ԴԱՆԻԷԼ. Chapter 6

1 Բաղդասար արքան ընթրիք տուեց իր մեծամեծներին՝ թուով հազար հոգու, նաեւ գինի՝ հազար հոգու համար։
2 Երբ Բաղդասարը հարբեց, հրամայեց բերել արծաթեայ եւ ոսկեայ այն սպասքը, որ նրա հայր Նաբուքոդոնոսորը աւար էր առել Երուսաղէմի տաճարից, որպէսզի թագաւորը, նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք դրանցով խմեն։
3 Բերեցին ոսկեայ եւ արծաթեայ սպասքը, որ վերցուած էր Աստծու տաճարից, որ Երուսաղէմում էր, եւ թագաւորն ու նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք խմում էին դրանցով։
4 Գինի էին խմում եւ օրհնում էին ոսկեայ, արծաթեայ, պղնձեայ, երկաթեայ, փայտէ եւ քարէ աստուածներին, իսկ յաւիտենական Աստծուն, որ իշխանութիւն ունէր նրանց հոգիների վրայ, չօրհնեցին։
5 Նոյն ժամին երեւացին մարդու ձեռքի մատներ, որոնք գրում էին թագաւորի տաճարի ծեփած պատի վրայ՝ կանթեղի դիմաց։ Թագաւորը տեսնում էր թաթն այն ձեռքի, որ գրում էր։
6 Այն ժամանակ թագաւորը գոյնը գցեց, նրա մտքերը խռովում էին նրան, նրա մէջքի յօդերը խախտւում էին, եւ նրա ծնկերը միմեանց էին բախւում։
7 Թագաւորը ուժգին աղաղակով հրամայեց բերել մոգերին, աստղագուշակներին, գիտուններին եւ ասաց բաբելացիների իմաստուններին. Ով որ կարդայ այդ գրութիւնը եւ նրա մեկնութիւնը յայտնի ինձ, ծիրանի պիտի հագնի, իր պարանոցին պիտի կրի ոսկեայ մանեակ եւ իմ թագաւորութեան երրորդ մարդը պիտի դառնայ։
8 Բաբելացիների բոլոր իմաստունները մտնում էին եւ չէին կարողանում գրութիւնը կարդալ եւ ոչ էլ նրա մեկնութիւնը յայտնել թագաւորին։
9 Բաղդասար արքան խռովուեց, եւ նրա երեսի գոյնը փոխուեց. նրա մեծամեծները նոյնպէս խռովուեցին նրա հետ։
10 Թագուհին մտաւ խրախճանքի ապարանքը եւ ասաց. Արքա՛յ, ապրի՛ր յաւիտեան. թող քո մտքերը չխռովեն քեզ, եւ քո երեսի գոյնը չեղծուի,
11 որովհետեւ քո թագաւորութեան ներքոյ կայ մի մարդ, որի մէջ Աստծու Սուրբ Հոգին կայ. քո հօր ժամանակ ուժ եւ իմաստութիւն կար նրա մէջ եւ քո հայրը՝ Նաբուքոդոնոսոր արքան, նրան գուշակների, մոգերի, աստղագուշակների եւ հմայողների գլխաւոր կարգեց,
12 որովհետեւ նրա մէջ առաւել շատ է իմաստութեան եւ հանճարի ոգին. նա մեկնում է երազները, բացայայտում առեղծուածները եւ լուծում է խրթին բաները. դա Դանիէլն էր, եւ արքան նրա անունը Բաղդասար դրեց։ Արդ, թող կանչեն նրան, եւ նա կը յայտնի դրա մեկնութիւնը։
13 Այն ժամանակ Դանիէլին ներս բերեցին թագաւորի առաջ, եւ թագաւորը ասաց Դանիէլին. Դո՞ւ ես Դանիէլը՝ Հրէաստանի գերեվարուածներից մէկը, որին բերեց իմ հայր Նաբուքոդոնոսորը։
14 Քո մասին լսեցի, որ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ, եւ դու ունես աւելի ուժ, հանճար եւ իմաստութիւն։
15 Արդ, ահա իմ առաջ եկան իմաստուններ, մոգեր եւ հմայողներ, որպէսզի այդ գրութիւնը կարդան եւ դրա մեկնութիւնը յայտնեն ինձ, բայց չկարողացան մեկնել ինձ համար։
16 Ես քո մասին լսեցի, թէ կարող ես մեկնութիւններ տալ. արդ, եթէ կարողանաս այդ գրութիւնը կարդալ եւ դրա մեկնութիւնը տալ ինձ, ծիրանի պիտի հագնես, ոսկեայ մանեակ պիտի կրես քո պարանոցին եւ իմ թագաւորութեան երրորդ մարդը պիտի դառնաս։
17 Եւ Դանիէլն ասաց թագաւորի առաջ. Քո պարգեւները թող քեզ մնան, եւ քո տան պատիւը դու ուրիշի՛ն տուր, իսկ ես այդ գրութիւնը կը կարդամ եւ դրա մեկնութիւնը կը յայտնեմ քեզ։
18 Արքա՛յ, Բարձրեալը հզօրութիւն, թագաւորութիւն, պատիւ եւ փառք տուեց քո հօրը՝ Նաբուքոդոնոսորին,
19 եւ այն հզօրութեան պատճառով, որ տուեց նրան, բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները զարհուրելով դողում էին նրանից. նա ում ուզում էր՝ հարուածում էր, ում ուզում էր՝ սպանում, ում ուզում էր՝ բարձրացնում եւ ում ուզում էր՝ խոնարհեցնում։
20 Երբ գոռոզացաւ նրա սիրտը, եւ նրա ոգին համարձակուեց ամբարտաւանանալ, նա ընկաւ իր թագաւորական աթոռից, պատիւը վերացաւ նրանից,
21 նա վտարուեց մարդկանց միջից, գազանների սիրտ տրուեց նրան, վայրի էշերի հետ էր նրա բնակութիւնը, ինչպէս արջառի՝ խոտ էին տալիս նրան, երկնքի ցօղից նրա մարմինը թրջուեց, մինչեւ որ նա ճանաչեց, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեանը եւ այն կը տայ նրան, ում որ կամենայ։
22 Արդ, դու՝ նրա որդի՛ Բաղդասար, քո սիրտը չխոնարհեցրիր Աստծու առաջ, որից այդ բոլորը ստանում էիր,
23 երկնքի Աստծու դէմ գոռոզացար, նրա Տան սպասքը բերին քո առջեւ, եւ դու, քո մեծամեծները, քո հարճերն ու քո կանայք գինի էիք խմում դրանցով, օրհնում էիր ոսկեայ, արծաթեայ, պղնձեայ, երկաթեայ, փայտէ եւ քարէ աստուածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում եւ ո՛չ էլ իմանում, իսկ Աստծուն, որի ձեռքում են քո շունչը եւ քո բոլոր ճանապարհները, չփառաւորեցիր։
24 Այդ պատճառով էլ նրա կողմից ուղարկուեց ձեռքի թաթը եւ գրեց այդ գրութիւնը.
25 ահա այս է այն գրութիւնը, որ գրուած է. ՄԱՆԷ, ԹԷԿԷՂ, ՓԱՐԷՍ։
26 Եւ սա է այդ բանի մեկնութիւնը. ՄԱՆԷ՝ Աստուած չափեց քո թագաւորութիւնը եւ վերջ տուեց դրան.
27 ԹԷԿԷՂ՝ կշեռքով կշռուեց եւ պակաս եղաւ.
28 ՓԱՐԷՍ՝ քո թագաւորութիւնը բաժանուեց եւ տրուեց մարերին ու պարսիկներին։
29 Բաղդասարը հրաման տուեց, եւ նրան ծիրանի հագցրին ու ոսկեայ մանեակ դրին պարանոցին։ Ապա նրան հռչակեցին իշխան՝ լինելու թագաւորութեան երրորդ մարդը։
30 Հէնց նոյն գիշերը սպանուեց քաղդէացիների Բաղդասար արքան։
31 Իսկ Դարեհ արքան, որ վաթսուներկու տարեկան էր, գրաւեց թագաւորութիւնը։