ՅՈՎՆԱՆ. Chapter 2

1 Տէրը խոշոր կէտ ձկանը հրամայեց կուլ տալ Յովնանին։ Երեք ցերեկ եւ երեք գիշեր Յովնանը կէտի փորում էր։
2 Յովնանը կէտի փորի միջից աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց.
3 Իմ նեղութեան մէջ ես աղօթեցի իմ Տէր Աստծուն, եւ նա լսեց իմ աղաչանքը դժոխքի խորքից։ Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը։
4 Ինձ գցեցիր ծովի խորքերը, եւ ջրի հոսանքները պաշարեցին ինձ։
5 Քո կոհակներն ու ալիքները թափուեցին ինձ վրայ, եւ ես մտածեցի, թէ մերժուել եմ քո ներկայութիւնից. արդեօք նորից պիտի տեսնե՞մ քո սուրբ տաճարը։
6 Ջրերը թափուեցին ինձ վրայ շունչս կտրելու աստիճան։ Խորունկ անդունդներ պաշարեցին ինձ։
7 Գլուխս մտաւ լեռների փապարների մէջ, իջայ մի երկիր, որի նիգերը փակ են յաւիտեան։ Ես կը փրկուեմ ապականութիւնից։
8 Երբ հոգիս տկարացաւ, քե՛զ դիմեցի, Տէ՛ր իմ Աստուած. մտաբերեցի Տիրոջը, եւ թող իմ աղօթքները հասնեն քո սուրբ տաճարը։
9 Նրանք, որ ունայն ու սուտ աստուածներ էին պաշտում,
10 թողեցին իրենց երկիւղածութիւնը։
11 Իսկ ես օրհնության եւ խոստովանանքի ձայնով քեզ պիտի մատուցեմ այն զոհը, որ ուխտեցի, եւ կ՚արժանանամ Տիրոջ փրկութեան։
12 Եւ Տէրը հրամայեց վիշապ ձկանը, եւ ձուկը նրան ցամաք նետեց։