ՅԵՍՈՒ. Chapter 15

1 Յուդայի որդիների ցեղի սահմանները, ըստ իրենց տոհմերի, եղան՝ եդոմայեցիների սահմաններից, Սին անապատից մինչեւ Կադէս, հարաւային կողմում։
2 Հարաւային կողմից նրանց սահմանները գնում են մինչեւ Աղի ծովի եզրը՝ նրա հարաւակողմն իջնող բարձրաւանդակից,
3 անցնում են մինչեւ Ակրաբիմի զառիվերը, անցնում են Սինաքը, բարձրանում են հարաւից դէպի Կադէսբառնեայ, ելնում են Հռոն, ձգւում Ադդարի մօտով եւ պտտւում Կադէսի արեւմտեան կողմը, գնում հասնում են մինչեւ Ասեմոնա եւ դուրս գալիս մինչեւ Եգիպտոսի ձորը։
4 Այս սահմանը վերջանում է ծովի կողմում։ Սրանք նրանց սահմաններն են հարաւից։
5 Արեւելքից սահմանն ամբողջ Աղի ծովն է, մինչեւ Յորդանան գետի եզերքը։ Նրանց հիւսիսային սահմանը ծովածոցից, Յորդանան գետի եզերքից
6 հասնում է Բեթագղա, անցնում հիւսիսով մինչեւ Բեթարաբա, բարձրանում է մինչեւ Ռուբէնի որդիների Բէոն քարը։
7 Ապա սահմանը բարձրանում է Աքորի ձորի չորրորդ մասով, հարաւային կողմից իջնում է Գաղգաղ, որը Եդոմիմի զառիվերի դիմացն է, հարաւային կողմում։ Սահմանը հասնում է Արեգ աղբիւրի ջրին եւ վերջանում է Ռոգեղի աղբիւրի մօտ։
8 Ապա սահմանը բարձրանում է ենոմացիների ձորը Յեբուսի ետեւից, հարաւային կողմից, ուր գտնւում է Երուսաղէմը։ Ապա հասնում է այն լերան գլուխը, որը ծովակողմից Ենոմի ձորի դիմացն է եւ որը հիւսիսից Ռափայինների երկրի ծայրին է։
9 Այս սահմանը լերան գլխից հասնում է մինչեւ Նափթովի ջրի աղբիւրը, Գայիում հատում է Եփրեմի լեռը, հասնում է Բաաղ, այսինքն՝ Յարիմ քաղաքը.
10 ապա Բաաղից շրջւում է Ասարէսի ծովակողմը, դէպի Սէիր լեռը, հիւսիսից անցնում է Յարիմ քաղաքի ետեւով, ուր գտնւում է Քասղոնը, իջնում է Արեգ քաղաքն ու անցնում հարաւ։
11 Ապա սահմանը Ակկարոնի ետեւից կտրում անցնում է դէպի հիւսիս, հասնում է Սարքայոն, անցնում Բաաղ երկրի լերան մօտով եւ հասնում մինչեւ Աբնեղ. սահմանը վերջանում է ծովակողմում։
12 Արեւմուտքից նրանց սահմանը Մեծ ծովն է բաժանում։ Սրանք Յուդայի որդիների սահմաններն են շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։
13 Յեսուն Յեփոնէի որդի Քաղէբին բաժին տուեց Յուդայի որդիների երկրի մէջ Աստծու հրամանով։ Յեսուն նրան տուեց Արբոկ քաղաքը, որը Ենակի մայրաքաղաքն է, այսինքն՝ Քեբրոնը։
14 Յեփոնէի որդի Քաղէբն այնտեղ բնաջնջեց Ենակի երեք որդիներին՝ Սուսին, Թոմայիին եւ Աքիմանին՝ Ենակի զաւակներին։
15 Քաղէբն այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների դէմ. Դաբիրի անունն առաջ Նամակաց քաղաք էր։
16 Քաղէբն ասաց. Ով որ գրաւի Նամակաց քաղաքը եւ տիրի նրան, իմ դուստր Ասքային նրան կնութեան կը տամ։
17 Եւ այն գրաւեց Քաղէբի եղբայր Կենեզի կրտսեր որդի Գոդոնիէլը, եւ Քաղէբն իր դուստր Ասքային նրան կնութեան տուեց։
18 Երբ կինը գնում էր, խորհուրդ արեց Գոդոնիէլի հետ եւ ասաց. Իմ հօրից ագարակ ուզեմ. եւ ձայն տուեց էշի վրայից։ Քաղէբն ասաց նրան. Ի՞նչ եղաւ քեզ։
19 Աղջիկն ասաց. Ինձ օրհնութի՛ւն տուր։ Քանի որ ինձ տուիր Նագեբ երկիրը, տո՛ւր ինձ նաեւ Գոլաթմայիմը։ Եւ Քաղէբը նրան տուեց Վերին Գոլաթն ու Ներքին Գոլաթը։
20 Այս էր Յուդայի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի։
21 Եդոմի սահմանների մօտ, անապատում, Յուդայի որդիների ցեղի առաջին քաղաքները սրանք են՝ Կասբեէղը, Եդրայինը, Յագուրը,
22 Կինան, Դեմոնան, Ադադան,
23 Կադէսը, Իթնանզիփը,
24 Տէղէմը, Բաաղոթը,
25 Ասեբոն քաղաքը, այսինքն՝ Ասորը,
26 Ամամը, Սաման, Մոլադան,
27 Ասերգադդան, Բեթփաղէթը,
28 Ասարսուղան, Բերսաբէէն եւ նրանց աւաններն ու ագարակները,
29 Բաաղան, Աւիմը, Ասեմը,
30 Եղթոլադը, Քուղը, Երման,
31 Սիկելէկը, Մադեբենան, Սանսաննան,
32 Ղամոթը, Սէղէմին, Ռեմոնը՝ քսանինը քաղաքներ եւ նրանց աւանները։
33 Դաշտավայրերում՝ Եսթաւուլը, Սարաան, Ասնան, Ռամոնը,
34 Զանովը, Ադիաթեմը, Ենայիմը,
35 Յերիմութը, Ոդողամը, Ներման, Սոքովը, Ազեկան,
36 Սագարիմը, Գադերան եւ նրանց ագարակները. տասնչորս քաղաքներ եւ նրանց աւանները.
37 Սենանը, Ադասան, Մակդաղդադը,
38 Դաղաանը, Մասփան, Յեքթայէղը,
39 Ղաքիսը, Բազկաթը, Ագղոմը,
40 Քաբբան, Լամասը, Քասղոմը,
41 Գադերոթը, Բեթղագոնը, Մակեդդան, տասնվեց քաղաքներ եւ նրանց աւանները.
42 Ղեբնան, Աթերը,
43 Յեփթան, Ասեննան, Նեսիբը,
44 Կէիլան, Աքեզիբը, Մարեսան, Ելեմոմը. ինը քաղաքներ եւ նրանց աւանները.
45 Ակկարոնը, նրա աւաններն ու ագարակները.
46 Ակկարոնից մինչեւ Էմէն, Ազդարոդի բոլոր արուարձանները, նրանց աւաններն ու ագարակները.
47 Գազան, նրա աւաններն ու ագարակները մինչեւ Եգիպտոսի հեղեղատը եւ Մեծ ծովը, որը սահմանն է։
48 Լեռնավայրերի վրայ՝ Սափիրը, Յեթերը, Սոքովը,
49 Դեննան, Ահերմոն լեռը, Նամակաց քաղաքը՝ այսինքն՝ Դաբիրը,
50 Անոբը, Եսթեմովը, Անիմը,
51 Գոսոմը, Քիղվոնը, Գեղոնը, տասնմէկ քաղաքներ եւ նրանց աւանները.
52 Երեբը, Եսանը, Երուման,
53 Յանումը, Բեթթափուէն, Ափական,
54 Քամմատան, Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, Սիորը. ինը քաղաքներ եւ նրանց աւանները.
55 Մաւոնը, Քերմէլը, Զիփը, Յետտան,
56 Յեզրայէլը, Յեկտամը, Զանովան, Եկիմը,
57 Գաբաան, Թամնան, ինը քաղաքներ եւ նրանց աւանները.
58 Ալուլը, Բեթսուրը, Գեդորը,
59 Մարոթը, Բեթանոթը, Եղթեկեն. վեց քաղաքներ եւ նրանց աւանները. Թեկովը եւ Եփրաթան, այսինքն՝ Բեթղահէմը, Բագորը, Ետամը, Կուղոնը, Տատամին, Սորէսը, Կարէմը, Գաղղիմը, Բեթերը, Մանոքովը. տասնմէկ քաղաքներ եւ նրանց աւանները.
60 Կարիաթբաաղը, այսինքն՝ Յարիմ քաղաքը եւ Արաբան. երկու քաղաքներ, նրանց աւանները իրենց ագարակներով հանդերձ,
61 Բեթբարգիսը, Բեթարաբան, Մադոնը, Սոքովան,
62 Նեբսանը, Աղահանքի քաղաքները, Ենդագիսը. եօթը քաղաքներ եւ նրանց աւանները։
63 Յեբուսացիները բնակւում էին Երուսաղէմում, եւ Յուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դէմ, ուստի յեբուսացիները մինչեւ այսօր Երուսաղէմում բնակւում են Յուդայի որդիների հետ։