ՅԵՍՈՒ. Chapter 14

1 Սրանք են այն տեղերը, որ քանանացիների երկրում իսրայէլացիներին ժառանգութիւն տուին Եղիազար քահանան, Նաւէի որդի Յեսուն եւ իսրայէլացիների ցեղերի նահապետութեան իշխանները։
2 Վիճակով տուին ժառանգութիւնը այն ինը ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին, ինչպէս որ պատուիրել էր Տէրը Յեսուի միջոցով,
3 որովհետեւ Մովսէսը երկու ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին ժառանգութիւն տուել էր Յորդանան գետի այն կողմում։ Ղեւտացիներին ժառանգութիւն չէր տուել նրանց մէջ։
4 Քանի որ երկու ցեղ էին Յովսէփի որդիները՝ Մանասէն եւ Եփրեմը, ղեւտացիներին երկրի մէջ բաժին չտուին, այլ միայն քաղաքներ՝ բնակուելու համար եւ դրանց արուարձանները նրանց ոչխարների համար։
5 Ինչպէս Տէրը պատուիրել էր Մովսէսին, այդպէս արեցին իսրայէլացիները եւ բաժանեցին երկիրը։
6 Յուդայի որդիները Գաղգաղայում մօտեցան Յեսուին, եւ կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբն ասաց նրան. Դու ինքդ գիտես, թէ ինչ խօսեց Տէրը Կադէսբառնեայում Աստծու մարդու՝ Մովսէսի հետ իմ եւ քո մասին։
7 Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառայ Մովսէսն ինձ Կադէսբառնեայից ուղարկեց երկիրը լրտեսելու, եւ նրան մենք լուր բերինք նրա ուզածի պէս։
8 Բայց ինձ հետ գնացող իմ եղբայրները ժողովրդի միտքը շեղեցին. իսկ ես շարունակեցի հետեւել իմ Տէր Աստծուն։ Այն օրը Մովսէսը երդուեց եւ ասաց.
9 Այն երկիրը, ուր դու հասար, յաւիտեան քոնը եւ քո որդիներինը թող լինի որպէս ժառանգութիւն, քանի որ ես շարունակեցի հետեւել իմ Տէր Աստծուն։
10 Եւ արդ, սնուցել է ինձ Տէրը, ինչպէս որ ասել էր. սա քառասունհինգերորդ տարին է, ինչ Տէրն ասել է այս խօսքը Մովսէսին, երբ իսրայէլացիները թափառում էին անապատում։ Այժմ ահա ես այսօր ութսունհինգ տարեկան եմ
11 եւ ուժեղ եմ այսօր, ինչպէս այն ժամանակ, երբ Մովսէսն ինձ ուղարկեց։ Այժմ նոյնպէս կարող եմ պատերազմի մէջ մտնել եւ դուրս գալ։
12 Այժմ խնդրում եմ քեզնից ինձ տալ այն լեռը, ինչպէս որ Տէրն ասաց այն օրը։ Դու ինքդ այս բանը լսեցիր այն օրը։ Հիմա այնտեղ ենակիմներն են, եւ նրանց քաղաքներն ամրացուած են եւ մեծ։ Հիմա եթէ Տէրն ինձ հետ լինի, կը բնաջնջեմ նրանց, ինչպէս Տէրն ինձ ասաց։
13 Եւ Յեսուն օրհնեց նրան եւ Քեբրոնը որպէս ժառանգութիւն տուեց կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբին։
14 Դրա համար Քեբրոնը եղաւ կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբի ժառանգութիւնը, որովհետեւ նա հետեւեց Իսրայէլի Տէր Աստծու պատուիրանին։
15 Քեբրոն քաղաքի անունն առաջ Արբոկ էր, նա ենակիմների մայրաքաղաքն էր։ Եւ երկիրը հանգստացաւ պատերազմից։