ՈՂԲ. Chapter 5

1 Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչե՜ր կատարուեցին մեզ հետ, նայի՛ր եւ տե՛ս մեր կրած նախատինքները։
2 Մեր ժառանգութիւնն անցաւ օտար ազգերին, մեր տները՝ օտարականներին։
3 Որբ մնացինք մենք, հայր չկար մեզ համար, մեր մայրերը մեր աչքի առաջ այրիացան։
4 Մեր ջուրը փողով խմեցինք, եւ մեր փայտը գնելու հոգսը միշտ մեր վզին է ծանրացած։
5 Հալածական եղանք եւ հանգստութիւն չգտանք։
6 Եգիպտացիներն ու ասորաստանցիները ձեռք մեկնեցին՝ մեզ հացով կշտացնելու համար։
7 Մեր հայրերը մեղք գործեցին, նրանցից ոչ ոք հիմա չկայ, եւ հայրերի մեղքը մենք ենք քաշում։
8 Մեզ վրայ տիրեցին ծառաները, եւ այլեւս նրանց ձեռքից մեզ փրկող չկայ։
9 Անապատի սրի ահից եկէք մեր պաշարները ներս տանենք։
10 Սոսկալի սովի երեսից մեր կաշին հնացած թոնրի նման ճաք է տուել։
11 Կանանց խայտառակեցին Սիոնում, իսկ կոյսերին՝ Յուդայի երկրի քաղաքներում։
12 Ծերերին կախեցին իրենց բութ մատներից, չխնայեցին նաեւ պառաւներին։
13 Ընտիր ու պատուական մարդիկ ողբում էին բարձրաձայն, իսկ երիտասարդները, փայտածեծ արուելով, ուժասպառ եղան։
14 Ծերերն այլեւս չէին նստում դարպասների մօտ, իսկ ընտրեալ մարդիկ դադարեցին օրհնութիւններ երգելուց։
15 Մեր սրտերը զրկուեցին ուրախութիւնից, եւ մեր օրհներգութիւններն ու պարերը փոխուեցին սգի։
16 Պսակը վայր ընկաւ մեր գլուխներից. վա՜յ մեզ, վա՜յ մեզ, քանզի մենք մեղք գործեցինք։
17 Ահա թէ ինչու ցաւն առաւ մեր սրտերը, ահա թէ ինչու մեր աչքերին խաւարը պատեց Սիոնի լերան վրայ,
18 որն աւերակ է դարձել, եւ աղուէսներն են ելումուտ անում նրա սրահներում։
19 Տէ՛ր, դու կաս յաւիտեան, եւ քո աթոռը մնում է սերնդից սերունդ։
20 Ինչո՞ւ իսպառ մոռացար մեզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր մեզ։
21 Ե՛տ դարձրու մեզ, ո՛վ Տէր, եւ մենք կը վերադառնանք, նորոգի՛ր մեզ, Տէ՛ր, ինչպէս վաղնջական ժամանակներում։
22 Դու մերժելով մերժեցիր մեզ, քո ցասումն ու բարկութիւնն անչափ բորբոքուեց մեզ վրայ։