչաւուն կամ կարմրաւուն բծեր, որոնց մակերեսն աւելի խորն է, քան պատինը։
38 Քահանան, ելնելով տան դռնից դուրս, թող կարգադրի, որ տունը եօթն օր փակի տակ պահուի։
39 Քահանան եօթներորդ օրը նորից թող գայ եւ զննի տունը։ Եթէ տեսնի, որ ախտանշանները տարածուած են տան պատերին,
40 հրաման թող տայ, որ քանդեն-հանեն այն քարերը, որոնց վրայ ախտանշան կայ։ Թող այդ քարերը հանեն քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։
41 Թող ամբողջութեամբ քերեն տան ներսը եւ քերուածը հանեն քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։
42 Այնուհետեւ թող առնեն յղկուած այլ քարեր, դրանք տեղադրեն հանուած քարերի տեղում, ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։
43 Եթէ քարերը տեղահանելուց, պատերը քերելուց եւ նորից ծեփելուց յետոյ տան մէջ վերստին երեւայ ախտանշանը,
44 ապա քահանան նորից թող մտնի ու զննի. եթէ ախտանշանը տարածուած է տան մէջ, ուրեմն տան մէջ իսկական բորոտութիւն կայ. այդ տունը անմաքուր է։
45 Պէտք է քանդել տունը եւ նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պէտք է հանել քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։
46 Փակի տակ պահուած բոլոր օրերին ով որ մտնի այդ տունը, մինչեւ երեկոյ թող անմաքուր համարուի։
47 Ով որ քնի այդ տան մէջ, պէտք է լուանայ իր զգեստները։ Նա անմաքուր պէտք է համարուի մինչեւ երեկոյ։ Ով որ ուտի այդ տան մէջ, պէտք է լուանայ իր զգեստները։ Նա անմաքուր պէտք է համարուի մինչեւ երեկոյ։
48 Եթէ քահանան գայ մտնի, զննի ու տեսնի, որ այդ տունը ծեփուելուց յետոյ ախտանշանը չի տարածուել տան մէջ, թող այն մաքուր յայտարարի, քանի որ ախտը բուժուած է։
49 Տունը մաքրելու համար քահանան թող առնի երկու կենդանի մաքուր թռչուն, եղեւնու փայտ, կարմիր մանուածք եւ ծոթրին։
50 Քահանան թռչուններից մէկը թող մորթի խեցէ անօթի մէջ, ակնաղբիւրի հոսող ջրի վրայ։
51 Ապա քահանան թող վերցնի եղեւնու փայտը, կարմիր մանուածքը, ծոթրինն ու կենդանի մնացած թռչունը եւ դրանք թող թաթախի ակնաղբիւրի հոսող ջրի վրայ մորթած թռչունի արեան մէջ։ Նա այդ տան վրայ եօթն անգամ թող ցանի այն։
52 Տունը թող մաքրի թռչունի արեամբ, աղբիւրի ջրով, կենդանի մնացած թռչունով, եղեւնու փայտով, ծոթրինով եւ կարմիր մանուածքով,
53 իսկ կենդանի մնացած թռչունը բաց թողնի քաղաքից դուրս, դէպի դաշտ։ Երբ քահանան այդ տան համար քաւութեան զոհաբերութիւն կատարի, եւ տունը մաքրուի, այդ տունը մաքուր կը լինի։
54 Ահա ա՛յս թող լինի բորոտութեան ու գոնջութեան բոլոր ախտանշանների համար կիրառուող կարգը,
55 նաեւ զգեստի ու տան բորոտութեան,
56 սպիի, ուռուցքի ու բշտիկի,
57 թէ ո՛ր օրը մարդն անմաքուր է եւ ո՛ր օրը՝ մաքուր։ Այս է բորոտութեան վերաբերեալ կարգը։