ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 2

1 Այնուհետեւ, տասնչորս տարի յետոյ, նորից ելայ Երուսաղէմ Բառնաբասի հետ՝ ինձ հետ վերցնելով նաեւ Տիտոսին։
2 Եւ այնտեղ ելայ ինձ պատահած մի յայտնութեան հետեւանքով. եւ նրանց ներկայացրի այն Աւետարանը, որը քարոզում էի հեթանոսների մէջ մասնաւորապէս նրանց, որոնք երեւելիներ էին համարւում, այն մտածումով, որ մի գուցէ իմ ընթացքը ի զուր է եղել եւ կամ ի զուր է։
3 Եւ Տիտոսն իսկ, որ ինձ հետ էր, թէեւ հեթանոս, չպարտաւորուեց թլփատուել՝ հակառակ ներս սպրդած սուտ եղբայրներին.
4 նրանք սպրդել մտել էին՝ լրտեսելու մեր այն ազատութիւնը, որ ունենք Քրիստոս Յիսուսով, որպէսզի մեզ ծառայ դարձնեն.
5 նոյնիսկ, ժամանակաւորապէս, չանսացինք հնազանդուել նրանց, որպէսզի Աւետարանի ճշմարտութիւնը հաստատ մնայ ձեր մէջ։
6 Ինչ վերաբերում է երեւելիներին (թէ նրանք երբեւիցէ մի բան եղել են, իմ հոգը չէ, քանզի Աստուած մարդկանց աչառութիւն չի անում), այդ երեւելիները նման որեւէ բան չիմացրին ինձ։
7 Այլ, դրան հակառակ, երբ տեսան, թէ հեթանոսների աւետարանն ի՛նձ է վստահուած, ինչպէս Պետրոսին՝ հրեաների աւետարանը
8 (որովհետեւ նա, որ Պետրոսին յաջողեցրեց առաքելութիւն հրեաների մէջ, ինձ էլ յաջողեցրեց առաքելութիւն հեթանոսների մէջ),
9 երբ Յակոբոսը, Կեփասը եւ Յովհաննէսը, որոնք սիւներ էին համարւում, իմացան այն շնորհների մասին, որ տրուած էին ինձ, հաւանութեան ձեռք մեկնեցին ինձ եւ Բառնաբասին, որպէսզի մենք գնանք հեթանոսների մէջ, իսկ իրենք՝ հրեաների մէջ.
10 միայն թէ նրանք խնդրեցին, որ յիշենք աղքատներին. եւ ես հոգ տարայ այդ նոյն բանն անելու։
11 Եւ երբ Կեփասն Անտիոք եկաւ, ընդդիմացայ նրան, որովհետեւ մեղադրելի ընթացքի մէջ էր.
12 քանզի, մինչ Յակոբոսի շրջանակից ոմանք դեռ չէին եկել, նա հեթանոսների հետ էր ուտում անխտիր, իսկ երբ եկան, բաժանուեց եւ մի կողմ քաշուեց՝ վախենալով թլփատութեան կողմնակիցներից։
13 Եւ ուրիշ հրեաներ էլ կեղծաւորութիւն արեցին նրա հետ. մինչեւ իսկ Բառնաբասը ներքաշուեց նրանց կեղծաւորութեան մէջ։
14 Իսկ երբ տեսայ, որ ուղիղ չեն ընթանում Աւետարանի ճշմարտութեամբ, բոլորի առաջ Կեփասին ասացի. Եթէ դու, որ հրեայ ես, հեթանոսի նման ես ապրում եւ ոչ հրեայի նման, ինչո՞ւ ես ստիպում հեթանոսներին, որ հրեայի նման լինեն։
15 Իսկ մենք, որ իսկական հրեաներ ենք եւ ոչ թէ այդ հեթանոս մեղաւորներից,
16 գիտենք, որ մարդ չի արդարանայ օրէնքի գործերով, այլ միայն՝ Յիսուս Քրիստոսի հաւատով. եւ մենք հաւատացինք Քրիստոս Յիսուսին, որպէսզի արդարանանք Քրիստոսի հաւատով եւ ո՛չ թէ օրէնքի գործերով. քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացուելու օրէնքի գործերով։
17 Իսկ եթէ Քրիստոսով արդարանալ ուզելով՝ մեղաւոր գտնուեցինք, ապա ուրեմն Քրիստոս մեղքի՞ն ծառայեց. քա՛ւ լիցի.
18 որովհետեւ, եթէ ինչ որ ես քանդեցի, նոյնը վերստին շինեմ, ապա ինքս ապացուցած կը լինեմ, որ մեղաւոր եմ.
19 քանի որ ես օրէնքի տակ մեռայ օրէնքի համար, որպէսզի ապրեմ Աստծու համար։
20 Քրիստոսի հետ խաչը ելայ. կենդանի եմ այսուհետեւ. բայց ոչ թէ ես, այլ իմ մէջ ապրում է Քրիստոս։ Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հաւատո՛վ եմ ապրում, որ սիրեց ինձ եւ իրեն մահուան մատնեց ինձ համար։
21 Եւ ես Աստծու շնորհը չեմ անարգում, քանի որ, եթէ արդարութիւնը օրէնքից է, ապա Քրիստոս ի զուր մեռաւ։