ԴԱՆԻԷԼ. Chapter 10

1 Մարերի սերնդից Արշաւիրի որդու՝ Դարեհի առաջին տարում, որ թագաւորեց քաղդէացիների թագաւորութեան մէջ,
2 ես՝ Դանիէլս, խելամուտ եղայ այն տարիների թուագրութեանը, երբ Տիրոջ խօսքը հասաւ Երեմիա մարգարէին՝ Երուսաղէմի աւերման եօթանասուներորդ տարում։
3 Ես երեսս դարձրի դէպի իմ Տէր Աստուածը՝ խնդրելու համար աղօթքներով ու աղաչանքներով, պահեցողութեամբ ու քուրձ կրելով.
4 աղօթեցի Տէր Աստծուն, գոհութիւն յայտնեցի եւ ասացի. Ո՛վ Տէր Աստուած մեծ եւ սքանչելագործ, որ պահում ես քո սիրելիների ուխտն ու ողորմութիւնը, որոնք պահում են քո պատուիրանները։
5 Մեղք գործեցինք, անօրինացանք, անիրաւութիւն արեցինք, ապստամբեցինք եւ շեղուեցինք քո պատուիրաններից եւ քո օրէնքներից,
6 չլսեցինք քո ծառաներին՝ մարգարէներին, որոնք քո անունով խօսեցին մեր թագաւորների, մեր իշխանների, մեր հայրերի եւ երկրի ամբողջ ժողովրդի հետ։
7 Քոնն է, Տէ՛ր, արդարութիւնը, եւ մերն է ամօթն այսօր մեր երեսին, Յուդայի երկրի մարդկանց, Երուսաղէմի բնակիչների եւ Իսրայէլի բոլոր մերձաւորների ու հեռաւորների ամօթը ամբողջ երկրում, ուր ցրեցիր նրանց իրենց անհնազանդութեան համար, քանզի նրանք չհնազանդուեցին քեզ, Տէ՛ր։
8 Մերն է ամօթը մեր երեսին, մեր թագաւորների, մեր իշխանների եւ մեր հայրերի ամօթը, քանզի մեղք գործեցինք,
9 իսկ մեր Տէր Աստծունն է գթութիւնը եւ ներողամտութիւնը, որովհետեւ ապստամբեցինք Տիրոջ դէմ,
10 չլսեցինք մեր Տէր Աստծու ձայնը՝ հետեւելու համար նրա օրէնքներին, որ դրեց մեր առաջ իր ծառաների՝ մարգարէների միջոցով։
11 Ամբողջ Իսրայէլը զանց առաւ քո օրէնքները եւ շեղուեց, որ չլսի քո ձայնը, եւ անէծք ու երդում թափուեցին մեզ վրայ, գրուած քո ծառայի՝ Մովսէսի օրէնքում, Տէ՛ր, քանի որ մեղանչեցինք նրա դէմ։
12 Տէրը հաստատեց իր խօսքերը, որ ասել էր մեր մասին եւ մեր դատաւորների մասին, որոնք դատում էին մեզ՝ բերելով մեզ վրայ այնպիսի մեծամեծ չարիքներ, որ չեն եղել ամբողջ երկնքի տակ, ինչպէս որ եղան Երուսաղէմում։
13 Ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքում, այդ բոլոր չարիքները եկան մեզ վրայ, իսկ մենք չաղաչեցինք մեր Տէր Աստծուն՝ յետ դառնալու մեր հայրերի անիրաւութիւններից եւ խելամուտ լինելու քո ամբողջ ճշմարտութեանը։
14 Մեր Տէր Աստուածը բացեց իր աչքը մեր չարիքների վրայ եւ դրանք բերեց մեզ վրայ, որովհետեւ արդար է մեր Տէր Աստուածը իր այն բոլոր գործերի մէջ, որ արեց մեր հանդէպ, քանի որ չլսեցինք նրա ձայնը։
15 Եւ արդ, Տէ՛ր Աստուած մեր, որ հզօր ձեռքով քո ժողովրդին հանեցիր Եգիպտացիների երկրից եւ քո անունը փառաւորեցիր, իսկ մենք այսօր մեղք գործեցինք եւ անօրինացանք։
16 Տէ՛ր, թող քո ողջ ողորմածութեամբ անցնի քո զայրոյթը եւ վերանայ քո բարկութիւնը քո քաղաքի՝ Երուսաղէմի եւ քո սուրբ լերան վրայից, քանզի մեղանչեցինք, եւ մեր հայրերի անօրինութեան պատճառով Երուսաղէմը եւ քո ամբողջ ժողովուրդը նախատինքի ենթարկուեց բոլորի կողմից, որոնք գտնւում են մեր շուրջը։
17 Արդ, Տէ՛ր Աստուած մեր, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու խնդրանքները եւ ցոյց տուր քո երեսը՝ յանուն քեզ, այն սրբարանի մէջ, որ աւերուեց։
18 Խոնարհեցրո՛ւ, Աստուա՛ծ իմ, քո ականջը եւ լսի՛ր ինձ. բա՛ց քո աչքերը եւ տե՛ս ապականութիւնը մեր եւ քո քաղաքի, որի վրայ դրուած է քո անունը, որովհետեւ մեր արդարութեան պատճառով չէ, որ գութ ենք հայցում քեզնից, այլ՝ քո անբաւ գթութեան պատճառով, Տէ՛ր։
19 Լսի՛ր, Տէ՛ր, ների՛ր, Տէ՛ր, ունկնդրի՛ր, Տէ՛ր, եւ մի՛ յապաղիր՝ յանուն քեզ, Աստուա՛ծ իմ, քանզի քո անունով է կոչւում քո քաղաքը։
20 Եւ մինչ ես խօսում էի ու աղօթում, խոստովանում էի իմ մեղքերը եւ Իսրայէլի ժողովրդի մեղքերը եւ գութ էի հայցում իմ Տէր Աստծուց սուրբ լերան համար,
21 մինչ ես խօսում էի աղօթքով, ահա Գաբրիէլը, մի մարդ, որին տեսել էի նախորդ տեսիլքում, թռաւ եւ մօտեցաւ ինձ՝ երեկոյեան զոհաբերութեան ժամին,
22 խելամուտ դարձրեց ինձ, խօսեց ինձ հետ եւ ասաց.Դանիէ՛լ, այժմ եկայ խելք սովորեցնելու քեզ։
23 Քո աղօթքի սկզբից մի պատգամ տրուեց, եւ ես եկայ այն յայտնելու քեզ, քանի որ դու սիրելի մարդ ես։ Արդ, մտածի՛ր այդ խօսքի մասին եւ մի՛տքդ պահիր տեսիլքը։
24 Մէկ եօթանասունեօթնեակ է սահմանուած քո ժողովրդի եւ սուրբ քաղաքի վրայ, որպէսզի վերջ գտնեն մեղքերը, աւարտուեն անօրէնութիւնները, ջնջուեն անիրաւութիւնները, ներուեն ամբարշտութիւնները, եւ գայ յաւիտենական արդարութիւնը, որպէսզի իրականանայ տեսիլքն ու մարգարէութիւնը, օծուի Սրբութիւն սրբոցը,
25 եւ դու իմանաս ու խելամուտ լինես պատասխան տալու սկզբից ասուած խօսքերին։Երուսաղէմի շինուելուց մինչեւ առաջին օծումը կայ եօթը եօթնեակ եւ վաթսուներկու եօթնեակ, որպէսզի վերաշինուեն հրապարակներն ու պարիսպները եւ նորոգուեն ժամանակները։
26 Վաթսուներկու եօթնեակից յետոյ կը վերանայ օծումը, արդարութիւն չի լինի նրա մէջ, եւ քաղաքն ու սրբարանը կ՚ապականուեն այն առաջնորդով հանդերձ, որ պիտի գայ, եւ դրանք պիտի ջնջուեն հեղեղով. մինչեւ պատերազմի վախճանը նա պիտի հաստատի ապականութիւնը եւ զօրացնի շատերի ուխտը։
27 Մէկ եւ կէս եօթնեակում պիտի դադարեցնի սեղաններն ու զոհաբերութիւնները. ապականութիւնը պիտի հասցնի մինչեւ վերջին ծայրը, մինչեւ որ վախճան եւ տագնապ բերի այդ ապականութեան եւ զօրացնի շատերի ուխտը։ Մէկ եւ կէս եօթնեակում պիտի վերանան զոհերն ու ընծաները, աւերածութեան պղծութիւնը պիտի մնայ տաճարի վրայ, ու մինչեւ ժամանակի վախճանը վերջ պիտի տրուի աւերուածին։