ՅԵՍՈՒ. Chapter 21

1 Շատ օրեր յետոյ, երբ Տէրը հանգստացրել էր Իսրայէլին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, եւ Յեսուն ծերացել ու տարիքն առել էր,
2 նա կանչեց բոլոր իսրայէլացիներին, նրանց ծերակոյտին, իշխաններին, դատաւորներին, օրէնսգէտներին, բոլորին միասին եւ ասաց նրանց. Ես ծերացել եմ եւ տարիքս առել։
3 Դուք ինքներդ տեսաք այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածն արեց այն բոլոր ազգերին, որոնց վերացրեց ձեր առջեւից, որովհետեւ Տէր Աստուածն ինքն էր պատերազմում ձեզ համար։
4 Արդ, տեսէ՛ք, տարածքներն այս մնացած ազգերի, բոլոր ազգերի, որոնց ջարդեցի Յորդանան գետից մինչեւ Մեծ ծովը, դէպի արեւմուտք, ձեզ ժառանգութիւն թողեցի ըստ ձեր ցեղերի։
5 Մեր Տէր Աստուածն ինքը կը կոտորի նրանց ձեր առաջ, մինչեւ որ ոչնչանան, նրանց դէմ վայրի գազաններ կ՚արձակի, մինչեւ որ ձեր առաջ բնաջնջի նրանց ու նրանց թագաւորներին, եւ դուք ժառանգութիւն կը ստանաք նրանց երկիրը, ինչպէս որ մեր Տէր Աստուածն ասել էր մեզ։
6 Ուստի շա՛տ զօրացէք եւ զգո՛յշ եղէք, որ կատարէք այն ամէնը, ինչ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում, որ չխոտորուէք նրանից աջ կամ ձախ։
7 Չլինի թէ մտնէք այն մնացած ազգերի մէջ. թող նրանց աստուածների անունները չտրուեն ձեր մէջ, նրանցով չերդուէք, չպաշտէք նրանց եւ նրանց երկրպագութիւն չանէք,
8 այլ մեր Տէր Աստծու ետեւից գնաք, ինչպէս որ արել էք մինչեւ այսօր։
9 Տէրը ձեր առաջ կոտորեց նրանց՝ մեծամեծ եւ հզօր ազգերին, եւ ոչ ոք դէմ չկանգնեց ձեզ մինչեւ այսօր։
10 Ձեզնից մէկը հազարներին հալածեց, որովհետեւ Տէր Աստուածն ինքն էր պատերազմում ձեզ համար, ինչպէս որ ասել էր ձեզ։
11 Շա՛տ զգոյշ եղէք ձեր նկատմամբ, որ սիրէք ձեր Տէր Աստծուն։
12 Իսկ եթէ ետ դառնաք, ձեր մէջ մնացած ազգերին յարէք, նրանց հետ խնամութիւն անէք, խառնակուէք նրանց հետ, եւ նրանք էլ ձեզ հետ,
13 իմացած եղէք, որ Տէրն այլեւս չի կոտորի այն ազգերին ձեր առաջ, եւ նրանք ձեզ համար որոգայթ եւ գայթակղութիւն կը լինեն, խոչընդոտ՝ ձեր գարշապարների համար եւ նետեր՝ ձեր աչքերի համար, մինչեւ որ կորչէք այս բարի երկրից, որ տուեց ձեզ ձեր Տէր Աստուածը։
14 Եւ ահա ես այսօր մահուան ճանապարհն եմ գնում, ինչպէս այս երկրի վրայ եղող բոլոր մարդիկ։ Իմացէ՛ք ձեր ամբողջ սրտով եւ ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խօսքերից, որ ասաց ձեր Տէր Աստուածը, ոչ մի բան անկատար չմնաց, այլ ամէն ինչ կատարուեց ձեզ համար. դրանցից ոչ մի խօսք սխալ դուրս չեկաւ։
15 Եւ ինչպէս որ ձեզ վրայ կատարուեցին այն բոլոր բարի խօսքերը, որ ասաց ձեզ համար Տէրը, այդպէս էլ Տէրը ձեզ վրայ կը կատարի ամէն տեսակ չար խօսքեր, մինչեւ որ բնաջնջի ձեզ այս բարի երկրից, որ տուել է ձեզ ձեր Տէր Աստուածը,
16 եթէ դրժէք ձեր Տէր Աստծու ուխտը, որ պատուիրել է ձեզ, եւ գնաք ծառայէք օտար աստուածներին ու նրանց երկրպագութիւն անէք։ Տէրը կը բարկանայ ձեզ վրայ, եւ դուք անմիջապէս կը կորչէք այս բարի երկրից, որ Տէրը տուել է ձեզ։