ՅԵՍՈՒ. Chapter 6

1 Երիքովն ամուր փակուած եւ ամրացուած էր իսրայէլացիների պատճառով, ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից եւ ոչ ոք չէր մտնում։
2 Տէրը Յեսուին ասաց. Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մէջ գտնուող թագաւորին եւ զօրաւոր քաջերին։
3 Բայց դուք, երբ լսէք եղջերափողի ձայնը, բոլոր մարտիկներդ շեփորներով շրջապատեցէ՛ք քաղաքը։ Երբ փողերը հնչեցնէք, բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք օրական մէկ անգամ։ Այսպէս արէ՛ք վեց օր։
4 Եօթը քահանայ թող առնեն տանեն տօնական եղջերափողերը տապանակի առջեւից։ Եօթներորդ օրը քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք եօթն անգամ, քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը,
5 եւ առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնայատակ կը կործանուեն, ամբողջ ժողովուրդը կը մտնի քաղաք՝ ամէն մէկն ընթանալով ուղիղ իր դիմացը։
6 Նաւէի որդի Յեսուն գնաց քահանաների մօտ եւ ասաց նրանց. Առէ՛ք ուխտի տապանակը, եւ եօթը քահանաներ եօթը տօնական եղջերափողեր առած՝ թող գնան Տիրոջ տապանակի առջեւից։
7 Նա նրանց ասաց. Կարգադրեցէ՛ք ժողովրդին, որ գնան, պտոյտ տան քաղաքի շուրջը։ Մարտիկները զինուած գնան Տիրոջ տապանակի առջեւից,
8 եօթը նուիրական շեփորներ կրող քահանաները նոյնպէս թող անցնեն Տիրոջ ուխտի տապանակի առաջ եւ ուժգին հնչեցնեն փողերը։ Տիրոջ ուխտի տապանակը թող գնայ նրանց ետեւից,
9 մարտիկները թող ընթանան առջեւից, իսկ քահանաները եւ եղջերափողերը հնչեցնողները, որպէս վերջապահներ, թող գնան Տիրոջ տապանակի ետեւից՝ հնչեցնելով եղջերափողերը։
10 Իսկ ժողովրդին Յեսուն պատուիրեց եւ ասաց. Մի՛ աղաղակէք, թող ոչ ոք չլսի ձեր ձայնը, եւ ոչ մի խօսք դուրս չգայ ձեր բերանից մինչեւ այն օրը, երբ ես ինքս ազդարարեմ ձեզ աղաղակել, եւ ապա կ՚աղաղակէք։
11 Տիրոջ ուխտի տապանակը, պտտելով քաղաքի շուրջը, գնաց նորից բանակատեղի եւ իջեւանեց այնտեղ։
12 Երկրորդ օրն առաւօտեան Յեսուն վեր կացաւ, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը,
13 եօթը քահանաներն առան եօթը նուիրական փողերը եւ ընթացան Տիրոջ ուխտի տապանակի առջեւից։ Քահանաները հնչեցրին փողերն ու մնացեալ ամբողջ բազմութեան հետ վերադարձան բանակատեղի. ապա Տիրոջ ուխտի տապանակի ետեւից անցան մարտիկներն ու մնացած ամբոխը. գնում եւ հնչեցնում էին եղջերափողերը։
14 Երկրորդ օրն էլ մէկ անգամ մօտիկից պտտուեցին քաղաքի շուրջը եւ դարձեալ եկան բանակատեղի։ Այդպէս արեցին վեց օր։
15 Իսկ եօթներորդ օրը լուսաբացին վեր կացան եւ նոյն ձեւով քաղաքի շուրջը պտտուեցին եօթն անգամ։
16 Եօթներորդ անգամ պտտուելիս քահանաները հնչեցրին փողերը, եւ Յեսուն ասաց իսրայէլացիներին. Հիմա աղաղակեցէ՛ք, որովհետեւ Տէրն այս քաղաքը մեր ձեռքը մատնեց։
17 Քաղաքն ու նրա մէջ եղած ամէն ինչ նզովուած պիտի լինի զօրութիւնների Տիրոջից։ Ազատեցէ՛ք միայն պոռնիկ Ռահաբին եւ այն ամէնը, ինչ նրա տանը կայ, որովհետեւ նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին։
18 Բայց դուք զգուշացէ՛ք նզովքից. չլինի, թէ ցանկանաք մի բան առնել այդ նզովուածից. իսրայէլացիների բանակատեղին նզովքի կ՚ենթարկէք եւ կը կործանէք մեզ։
19 Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը եւ երկաթը Տիրոջ սրբութիւնը պիտի լինեն եւ Տիրոջ գանձարանը պիտի մտնեն։
20 Եւ ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ եւ ուժգին աղաղակով, պարիսպն ընկաւ շուրջանակի, եւ ժողովուրդը բարձրացաւ մտաւ քաղաք՝ ամէն մէկն ընթանալով ուղիղ իր դիմացը։ Քաղաքը գրաւեցին եւ նզովեցին այն։
21 Ինչ որ կար քաղաքում՝ տղամարդ թէ կին, երիտասարդ թէ ծեր, արջառ, ոչխար եւ էշ, բոլորը սրի քաշեցին։
22 Երկիրը լրտեսող երկու երիտասարդներին Յեսուն ասաց. Մտէ՛ք այն պոռնիկ կնոջ տունը եւ, ինչպէս որ երդուել էք, հանէք այնտեղից նրան ու այն ամէնը, ինչ որ նա ունի։
23 Եւ երկու երիտասարդները, որոնք լրտեսել էին քաղաքը, մտան այն կնոջ տունը, հանեցին պոռնիկ Ռահաբին, ինչպէս նաեւ նրա հօրը, մօրը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցուածքն ու նրա ամբողջ ազգատոհմին եւ կանգնեցրին նրանց Իսրայէլի բանակատեղիից դուրս։
24 Քաղաքն ու նրա մէջ եղած ամէն ինչ այրուեց հրով, բացի ոսկուց, արծաթից, պղնձից եւ երկաթից, որ Տիրոջ գանձարանը մտցրին։
25 Պոռնիկ Ռահաբին, նրա հօրենական տունը եւ նրա ամբողջ ունեցուածքը փրկեց Յեսուն։ Ռահաբը բնակւում է Իսրայէլի մէջ մինչեւ այսօր, որովհետեւ թաքցրեց այն լրտեսներին, որոնց Յեսուն այն օրն ուղարկել էր Երիքովը լրտեսելու։
26 Յեսուն այդ օրը նզովեց Երիքովը եւ ասաց. Տիրոջ առաջ անիծեալ լինի այն մարդը, որ կը վերականգնի եւ կը շինի Երիքով քաղաքը, իր անդրանիկ որդու վրայ նրա հիմքերը կը դնի ի գին իր անդրանիկ որդու եւ նրա պարսպի դարպասները կը կանգնեցնի ի գին իր կրտսեր որդու։ Այդպէս էլ արեց Ազան Բեթէլացին. իր անդրանկի՝ Աբիրոնի վրայ դրեց նրա հիմքերը եւ Ազատուածի՝ կրտսերի վրայ կանգնեցրեց նրա դարպասները։
27 Տէրը Յեսուի հետ էր, եւ նրա անունը տարածուեց ամբողջ երկրում։