ԱՄԲԱԿՈՒՄ. Chapter 3

1 Ամբակում մարգարէի աղօթքը՝ երգով։
2 Տէ՛ր, քո լուրը լսեցի եւ վախեցայ, նայեցի քո գործերին եւ զարհուրեցի. դու կը ճանաչուես երկու գազանների միջեւ, երբ տարիները մօտենան՝ կը յայտնուես, երբ ժամանակը հասնի՝ կ՚երեւաս, երբ իմ անձը բարկութիւնից խռովուի՝ ողորմութիւնս կը յիշես։
3 Աստուած Թեմանից կը գայ, սուրբը՝ զով եւ անտառախիտ լեռից. նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնութեամբ լցուեց երկիրը (դադար)։
4 Նրա ճառագայթները լոյսի պէս կը լինեն, եւ եղջիւրներ կային նրա ձեռքում։ Նա ուժգին սէր հաստատեց իր զօրութեան նկատմամբ։
5 Նրա առջեւից լուրը կը գնայ եւ դաշտ դուրս կը գայ նրանից յետոյ։
6 Նա կանգնեց, եւ շարժուեց երկիրը. նայեց, եւ հալուեցին ազգերը, լեռները բռնութեամբ խորտակուեցին, եւ հալուեցին յաւերժական բլուրներ։
7 Նրա ընթացքը յաւիտենական տեսայ, զարհուրեցին եթովպացիների վրանները եւ Մադիամի երկրի վրանները։
8 Մի՞թէ գետերի դէմ ես բարկանում, Տէ՛ր, քո բարկութիւնը գետերի՞ վրայ է ընկնում, կամ քո ասպատակութիւնը՝ ծովերի՞ վրայ, որպէսզի բարձրանաս քո ձիու վրայ, իսկ քո հեծնելը փրկութիւն է։
9 Շատ ձիգ կը լարես քո աղեղը իշխանութեան դէմ, - ասում է Տէրը, - երկիրը գետերով պատռուեց։
10 Քեզ կը տեսնեն ժողովուրդները եւ երկունքի ցաւեր կ՚ունենան. դու ես հաստատում ջրերի ընթացքը։ Անդունդները ձայն տուեցին սաստիկ բարձրութեամբ։
11 Բարձրացաւ արեգակը, եւ լուսինը կանգնեց իր տեղում։ Քո նետերը կը թռչեն լոյսի մէջ, եւ քո զէնքերի փայլը կը լինի փայլատակումների պէս։
12 Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը եւ բարկութեամբ կը տկարացնես ազգերին։
13 Ելար քո ժողովրդի փրկութեան համար՝ փրկելու քո օծեալներին. մահ բերեցիր անօրէնների գլխին. կապանքներ բարձրացրիր ամբողջ պարանոցն ի վեր (դադար)։
14 Ապուշ դարձնելով խորտակեցիր բռնակալների գլուխը։ Նրանք կը սասանուեն դրանից, կ՚արձակեն իրենց երասանները ինչպէս գաղտագողի ուտող աղքատ։
15 Ծով հանեցիր քո ձիերը՝ շատ ջրեր պղտորելու։
16 Նայեցի, եւ իմ սիրտը զարհուրեց իմ շրթների աղօթքների ձայնից, դող ընկաւ ոսկորներիս մէջ, եւ փորս անհանգստացաւ ներսից։ Կը հանգստանամ նեղութեան օրը, որպէսզի ելնեմ գնամ դէպի իմ պանդուխտ ժողովուրդը.
17 քանզի եթէ անգամ թզենին իր պտուղը չտայ, որթատունկը ծնունդ չունենայ, ձիթենին բերք չտայ, դաշտերը կերակուր չտան, հօտերը դադարեն արածելուց, եւ մսուրների մէջ եզներ չլինեն,
18 ես պիտի ուրախանամ Տիրոջով, ուրախանամ իմ փրկիչ Աստուծով։
19 Տէր Աստուածն է իմ զօրութիւնը, նա կը հաստատի իմ ոտքերը մինչեւ վերջ եւ ինձ բարձունք կը հանի՝ յաղթելու իր երգով։