ԴԱՆԻԷԼ. Chapter 12

1 Ես Կիւրոսի առաջին իսկ տարում ամուր էի եւ ուժեղ։
2 Այժմ ես քեզ կը յայտնեմ ճշմարտութիւնը։ Ահա երեք թագաւորներ պիտի բարձրանան Պարսից երկրում, եւ չորրորդը իր հարստութեամբ բոլորից աւելի մեծ պիտի լինի. նա իր հարստութեամբ հզօրանալուց յետոյ պիտի յարձակուի յունաց թագաւորութեան վրայ։
3 Հզօր մի թագաւոր պիտի բարձրանայ, պիտի տիրի շատ տէրութիւնների եւ պիտի անի, ինչ որ կամենայ.
4 եւ երբ բարձրանայ, նրա թագաւորութիւնը պիտի փշրուի, բաժանուի ու տրուի երկնքի չորս հողմերին։ Եւ դա ոչ ըստ նրա վախճանի, ոչ իր տէրութեան պատճառով, որին տիրում էր, քանի որ պիտի խլուի նրա թագաւորութիւնը, իսկ ուրիշներինը պիտի մնայ իրենց։
5 Եւ պիտի զօրանայ Հարաւի թագաւորը, իշխաններից մէկը պիտի հզօրանայ նրանից աւելի եւ տիրի աւելի մեծ տէրութեան։
6 Տարիներ յետոյ նրանք պիտի մերձենան միմեանց։ Հարաւի թագաւորի դուստրը պիտի գայ Հիւսիսի թագաւորի մօտ՝ նրա հետ դաշինք կնքելու, բայց չի պահպանուելու նրա բազկի զօրութիւնը, նրա սերունդը չի մնալու, եւ ինքն ու իրեն բերողները, նաեւ այն օրիորդն ու նա, որ խնամում էր նրան այդ ժամանակ, մահուան պիտի մատնուեն։
7 Նրա արմատի ընձիւղից պիտի բարձրանայ մէկը, նա ուժ պիտի ստանայ, պիտի մտնի Հիւսիսի թագաւորութեան հաստատութեան մէջ, պիտի գործի նրանց դէմ եւ պիտի զօրանայ։
8 Նա պիտի կործանի նրանց աստուածները իրենց ձուլածոյ կուռքերով հանդերձ, եւ նրանց ամբողջ սպասքը՝ ոսկեայ եւ արծաթեայ, աւար առնելով պիտի բերի Եգիպտոս. եւ ինքն առաւել հաստատուն պիտի լինի, քան Հիւսիսի թագաւորը,
9 պիտի մտնի Հարաւի թագաւորութեան մէջ եւ այնտեղից նորից պիտի վերադառնայ իր երկիրը։
10 Նրա որդիները զօրքի մեծ բազմութիւն պիտի հաւաքեն. նրանցից մէկը հեղեղի նման պիտի յարձակուի, անցնի եւ մինչեւ նրա ամրոցը պիտի շարունակի պատերազմել։
11 Եւ Հարաւի թագաւորը պիտի գազանանայ, պիտի ելնի ու պատերազմ տայ Հիւսիսի թագաւորի դէմ. սա մեծ զօրք պիտի գումարի, բայց զօրքը պիտի յանձնուի հակառակորդին։
12 Հարաւի թագաւորը պիտի գրաւի այդ բազմութիւնը, նա պիտի գոռոզանայ իր սրտում, շատերին պիտի կործանի, բայց չի յաղթելու։
13 Հիւսիսի թագաւորը պիտի վերադառնայ, աւելի զօրք պիտի բերի, քան առաջին անգամ, եւ որոշ ժամանակ անց պիտի գայ մտնի մեծ զօրքով եւ բազում ունեցուածքով։
14 Այդ ժամանակ շատերը պիտի յարձակուեն հարաւի թագաւորի վրայ։ Քո ժողովրդի մնացեալ որդիները ոտքի պիտի ելնեն՝ հաստատելու տեսիլքը, բայց պիտի տկարանան։
15 Հարաւի թագաւորը պիտի մտնի, հողապատնէշ պիտի բարձրացնի եւ պիտի գրաւի ամուր քաղաքներ, բայց հարաւի թագաւորի բազուկները չեն դիմանալու. նրա ընտրեալները պիտի ապստամբեն, եւ նա ուժ չի ունենալու դիմադրելու նրանց.
16 եւ նա, ով կը մտնի նրա մօտ, կը կատարի նրա կամքը, եւ ոչ մէկը չի լինի, որ կանգնի նրա դէմ։ Նա պիտի մնայ Սաբիմի երկրում, եւ երկիրը պիտի տառապի նրա ձեռքից։
17 Նա պիտի մտադրուի իր ուժով մտնելու նրա ամբողջ թագաւորութեան մէջ եւ իբր թէ ուղիղ մտքով պիտի անի ամէն ինչ նրա հետ։ Երկիրն աւերելու դիտաւորութեամբ իր կանանց դուստրը պիտի տայ նրան, բայց այդ խարդաւանքը չի յաջողուելու նրան.
18 Նա իր երեսը պիտի դարձնի դէպի կղզիները, պիտի գրաւի շատերը եւ պիտի այրի այն իշխաններին, որոնք նախատեցին նրանց բնակիչներին, եւ նրանց նախատինքը պիտի վերադարձնի հէնց իրենց։
19 Նա զօրութեամբ պիտի վերադառնայ իր երկիրը, պիտի տկարանայ, ընկնի, եւ հետք չի մնալու նրանցից։
20 Նրա արմատից թագաւորութեան տունկ պիտի բարձրանայ եւ բռնութեամբ պիտի վերցնի թագաւորական փառքը, բայց այդ օրերին նա պիտի խորտակուի.
21 նա ո՛չ իր անձով եւ ո՛չ պատերազմով չի մնալու իր դիրքի վրայ, քանի որ արհամարհուեց։ Նրան թագաւորական փառքի չարժանացրին, ոչ էլ յաջողութիւն եկաւ նրան. նա տարուեց թագաւորական գայթակղութիւններով։
22 Այն բազուկները, որոնք պիտի յարձակուեն, պիտի խորտակուեն նրա երեսից։ Պիտի խորտակուի նաեւ ուխտի առաջնորդը.
23 նա նենգութիւն պիտի անի իր դաշնակիցների դէմ, պիտի ելնի եւ յաղթի նրանց քիչ մարդկանցով,
24 յաջողութեամբ շատ երկրներ պիտի գրաւի եւ անի այն, ինչ չարեցին նրա հայրերը, ոչ էլ նրա հայրերի հայրերը. աւարը, կողոպուտը եւ ունեցուածքը պիտի բաշխի նրանց եւ եգիպտացիների մասին էլ պիտի մտածի, մինչեւ ժամանակը գայ,
25 պիտի զարթնի նրա զօրութիւնը, եւ նրա սիրտը լցուի մեծ ուժով Հարաւի թագաւորութեան դէմ։Հարաւի թագաւորը պատերազմի պիտի ելնի մեծ եւ շատ հզօր զօրքով եւ չի կարողանալու դիմադրել, որովհետեւ նրա դէմ դաւ պիտի նիւթեն.
26 պիտի ուտեն ինչ որ նրան է պատկանում, պիտի խորտակեն նրան, նրա զօրքը պիտի այրեն, եւ շատ վիրաւորներ պիտի ընկնեն։
27 Երկու թագաւորների սրտերում էլ մնալու է չարութիւնը, նոյն սեղանի շուրջը նրանք սուտ պիտի խօսեն, բայց այդ չի յաջողուելու, որովհետեւ դեռ ժամանակի վախճանը հասած չէ։
28 Նա պիտի վերադառնայ իր երկիրը մեծ հարստութեամբ՝ թշնամացած սրտով սուրբ ուխտի դէմ. այդպէս պիտի անի եւ վերադառնայ իր երկիրը։
29 Պիտի վերադառնայ ժամանակին, պիտի գայ Հարաւի դէմ, բայց վերջինս առաջինի նման չի լինելու։
30 Նրա զօրքի մէջ պիտի մտնեն կիտացիների բանակները, եւ նա պիտի թուլանայ ու պիտի վերադառնայ՝ բարկութեամբ լցուած սուրբ ուխտի դէմ. այդպէս պիտի անի եւ վերադառնայ ու նորից պիտի զօրք գումարի նրանց դէմ, որոնք լքեցին սուրբ ուխտը։
31 Սերունդներ պիտի ելնեն, պիտի բարձրանան նրանից, բռնութեամբ պիտի պղծեն սրբարանը, պիտի վերացնեն ամենօրեայ զոհաբերութիւնները, պղծութեամբ պիտի ապականեն այն,
32 եւ ուխտի այդ ապականիչները գայթակղութիւն պիտի բերեն իրենց վրայ։Բայց ժողովուրդը, որ ճանաչում է իր Աստծուն, պիտի զօրանայ եւ ուխտը կատարի.
33 եւ ժողովրդի խոհուն մարդիկ շատերին խելամուտ պիտի դարձնեն, թէեւ նրանք միառժամանակ պիտի տկարանան սրով ու հրով, գերութեամբ եւ յափշտակութեամբ։
34 Եւ երբ նրանք տկարանան, փոքր-ինչ օգնութիւն պիտի գտնեն, շատերը պիտի միանան նրանց իրենց գայթակղութիւններով։
35 Խոհուն մարդկանցից ոմանք պիտի տկարանան նրանց փորձելու եւ ընտրելու համար, եւ յայտնելու նրանց, որ այդպէս պիտի լինի մինչեւ ժամանակի վախճանը, որովհետեւ տակաւին ժամանակ կայ։ Թագաւորը պիտի անի, ինչ որ կամենում է,
36 պիտի բարձրանայ եւ մեծամտանայ բոլոր աստուածների նկատմամբ, ամբարտաւան բաներ պիտի բարբառի աստուածների Աստծու մասին, եւ դա պիտի յաջողուի նրան, մինչեւ որ անցնի իր բարկութիւնը, քանի որ պիտի գայ բարկութեան վերջը։
37 Նա պիտի մտածի իրենց հայրերի աստուածների մասին, կանանց ցանկանալու մասին, չի մտածելու այլ աստուածների մասին։
38 Նա պիտի մեծամտանայ բոլորի նկատմամբ, պիտի փառաւորի հզօր աստծուն իր գտնուած տեղում եւ ա՛յն Աստծուն, որին չճանաչեցին իր հայրերը. պիտի փառաւորի նրան ոսկով, արծաթով, թանկարժէք եւ գեղեցիկ գոհարներով։
39 Նա պիտի մնայ փախստականների ամրոցներում՝ օտար աստծու հետ, պիտի աւելացնի նրա փառքը, շատերին պիտի հնազանդեցնի նրան եւ երկիրը պիտի բաժանի իբրեւ պարգեւ։
40 Եւ երբ ժամանակի վախճանը գայ, նա պիտի կռուի Հարաւի թագաւորի դէմ։ Հիւսիսի թագաւորը կառքերով, հեծեալներով ու բազում նաւերով զօրք պիտի հաւաքի նրա դէմ, պիտի մտնի նրա երկիրը, պիտի կործանի այն,
41 անցնի եւ մտնի Սաբայիմ երկիրը, եւ շատերը պիտի տկարանան։ Սրանք են ահա, որ պիտի փրկուեն նրա ձեռքից. Եդոմը, Մովաբը եւ ամոնացիների իշխանութիւնը։
42 Նա իր ձեռքը պիտի երկարի դէպի երկիրը, եւ Եգիպտացիների երկիրը չի փրկուելու։
43 Նա պիտի տիրի գաղտնի գանձարանների ոսկուն եւ արծաթին, եգիպտացիների, լիբիացիների եւ եթովպացիների ամրոցներում պահուած ամբողջ թանկարժէք ակնեղէնին։
44 Բայց յետոյ արեւելքից եկող լուրերն ու տագնապները պիտի շտապեցնեն նրան, եւ նա հիւսիսից պիտի արշաւի մեծ բարկութեամբ սպանելու շատերին։
45 Նա իր վրանը պիտի խփի Եփադնոնում, ծովերի եւ Սաբա սուրբ լերան միջեւ, պիտի արշաւի դէպի նրա մի կողմը, եւ ոչ ոք չի լինելու, որ փրկի նրան։