ՕՍԷԷ. Chapter 13

1 Ըստ Եփրեմի խօսքի, նա ստացաւ Իսրայէլի Աստծու վճիռը, նրան հաստատեց Բահաղի համար ու մեռաւ։
2 Այժմ դարձեալ շարունակեցին մեղանչել եւ իրենց համար կուռքերի պատկերների նման ձուլածոյ արձաններ պատրաստեցին իրենց արծաթից՝ ճարտար արհեստաւորների գործ տալու նրանց։ Նրանք ասացին. Մարդի՛կ, զո՛հ մատուցեցէք, որովհետեւ հորթերը նուազեցին։
3 Դրա համար կը լինեն ինչպէս առաւօտեան ամպ եւ վաղորդեան ցօղ, որ անցնում է, ինչպէս փոշի՝ կալից քշուած, եւ ինչպէս ծուխ՝ պատուհանից դուրս եկող։
4 Ես եմ քո Տէր Աստուածը, որ հաստատեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը, ես, որի ձեռքերը հաստատեցին երկնքի բոլոր զօրքերը, բայց քեզ ցոյց չեմ տայ, որ գնաս նրանց յետեւից. ես հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, ինձնից բացի Աստուած չես ճանաչի, եւ ինձնից բացի փրկիչ չկայ։
5 Ես էի քեզ հովւում անապատում՝ անշէն երկրում։
6 Նրանք իրենց արօտավայրերի չափ յագեցան եւ զմայլուեցին, գոռոզացան իրենց սրտերով, դրա համար էլ մոռացան ինձ։
7 Ես նրանց համար կը լինեմ ինչպէս յովազ եւ ինչպէս ընձառիւծ Ասորեստանի ճանապարհին։
8 Կը պատահեմ նրանց ինչպէս սոված արջ, կը պատառոտեմ նրանց սրտերի վարագոյրը. անտառի կորիւնները կ՚ուտեն նրանց,եւ վայրի գազանները կը յօշոտեն նրանց։
9 Քո ապականութեան մէջ, Իսրայէ՛լ, ո՞վ է, որ պիտի օգնի քեզ։
10 Ո՞ւր է քո թագաւորը, որ փրկի քեզ քո բոլոր քաղաքներում, որ դատի քեզ, եւ որի մասին ասացիր, թէ՝ Տո՛ւր ինձ թագաւոր եւ իշխան։
11 Ես քեզ թագաւոր տուեցի իմ բարկութեամբ եւ յետ վերցրի նրան իմ սրտմտութեամբ։
12 Եփրեմը անիրաւութիւնների կծիկ է, եւ նրա մեղքերը թաքնուած են։
13 Ծննդկանի պէս երկունք կը պատահի նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ նա չի կարող տոկալ քո որդիների կործանմանը։
14 Ես դժոխքից կ՚ազատեմ նրանց եւ մահից կը փրկեմ նրանց։ Որտե՞ղ է քո յաղթանակը, մա՛հ, որտե՞ղ է քո խայթոցը, դժո՛խք։
15 Մխիթարութիւնը ծածկուած է իմ աչքերից, քանի որ նա խտրութիւն է դնում եղբայրների միջեւ։ Տէրը նրա վրայ կը բերի խորշակի հողմ անապատից, կը ցամաքեցնի նրա երակները եւ կ՚աւերի նրա աղբիւրները։ Նա կը չորացնի նրա երկիրը եւ նրա բոլոր թանկագին անօթները։