ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ. Chapter 4

1 Զգո՛յշ լինենք ուրեմն, որ նրա հանգստի մէջ մտնելու խոստումից, որ տրուած է մեզ, ձեզնից որեւէ մէկը չզրկուի.
2 քանզի աւետուած է, ինչպէս եւ նրանց։ Բայց խօսքը լսելը չօգնեց անապատում եղողներին, որոնք հաւատով չլսեցին այն։
3 Իսկ մենք, որ հաւատացինք, մտնելու ենք այդ հանգստի մէջ, ինչպէս որ նա ասաց.
4 թէեւ նրա գործերը աշխարհի սկզբից կատարուած էին։
5 Քանզի մի տեղ եօթներորդ օրուայ մասին այսպէս է ասուած.
6 Եւ այստեղ դարձեալ ասում է, թէ՝ չպիտի մտնեն իմ հանգստի մէջ։
7 Եւ արդ, քանի որ ոմանց արգելուել էր մտնել նրա մէջ, եւ նրանք էլ, որոնց նախապէս աւետուել էր, չմտան անհնազանդութեան պատճառով,
8 դարձեալ նա մի ուրիշ օր է սահմանում, Այսօրը. երկար ժամանակ յետոյ ասում է, ինչ որ Դաւթի բերանով ասուել է աւելի առաջ.
9 Որովհետեւ, եթէ Յեսուն դրանց հանգիստ տուած լինէր, ապա դրանից յետոյ Աստուած ուրիշ օրուայ մասին չէր խօսի։
10 Արդ, ուրեմն, Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր.
11 որովհետեւ, ով մտնում է նրա հանգստի մէջ, նա հանգստանում է իր գործերից, ինչպէս Աստուած էլ հանգստացաւ իր գործերից։
12 Ջանանք, ուրեմն, մտնել այդ հանգստի մէջ, որպէսզի որեւէ մէկը նոյնօրինակ անհնազանդութեան մէջ չընկնի։
13 Կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։
14 Եւ նրա առաջ չկայ անտեսանելի արարած, այլ ամէն ինչ պարզ ու յստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խօսքերը։
15 Ուրեմն, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Յիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դաւանած հաւատը.
16 քանզի ոչ թէ ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարութեանը, այլ՝ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձուած է ամէն ինչում, բայց առանց մեղքի է։
17 Ուրեմն, համարձակութեամբ մօտենանք նրա շնորհի աթոռին, որպէսզի ողորմութիւն ստանանք եւ շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնութեան կարիք ունենք։