ՕՍԷԷ. Chapter 1

1 Տիրոջ խօսքը, որ հասաւ Երիի որդի Օսէէին, Յուդայի երկրի թագաւորներ Օզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերին եւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամի ժամանակ։
2 Օսէէին տրուած Տիրոջ խօսքի սկիզբը։ Տէրը ասաց Օսէէին. Դու գնա՛ եւ քեզ համար մի պոռնիկ կին ա՛ռ եւ պոռնկութեան որդիներ, որովհետեւ երկիրը չափից դուրս պիտի պոռնկանայ Տիրոջ դէմ։
3 Նա գնաց ու առաւ Գոմերին՝ Գաբելայիմի աղջկան, որը յղիացաւ եւ որդի ծնեց նրա համար։
4 Եւ Տէրն ասաց նրան. Նրա անունը Յեզրայէ՛լ դիր, որովհետեւ մի քիչ ժամանակ եւս, եւ ես Յեզրայէլի արեան վրէժը պիտի պահանջեմ Յէուիի տնից եւ պիտի դադարեցնեմ Իսրայէլի տան թագաւորութիւնը։
5 Այն օրը պիտի խորտակեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտում։
6 Գոմերը երկրորդ անգամ յղիացաւ եւ մի աղջիկ ծնեց, ու Տէրը ասաց նրան. Նրա անունը դի՛ր Չողորմած, որովհետեւ այլեւս պիտի չշարունակեմ ողորմել Իսրայէլի տանը, այլ նրանց դէ՛մ պիտի կանգնեմ հակառակութեամբ։
7 Բայց Յուդայի որդիներին պիտի ողորմեմ եւ պիտի փրկեմ նրանց, ես՝ իրենց Տէր Աստուածը, բայց չեմ փրկելու նրանց աղեղով, ո՛չ սրով, ո՛չ պատերազմով, ո՛չ կառքերով, ո՛չ ձիերով եւ ո՛չ հեծեալներով։
8 Եւ Չողորմածին կտրեց կաթից։ Գոմերը դարձեալ յղիացաւ եւ մի որդի ծնեց։
9 Տէրը ասաց. Նրա անունը դի՛ր Ոչ Իմ Ժողովուրդ, քանի որ դուք իմ ժողովուրդը չէք, եւ ես ձեր ոչ մի բանը չեմ։
10 Բայց իսրայէլացիների քանակը ծովի աւազի պէս անչափ ու անթիւ կը լինի. եւ այնտեղ, որտեղ ասուեց՝ Դուք իմ ժողովուրդը չէք, այնտեղ Կենդանի Աստծու որդիներ կը կոչուեն։
11 Եւ Յուդայի ու Իսրայէլի որդիները միասին կը հաւաքուեն, իրենց համար մի իշխանութիւն կը հաստատեն եւ կ՚ելնեն այն երկրից, քանի որ մեծ է Յեզրայէլի օրը։