ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ. Chapter 15

1 Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է։
2 Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի։
3 Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի։
4 Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք։
5 Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող։
6 Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի։
7 Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի։
8 Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք։
9 Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք։
10 Եթէ իմ պատուիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ։
11 Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի։
12 Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ։
13 Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար։
14 Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ։
15 Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ։
16 Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ։
17 Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց։
18 Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել։
19 Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։
20 Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն։
21 Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է։
22 Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ։
23 Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը.
24 եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը։
25 Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին։
26 Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կ՚ուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա՛ կը վկայի իմ մասին.
27 կը վկայէք եւ դուք, որովհետեւ սկզբից ինձ հետ էք։