ԴԱՆԻԷԼ. Chapter 13

1 Այն ժամանակ պիտի ելնի Միքայէլ մեծ իշխանը, որ քո ժողովրդի որդիների գլխաւորն է։ Պիտի լինի նեղութեան ժամանակ, նեղութիւն, որպիսին չի եղել այն օրից, երբ ժողովուրդն առաջացաւ երկրի վրայ։ Եւ այն ժամանակ պիտի փրկուի քո ժողովուրդը, ինչպէս որ այս բոլորի մասին գրուած է գրքերում։
2 Երկրում, հողի մէջ ննջածներից շատերը յարութիւն պիտի առնեն, ոմանք յաւիտենական կեանքի համար, եւ ոմանք յաւիտենական նախատինքի ու ամօթի համար։
3 Իմաստուն մարդիկ պիտի ճառագեն իբրեւ երկնակամարի լուսատուներ, իսկ արդարներից շատերը առաւել եւս՝ իբրեւ յաւիտենական աստղեր։
4 Եւ դու, Դանիէ՛լ, գաղտնի՛ պահիր այդ խօսքերը եւ կնքի՛ր այդ գիրքը մինչեւ ժամանակի վախճանը, մինչեւ շատերն ուսանեն, եւ շատանայ իմաստութիւնը։
5 Ես՝ Դանիէլս, տեսայ, որ ահա երկու հոգի կանգնած էին գետի այս եւ այն կողմը,
6 նրանցից մէկն ասաց այն մարդուն, որ սպիտակ կտաւից զգեստ էր հագել եւ գետերի ջրերի վրայ էր կանգնած. Ե՞րբ է լինելու այդ զարմանահրաշ բաների վախճանը, որ դու ասացիր։
7 Ես լսեցի այն մարդուց, որ կտաւից զգեստ էր հագել եւ կանգնած էր գետի ջրերի վրայ. նա բարձրացրեց իր աջ ու ձախ ձեռքերը դէպի երկինք, երդուեց յաւիտեան կենդանի Աստուծով, թէ ժամանակին, ժամանակներում եւ ժամանակի կէսին կ՚իմանան այս բոլորը, երբ լիովին սպառուի սուրբ ժողովրդի ձեռքի զօրութիւնը։
8 Ես լսեցի, բայց չհասկացայ եւ ասացի. Տէ՛ր, ի՞նչ է դրանց վախճանը։
9 Նա ասաց. Գնա՛, Դանիէ՛լ, քանի որ փակուած եւ կնքուած են խօսքերս մինչեւ ժամանակի վախճանը։
10 Շատերը պիտի ընտրուեն, սպիտականան, փորձուեն եւ մաքրուեն, անօրէնները պիտի անօրէնութիւն անեն, ամբարիշտները խելքի չպիտի գան,
11 բայց իմաստունները պիտի հասկանան ժամանակի յաճախակի փոփոխման շնորհիւ։ Աւերածութեան պղծութիւնը պիտի տեւի հազար երկու հարիւր երեսունհինգ օր.
12 երանի նրան, ով կը համբերի եւ կը հասնի հազար երեք հարիւր երեսունհինգերորդ օրուան։
13 Իսկ դու արի հանգստացի՛ր, որովհետեւ տակաւին օրեր ու ժամեր կան մինչեւ վախճանի կատարումը. դու կը հանգչես եւ վեր կը կենաս քո ժամանակին, օրերի վերջում։