ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ. Chapter 6

1 Ուստի, Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով՝ գանք չափահասներին սահմանուած ուսուցման՝ առանց վերստին հիմք դնելու մեռած գործերից ապաշխարելու, դէպի Աստուած հաւատի,
2 մկրտութիւնների վարդապետութեան, ձեռնադրութեան, մեռելների յարութեան եւ յաւիտենական դատաստանի վրայ։
3 Եւ արդ, այս բանը պիտի անենք, եթէ Աստուած թոյլ տայ.
4 որովհետեւ մէկ անգամ մկրտուածների համար, - որ ճաշակեցին երկնաւոր պարգեւներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն,
5 Աստծու գեղեցիկ խօսքի վայելքն ունեցան եւ գալիք աշխարհի զօրութիւնները ճանաչեցին, -
6 եթէ սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարութեամբ նորոգուել, որովհետեւ նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն եւ դարձեալ խաղք ու խայտառակ դարձնում.
7 քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրայ թափուած անձրեւը եւ օգտակար արդիւնքներ է տալիս նրանց, որոնց համար մշակւում է, Աստծուց օրհնութիւն է ստանում։
8 Իսկ եթէ փուշ եւ տատասկ է տալիս, նա անպէտք է եւ արժանի է անէծքի. եւ նրա վախճանը այրուելն է։
9 Սիրելինե՛ր, թէպէտեւ այսպէս եմ խօսում, բայց վստահ եմ ձեր վրայ, որ լաւագոյն ուղու վրայ էք, մանաւանդ որ այն առաջնորդում է փրկութեանը։
10 Անարդար չէ Աստուած, որ մոռանայ ձեր գործերը եւ սէրը, որ ցոյց տուեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին եւ ծառայում էք մինչեւ այժմ։
11 Եւ մենք ցանկանում ենք, որ ձեզնից իւրաքանչիւրը նոյն փութաջանութիւնը ցուցաբերի, որպէսզի հաստատ մնայ ձեր յոյսը մինչեւ վերջ։
12 Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանուէք նրանց, որ հաւատով եւ համբերութեամբ ժառանգեցին խոստումները։
13 Երբ Աստուած Աբրահամին իր խոստումը տուեց, - քանի որ չկար աւելի մեծ մէկը, որ նրանով երդուէր, -
14 նա ինքն իր վրայ երդուեց եւ ասաց.
15 Եւ այսպէս, համբերատար լինելով, Աբրահամը հասաւ խոստմանը։
16 Արդարեւ, մարդիկ երդւում են նրանով, ով մեծ է իրենցից. եւ նրանց մէջ եղած ամէն հակառակութեան վերջնական վճիռը երդումն է։
17 Ահա թէ ինչու Աստուած, կամենալով առաւել եւս ցոյց տալ իր նպատակի անփոփոխ լինելը խոստման ժառանգորդներին, օգտագործեց երդումը,
18 որպէսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցոյց են տալիս, թէ անհնար է, որ Աստուած սուտ խօսած լինի, մենք հաստատուն մխիթարութիւն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու հանդերձեալ յոյսից,
19 որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար. յոյս, որ թափանցում է վարագոյրից այն կողմ,
20 ուր մեր նախակարապետը՝ Յիսուս, մտաւ մեզ համար՝ լինելով յաւիտենական Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։