ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 15

1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
2 Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու ասա՛ նրանց. Եթէ որեւէ այր մարդու մարմնից սերմի ծորում լինի, նրա այդ ծորումը անմաքուր է։
3 Մարմնից սերմ ծորող եւ սերմի ծորումից մարմինը հիւծուող մարդու մաքրուելու կարգը այս է. իր մարմնից ծորում լինելու եւ ծորումից մարմինը հիւծուելու բոլոր օրերը անմաքրութեան շրջան թող համարուեն իր համար։ Դա մարմնի անմաքրութիւն է։
4 Ամէն անկողին, որի մէջ սերմի ծորում ունեցողն է քնում, անմաքուր թող համարուի. այն ամէնը, որի վրայ նա կը նստի, թող անմաքուր համարուի։
5 Ով որ դիպչի նրա անկողնին, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
6 Ով որ նստի սերմի ծորում ունեցողի նստած առարկայի վրայ, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
7 Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի մարմնին, նա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
8 Եթէ սերմի ծորում ունեցողի թուքը դիպչի մաքուր մարդու, սա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
9 Էշի թամբը, որի վրայ նստած է եղել սերմի ծորում ունեցողը, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
10 Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի տակ գտնուող որեւէ իրի, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
11 Եթէ սերմի ծորում ունեցողը առանց ձեռքերը լուանալու դիպչի որեւէ մէկին, սա պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
12 Խեցէ որեւէ անօթ, որին կը դիպչի սերմի ծորում ունեցողը, պէտք է ջարդուի, իսկ փայտէ բոլոր ամանները պէտք է լուացուեն ջրով, որպէսզի մաքուր լինեն։
13 Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պէտք է եօթն օր յատկացնի իր մաքրութեան համար. լուանայ իր զգեստները, մարմինը լուայ հոսող ջրով, որից յետոյ մաքուր կը համարուի։
14 Ութերորդ օրը պէտք է առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, բերի Տիրոջ առաջ, վկայութեան խորան եւ տայ քահանային։
15 Քահանան դրանցից մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը զոհի իբրեւ ողջակէզ։ Քահանան այդ ձեւով Տիրոջ առաջ պէտք է քաւութիւն տայ նրան իր ծորումի համար։
16 Եթէ որեւէ տղամարդ սերմնահոսութիւն ունենայ, նա իր ամբողջ մարմինը պէտք է լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
17 Ամէն հագուստ կամ մորթեղէն, որին կը դիպչի տղամարդու սերմը, պէտք է լուացուի ջրով։ Դա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
18 Երբ մի կին ընդունի տղամարդու սերմը, երկուսն էլ պէտք է լուացուեն ջրով։ Նրանք անմաքուր են համարւում մինչեւ երեկոյ։
19 Այն կինը, որից արիւն է հոսում, եւ այդ արեան հոսումն իր մարմնից է, նա եօթն օր կը լինի իր դաշտանի մէջ։
20 Ով որ դիպչի նրան, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
21 Ինչի վրայ որ պառկի այդ կինն իր դաշտանի ընթացքում, եւ ինչի վրայ էլ նստի նա, անմաքուր է համարւում։
22 Ով որ դիպչի նրա անկողնին, պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
23 Ով որ դիպչի մի առարկայի, որի վրայ այդ կինը նստել է, պէտք է լուանայ իր զգեստները, լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
24 Եթէ որեւէ մէկը դիպչի այն անկողնին, որի վրայ պառկել է այդ կինը, կամ այն առարկային, որի վրայ նստել է նա, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Եթէ որեւէ մէկը պառկի նրա հետ, երբ նրա անմաքրութիւնը դեռ իր մէջ է, եօթը օր թող անմաքուր համարուի։ Մինչեւ երեկոյ թող անմաքուր համարուի նաեւ այն անկողինը, որի վրայ այդ մարդը կը քնի։
25 Եթէ մի կնոջ դաշտանն անկանոն է, եւ արիւնը սահմանուած ժամանակից աւելի երկար է հոսում, նրա այդ բոլոր օրերը թող համարուեն որպէս դաշտանի օրեր։ Այդ բոլոր օրերի ընթացքում նա թող անմաքուր համարուի։
26 Այն անկողինը, որի մէջ նա կը պառկի իր արիւնահոսութեան օրերին, կանոնաւոր դաշտանի օրերում իր պառկած անկողնի նման անմաքուր թող համարուի։ Ամէն առարկայ, որի վրայ նա կը նստի այս շրջանում, թող անմաքուր համարուի, ինչպէս որ անմաքուր էր համարւում իր կանոնաւոր դաշտանի օրերին։
27 Ով որ դիպչի նրան, թող անմաքուր համարուի։ Նա պէտք է լուանայ իր զգեստները եւ իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
28 Երբ դադարի կնոջ արիւնահոսութիւնը, նա պէտք է հաշուի եօթը օր, ապա մաքուր կը համարուի։
29 Ութերորդ օրը պէտք է առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, բերի քահանայի մօտ, վկայութեան խորանի դուռը։
30 Քահանան դրանցից մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը՝ իբրեւ ողջակէզ։ Քահանան այդ ձեւով Տիրոջ առաջ պէտք է քաւութիւն տայ նրան իր արիւնահոսութեան համար, որ նրան անմաքուր էր դարձրել։
31 Իսրայէլի որդիներին խստօրէն զգուշացրէ՛ք իրենց անմաքրութիւններից, որպէսզի իրենց մէջ գտնուող իմ խորանը չպղծեն ու իրենց այդ անմաքրութեան պատճառով չմեռնեն։
32 Այս է կարգը սերմի ծորում ունեցողի,
33 երազախաբութեան պատճառով անմաքուր դարձածի, արիւնահոսութիւն ունեցող կնոջ, ծորում ունեցողի, տղամարդ լինի թէ կին, ինչպէս նաեւ դաշտանի մէջ եղող կնոջ հետ պառկող տղամարդու մասին։