ՅԵՍՈՒ. Chapter 17

1 Իսրայէլի ամբողջ ժողովուրդը հաւաքուեց Սելովում, եւ այնտեղ կանգնեցրին վկայութեան խորանը, քանի որ երկիրը նուաճուեց նրանց կողմից։
2 Իսրայէլացիներից եօթը ցեղ էր մնացել, որ իր ժառանգութիւնը չէր ստացել։
3 Յեսուն նրանց ասաց. Մինչեւ ե՞րբ պէտք է ծուլանաք եւ չմտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ ձեզ տուեց մեր հայրերի Տէր Աստուածը։
4 Ամէն ցեղից ինձ երեքական մարդ տուէ՛ք, ես կ՚ուղարկեմ նրանց, որ վեր կենան անցնեն երկրով եւ չափագրեն այն իմ առաջ՝ պարզելով, թէ ինչպէս պէտք է բաժանել այն։ Նրանք եկան նրա մօտ,
5 ու նա բաժանեց երկիրը նրանց մէջ եօթը մասի։ Եւ ասաց. Յուդայի երկիրը թող մնայ նրանց սահմանը հարաւից, Յովսէփի որդիներն իրենց սահմաններում մնան հիւսիսից,
6 իսկ դուք երկիրը բաժանեցէ՛ք եօթը մասի եւ չափագրութիւնը բերէք ներկայացրէ՛ք ինձ այստեղ. ես ձեզ համար այստեղ Աստծու առաջ վիճակ կը հանեմ։
7 Ղեւիի որդիները ձեր մէջ բաժին չունեն, որովհետեւ նրանց բաժինը Տիրոջ համար արուած քահանայութիւնն է. Գադը, Ռուբէնը եւ Մանասէի կէս ցեղը Յորդանան գետի այն կողմում՝ արեւելքում ստացան իրենց ժառանգութիւնը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուել էր նրանց։
8 Եւ մարդիկ վեր կացան գնացին։ Երկիրն աչքի անցկացնելու գնացած մարդկանց Յեսուն պատուիրեց եւ ասաց. Անցէք գնացէ՛ք, աչքի անցկացրէ՛ք երկիրն ու վերադարձէ՛ք ինձ մօտ, իսկ ես Սելովում Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ կը գցեմ։
9 Մարդիկ գնացին շրջեցին երկրում, հետազոտեցին ու տեսան երկիրը եւ այն, ըստ նրա քաղաքների, եօթը բաժին անելով՝ չափագրեցին մի գրքի մէջ եւ բերին Յեսուի մօտ՝ բանակատեղի, Սելով։
10 Յեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց Սելովում եւ այնտեղ երկիրը բաժանեց իսրայէլացիներին՝ ըստ իրենց բաժինների։
11 Առաջին վիճակն ընկաւ Բենիամինի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։ Նրանց բաժնի սահմանն ընկաւ Յուդայի եւ Յովսէփի որդիների միջեւ։
12 Նրանց սահմանները եղան Յորդանան գետի հիւսիսից, որոնք Երիքովի հարաւից բարձրանում են դէպի հիւսիս, ելնում են լերան վրայ դէպի ծովի կողմը, եւ նրանց վերջը հասնում է մինչեւ Բեթաւանի Մաբդարա բնակավայրը.
13 այնտեղից անցնում են Լուզի սահմանները հարաւային կողմից, Լուզի ետեւից, այսինքն՝ Բեթէլից, եւ սահմաններն իջնում են Ադարի Աստարոթ բնակավայրը, դէպի լերան կողմը, որը Ներքին Բեթորոնի հարաւում է։
14 Սահմաններն անցնում, պտոյտ են տալիս հարաւից ծովահայեաց ափով, այն սարից, որ հարաւում Բեթորոնի դիմացն է։ Նրա վերջը հասնում է Կարիաթբաաղ, այսինքն՝ Յուդայի որդիների Կարիաթարիմ քաղաքը։
15 Ծովի կողմում ծայրը այս է։ Իսկ հարաւային կողմում Կարիաթբաաղի ծայրից սահմաններն անցնում են Գայի եւ դուրս են գալիս դէպի Նափթովայի ջրերի աղբիւրը։
16 Սահմաններն իջնում են ենոմացիների հովտի դիմացի լերան եզերքը, որ հիւսիսում Ենակի ռափայինների մասն է, եւ հարաւից, Յեբուսի ետեւից իջնում են Ենոմի Գայի բնակավայրը եւ գնում Ռոգէլի աղբիւրը։
17 Հիւսիսից կտրում անցնում են Բեթսամիւսի աղբիւրը, գնում են Եդոմինի զառիվերի դիմացը գտնուող Գալիլոթ, իջնում են մինչեւ Ռուբէնի որդու Բաան վէմը.
18 Բեթարաբայի թիկունքից անցնում են հիւսիս եւ իջնում Արաբա։
19 Ապա սահմաններն անցնում են Բեթագղայի ետեւից, ծովի հիւսիսից եւ վերջանում են Աղի ծովի հիւսիսային ու Յորդանան գետի հարաւային ծայրում։
20 Այս է նրանց սահմանը հարաւից. իսկ արեւելեան կողմի սահմանը Յորդանան գետն է։ Այս է Բենիամինի որդիների ժառանգութիւնը, եւ սրանք են նրանց սահմանները շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։
21 Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքովը, Բեթագղան, Ամենգասիմը,
22 Բեթարաբան, Սեմարիմը, Բեթէլը,
23 Աւիմը, Ափարը, Արփան,
24 Կարեմը, Քափերամինը եւ Գարաան. տասներկու քաղաքներ եւ նրանց աւանները,
25 Գաբաւոնը, Ռամման, Բերոթը,
26 Մասփան, Կեփիրան, Ամուսան,
27 Ռէկէմը, Յերփայէլը, Թարաղան,
28 Սելալէփը, Յեբուսը, այսինքն՝ Երուսաղէմը, Գաբաաթը եւ Արեմ քաղաքը. տասներկու քաղաքներ եւ նրանց աւանները։
29 Այս է Բենիամինի որդիների ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի։