ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 6

1 Եղբայրնե՛ր, եթէ ձեզնից մէկը ինչ-որ յանցանքի մէջ բռնուի յանկարծ, դուք, որ հոգեւոր էք, վերահաստատէ՛ք նրան հեզութեան ոգով. զգո՛յշ եղէք ինքներդ ձեր նկատմամբ, որպէսզի դուք էլ փորձութեան չենթարկուէք։
2 Միմեանց բեռը կրեցէ՛ք եւ այդպիսով կատարեցէ՛ք Քրիստոսի օրէնքը։
3 Եթէ մէկը կարծում է, թէ ինքը մի բան է, եւ սակայն չէ, ինքն իրեն է խաբում։
4 Թող իւրաքանչիւր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրա՛յ միայն պարծենայ եւ ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով.
5 որովհետեւ իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու։
6 Աշակերտը թող մասնակից անի ուսուցչին բոլոր բարի բաներում։
7 Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում,
8 որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կը հնձի ապականութիւն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կը հնձի յաւիտենական կեանք։
9 Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ յարմար ժամանակին պիտի հնձենք, եթէ չթուլանանք։
10 Ահա թէ ինչու, քանի դեռ ժամանակ կայ, բարին գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ։
11 Տեսէք, թէ ինչպիսի՛ գրերով գրեցի ձեզ իմ այս ձեռքով.
12 որովհետեւ նրանք, որ ցանկանում են ըստ մարմնի լաւ մարդ երեւալ, նրա՛նք են ստիպում ձեզ, որ թլփատուէք։ Միայն թէ Քրիստոսի խաչի յետեւից չգնան.
13 քանզի նրանք, որ թլփատուած են, օրէնքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատուէք, որպէսզի ձեր մարմնո՛վ պարծենան։
14 Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար.
15 որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը։
16 Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ Աստծու Իսրայէլի վրայ։
17 Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները։
18 Եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի։ Ամէն։