ՅԵՍՈՒ. Chapter 8

1 Տէրը Յեսուին ասաց. Մի՛ վախեցիր եւ մի՛ զարհուրիր, քեզ հետ վերցրո՛ւ բոլոր պատերազմող մարդկանց եւ վեր կաց գնա՛ դէպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագաւորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը եւ նրա երկիրը։
2 Գայիի եւ նրա թագաւորի հետ վարուի՛ր այնպէս, ինչպէս վարուեցիր Երիքովի եւ նրա թագաւորի հետ. կողոպտի՛ր նրա աւարը եւ անասունները։ Քաղաքի ետեւի կողմից դարանակալներ կարգի՛ր։
3 Յեսուն եւ ամբողջ պատերազմող ժողովուրդը վեր կացան, որ գնան Գայիի վրայ։ Յեսուն երեսուն հազար զօրաւոր մարդ ընտրեց եւ նրանց ուղարկեց գիշերով։
4 Նա նրանց պատուիրեց՝ ասելով. Տեսէ՛ք, դուք դարանամուտ պիտի լինէք քաղաքի ետեւի կողմից։ Քաղաքից շատ մի՛ հեռացէք, եւ ամէնքդ պատրա՛ստ եղէք։
5 Ես եւ ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կը մօտենանք քաղաքին, եւ երբ Գայիի բնակիչները մեր դէմ դուրս գան, ինչպէս առաջին անգամ, կը փախչենք նրանց առաջից։
6 Երբ ելնեն մեր ետեւից, կը հեռացնենք նրանց այդ քաղաքից, եւ նրանք կ՚ասեն՝ Փախան մեր առջեւից ինչպէս առաջին անգամ։
7 Երբ փախչենք նրանց առջեւից, դուք ելէ՛ք դարանից, մտէ՛ք քաղաք եւ հարուածեցէ՛ք քաղաքին, եւ Իսրայէլի Տէր Աստուածը նրանց մեր ձեռքը կը յանձնի։
8 Երբ առնէք քաղաքը, այրեցէ՛ք այն կրակով։ Կ՚անէք այնպէս, ինչպէս ձեզ պատուիրեցի։
9 Յեսուն նրանց ուղարկեց, նրանք գնացին դէպի դարանը, մտան թաքնուեցին Բեթէլի եւ Դանի միջեւ, Գայիի ծովահայեաց կողմից։ Այն գիշեր Յեսուն ժողովրդի մէջ մնաց։
10 Առաւօտը վաղ վեր կենալով՝ Յեսուն աչքի անցկացրեց ժողովրդին, եւ ինքն ու Իսրայէլի ծերերը ժողովրդի առաջից դուրս ելան Գայիի դէմ։
11 Ամբողջ պատերազմող զօրքը ելաւ նրանց հետ։ Նրանք եկան քաղաքի դիմաց արեւելեան կողմից, իսկ քաղաքի դարանակալները ծովի կողմում էին, եւ բանակ դրին Գայիի հիւսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջեւ մի ձոր կար։
12 Եւ Յեսուն առնելով հինգ հազար մարդ՝ նրանց դարան մտցրեց Բեթաւի եւ Գայիի ծովի միջեւ,
13 իսկ ժողովրդին ու ամբողջ բանակը տեղաւորեց քաղաքի հիւսիսային կողմում։ Նրանց վերջապահ զօրքը քաղաքի ծովահայեաց կողմում էր։ Յեսուն այդ գիշերն անցկացրեց ձորում։
14 Երբ Գայիի թագաւորն այս տեսաւ, առաւօտեան շտապ վեր կացաւ եւ ելաւ նրանց դէմ։ Քաղաքի մարդիկ, ինքը եւ ամբողջ ժողովուրդն այն ժամանակ պատերազմի գնացին Արաբի դիմաց գտնուող ձորը Իսրայէլի դէմ։ Բայց Գայի թագաւորը չգիտէր, որ իր համար քաղաքի ետեւի կողմում դարան են պատրաստել։
15 Երբ Յեսուն տեսաւ, կրկին ետ դարձաւ, եւ բոլոր իսրայէլացիները նրանց առաջից փախան անապատի ճանապարհով։
16 Գայիի թագաւորը երկրի ամբողջ ժողովրդին շտապեցրեց, որ հետապնդեն նրանց. եւ նրանք, հետապնդելով, գնացին իսրայէլացիների ետեւից ու հեռացան քաղաքից։
17 Գայիում ու Բեթէլում մարդ չմնաց, որ իսրայէլացիներին հետապնդելու գնացած չլինէր. քաղաքը թողեցին բաց եւ յարձակուեցին իսրայէլացիների վրայ։
18 Տէրը Յեսուին ասաց. Մեկնի՛ր ձեռքիդ նիզակը դէպի քաղաքը, որովհետեւ քո ձեռքն եմ մատնել այն, եւ դարանակալները թող շտապ դուրս գան իրենց տեղից։ Յեսուն մեկնեց իր ձեռքում եղած նիզակը դէպի քաղաքը։
19 Դարանակալները վեր կացան իրենց տեղից, եւ հէնց որ նա ձեռքը մեկնեց, ելան, մտան քաղաքը, գրաւեցին այն եւ քաղաքն անմիջապէս այրեցին հրով։
20 Գայիի բնակիչները ետ նայելով՝ տեսան, որ քաղաքի ծուխը մինչեւ երկինք է ելնում։ Նրանք չէին կարող փախչել այս կամ այն կողմ, իսկ ժողովուրդը, որ թաքնուած էր անապատում, յարձակուեց հետապնդողների վրայ։
21 Երբ Յեսուն եւ ամբողջ ժողովուրդը տեսան, որ դարանակալները գրաւեցին քաղաքը, եւ քաղաքի ծուխը մինչեւ երկինք է հասնում, նորից կրնկի վրայ ետ դարձան եւ հարուածեցին Գայիի մարդկանց։
22 Միւսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, եւ Գայիի մարդիկ մնացին բանակի մէջտեղը։ Իսրայէլացիների մի մասը այն կողմից, միւսները այս կողմից, այնքան հարուածեցին Գայիի զինուորներին, մինչեւ որ նրանցից ազատուող եւ փախչող չմնաց։
23 Իսկ Գայիի թագաւորին ձերբակալեցին եւ բերեցին Յեսուի մօտ։
24 Երբ իսրայէլացիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց դաշտերում, ոմանց լեռներում՝ զառիվայրի վրայ, մինչեւ այնտեղ, ուր հալածել էին նրանց, եւ ամէնքը սրակոտոր եղան իսպառ, Յեսուն շրջուեց դէպի Գայի եւ սրի քաշեց նրա բոլոր բնակիչներին։
25 Այդ օրն ընկածները, տղամարդ եւ կին, տասներկու հազար էին՝ Գայիի բոլոր բնակիչները։
26 Յեսուն նիզակ մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչեւ որ բնաջնջեց Գայիի բոլոր բնակիչներին,
27 բացի անասուններից եւ քաղաքի աւարից, որ կողոպտեցին իսրայէլացիները՝ Յեսուին տուած Տիրոջ հրամանի համաձայն։
28 Յեսուն քաղաքը կրակով այրեց եւ այն դարձրեց հողաբլուր, որ յաւիտեան անշէն մնաց մինչեւ այսօր։
29 Իսկ Գայիի թագաւորին կախեց երկճիւղ ծառից, եւ նա մնաց ծառից կախուած մինչեւ երեկոյ։ Եւ արեւը մայր մտնելու ժամանակ Յեսուն հրամայեց, նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մէջ, քաղաքի դարպասի մօտ եւ նրա վրայ քարերի կոյտ դիզեցին, որ կայ մինչեւ այսօր։
30 Այն ժամանակ Յեսուն Իսրայէլի Տէր Աստծու համար զոհասեղան շինեց Գեբաղ լերան վրայ,
31 ինչպէս պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը իսրայէլացիներին, որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում, - զոհասեղան ամբողջական քարերից, որոնց երկաթ չէր դիպել, եւ այնտեղ Տիրոջ համար ողջակէզ եւ փրկութեան զոհ մատուցեց։
32 Իսրայէլացիների առաջ այդ քարերի վրայ Յեսուն գրեց Մովսէսի Երկրորդ օրէնքը։
33 Բոլոր իսրայէլացիները, նրանց ծերերը, դատաւորները եւ օրէնսգէտները գնում էին տապանակի դիմացից՝ այս ու այն կողմից, թէ՛ օտարականը եւ թէ՛ բնիկը։ Ղեւտացի քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը։ Ուղեկցողների կէսը Գարիզին լերան մօտ էր, կէսը՝ Գեբաղ լերան մօտ, ինչպէս առաջ պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, որ ժողովրդին օրհնեն։
34 Ապա Յեսուն կարդաց այս օրէնքի բոլոր խօսքերը, օրհնութիւններն ու անէծքները, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում։
35 Այն բոլորից, որ Մովսէսը պատուիրել էր Յեսուին, չկար մի խօսք, որ Յեսուն չկարդար Իսրայէլի ամբողջ ժողովրդի՝ տղամարդկանց, կանանց, մանուկների եւ Իսրայէլի մէջ եղած օտարականների առաջ։