ԵՓԵՍԱՑԻՆԵՐ. Chapter 6

1 Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին ի Տէր, որովհետեւ դա է ճիշտը։
2 Պատուի՛ր քո հօրն ու մօրը, - որ առաջին պատուիրանն է՝ տրուած խոստումով, -
3 որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար կեանք ունենաս երկրի վրայ։
4 Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով։
5 Ծառանե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին ահով եւ դողով եւ անկեղծ սրտով, ինչպէս հնազանդ էք Քրիստոսին.
6 ո՛չ թէ հսկողութեան տակ ծառայելով, որպէս մարդահաճոյ անձեր, այլ՝ որպէս Քրիստոսի ծառաներ՝ կատարելու համար Աստծու կամքը։
7 Յօժարութեա՛մբ ծառայեցէք, ինչպէս պիտի ծառայէիք Տիրոջը եւ ոչ թէ՝ մարդկանց։
8 Իմացէ՛ք, որ իւրաքանչիւր ոք՝ թէ՛ ծառայ եւ թէ՛ ազատ, ինչ բարի բան որ անի, նոյնն էլ կը ստանայ Տիրոջից։
9 Եւ դուք, տէրե՛ր, նո՛յնն արէք նրանց հանդէպ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացէ՛ք, որ ե՛ւ նրանք, ե՛ւ դուք Տէր ունէք երկնքում, եւ նրա առաջ աչառութիւն չկայ։
10 Եւ վերջապէս, զօրացէ՛ք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ.
11 եւ Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին.
12 որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։
13 Ուստի առէ՛ք Աստծու սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին.
14 եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝
15 ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ։
16 Եւ այս բոլորի վրայ, առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։
17 Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խօսքը։
18 Ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով ամէն ժամ աղօթեցէ՛ք Հոգով. եւ այդ բանի մէջ հսկեցէ՛ք անխոնջ յարատեւութեամբ եւ աղաչանքներով բոլոր սրբերի համար,
19 նաեւ ինձ համար, որպէսզի ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու համարձակութեամբ՝ ցոյց տալու համար Աւետարանի խորհուրդը,
20 որի պատգամաւորն եմ ես այս կապանքներով, որպէսզի իմ այս վիճակում համարձակուեմ խօսել, ինչպէս որ պարտաւոր եմ խօսել։
21 Բայց որպէսզի դուք էլ գիտենաք իմ մասին, թէ ինչ եմ անում, Տիւքիկոս սիրելի եղբայրը եւ Տիրոջ հաւատարիմ պաշտօնեան ձեզ ամէն ինչ կը տեղեկացնի այդ մասին.
22 նրան ուղարկեցի ձեզ մօտ, որպէսզի դուք տեղեակ լինէք մեր մասին, եւ նա մխիթարի ձեր սրտերը։
23 Խաղաղութի՜ւն եղբայրներին եւ սէ՜ր հաւատով հանդերձ՝ Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
24 Շնո՜րհ բոլոր նրանց, որոնք սիրում են մեր Տէր Յիսուս Քրիստոսին անեղծութեամբ։