ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 3

1 Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Յիսուս Քրիստոս նկարագրուեց խաչը ելած։
2 Ա՛յս բանն եմ միայն ուզում իմանալ ձեզնից. օրէնքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թէ՞ հաւատի քարոզութեամբ։
3 Այդչափ անմի՞տ էք. սկսեցիք հոգով, իսկ հիմա մարմնո՞վ էք վերջացնում։
4 Եւ այդքան փորձութիւններ ի զո՞ւր անցան ձեր գլխով, - եթէ անշուշտ ի զուր էին։
5 Իսկ արդ, նա, որ Հոգին բաշխեց ձեզ եւ զօրութիւններ գործեց ձեր մէջ, օրէնքի գործերո՞վ էր, թէ՞ հաւատի քարոզութեամբ։
6 Այսպէս՝ Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան համարուեց որպէս արդարութիւն։
7 Գիտէ՞ք արդեօք, որ Աբրահամի որդիները նրանք են, որոնք այդ հաւատից են։
8 Սուրբ Գիրքը կանխատեսում էր, թէ Աստուած հեթանոսներին հաւա՛տով է արդարացնելու. նախապէս խոստացաւ Աբրահամին, թէ՝ Բոլոր ազգերը քեզնով են օրհնուելու։
9 Այսպէս ուրեմն, նրանք, որ հաւատից են, օրհնւում են հաւատացեալ Աբրահամի հետ։
10 Նրանք, որ օրէնքի գործադրողներն են, անէծքի տակ են, քանզի գրուած է, թէ՝ Անիծեալ է ամէն մարդ, որ օրէնքի գրքում եղած բոլոր գրուածները չի պահում եւ չի գործադրում։
11 Որ օրէնքով ոչ ոք չի արդարանայ Աստծու առաջ, այդ քաջ յայտնի է, որովհետեւ՝ Արդարը, - ասում է, - հաւատով է ապրելու։
12 Իսկ օրէնքը հաւատից չէ. բայց ով կատարի այն, նրանով կ՚ապրի։
13 Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրուած է, թէ՝ Անիծեալ է այն մարդը, որը կախուած է փայտից ),
14 որպէսզի Աբրահամի օրհնութիւնը Քրիստոս Յիսուսով գայ հեթանոսների վրայ, եւ որպէսզի Սուրբ Հոգու խոստումը մենք ընդունենք հաւատով։
15 Եղբայրնե՛ր, մարդկայնօրէն եմ ասում. նոյնիսկ մարդկանց հաստատած կտակը ոչ ոք չի կարող խափանել եւ ոչ էլ նրա վրայ մի այլ բան աւելացնել։
16 Արդ, խոստումը Աբրահամի՛ն արուեց եւ նրա շառաւիղին. չի ասում՝ շառաւիղներին, չակնարկելու համար շատերին, այլ ակնարկում է մէկին՝ Եւ քո զաւակին, որ Քրիստոսն է։
17 Ահա՛ թէ ինչ եմ ասում. այն կտակը, որ նախապէս հաստատուել էր Աստծու կողմից Քրիստոսով, դրանից չորս հարիւր երեսուն տարի յետոյ դրուած օրէնքը չի կարող խախտել, որպէսզի չխափանուի խոստումը։
18 Եթէ ժառանգութիւնը օրէնքից է, ապա այլեւս խոստումից չէ. բայց Աստուած Աբրահամին խոստումո՛վ շնորհեց այն։
19 Իսկ արդ, ինչի՞ համար է օրէնքը. օրէնքը տրուեց յանցանքների պատճառով, մինչեւ որ գար այն զաւակը, որին եղած խոստումը հրեշտակների կողմից տրուեց միջնորդի միջոցով։
20 Իսկ միջնորդը ենթադրում է երկու կողմ, մինչդեռ Աստուած մէ՛կ է։
21 Եւ արդ, օրէնքը Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛ւ լիցի. որովհետեւ, եթէ օրէնքը, որ տրուած է, կարո՛ղ լինէր կեանք տալ, ապա հաստատապէս արդարութիւնը օրէնքից կը լինէր։
22 Բայց Սուրբ Գիրքը ամէն ինչ դրեց մեղքի տակ, որպէսզի խոստումը Յիսուս Քրիստոսի հաւատով տրուի հաւատացողներին։
23 Քանի դեռ հաւատը չէր եկել, օրէնքի տակ փակուած էինք մնում՝ սպասելով գալիք այն հաւատին, որ յայտնուելու էր մեր մէջ։
24 Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք։
25 Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք.
26 քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս։
27 Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք.
28 ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս։
29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման։