ԴԱՆԻԷԼ. Chapter 14

1 Աստիագէս թագաւորը յաջորդեց իր հայրերին, եւ պարսից Կիւրոս թագաւորը առաւ նրա թագաւորութիւնը։
2 Դանիէլը թագաւորի կեանքի ընկերն էր եւ աւելի փառք էր վայելում, քան նրա բոլոր բարեկամները։
3 Բաբելացիները Բէլ անունով մի կուռք ունէին, եւ օրական նրան բաժին էր ընկնում տասներկու արդու ընտիր ալիւր, քառասուն ոչխար եւ վեց մար գինի։
4 Թագաւորը պաշտում էր նրան եւ միշտ գնում ու երկրպագում էր նրան։ Բայց Դանիէլը իր Աստծուն էր երկրպագում։ Թագաւորն ասաց նրան. Դու ինչո՞ւ չես երկրպագում Բէլին։
5 Դանիէլն ասաց. Որովհետեւ ձեռակերտ կուռքեր չեմ պաշտում, այլ՝ կենդանի Աստծուն, երկնքի եւ երկրի Արարչին, որ իշխանութիւն ունի բոլոր մարմնաւոր էակների վրայ։
6 Թագաւորն ասաց նրան. Իսկ Բէլը քեզ կենդանի Աստուած չի՞ թւում, չե՞ս տեսնում, թէ ամէն օր որքան է ուտում եւ խմում։
7 Դանիէլն ասաց ծիծաղելով. Մի՛ խաբուիր, արքա՛յ, որովհետեւ նա ներսից կաւից է եւ դրսից պղնձից. նա երբեք ո՛չ կերել է, ո՛չ էլ խմել։
8 Եւ թագաւորը բարկանալով՝ կանչեց նրա քրմերին եւ ասաց նրանց. Եթէ չասէք ինձ, թէ ով է ուտում այս սեղանի ուտելիքները, մահով կը մեռնէք,
9 իսկ եթէ ապացուցէք, թէ Բէլն է ուտում այդ բոլորը, ապա կը մեռնի Դանիէլը, քանի որ նա հայհոյեց Բէլին։ Դանիէլն ասաց թագաւորին. Թող լինի ըստ քո ասածի։
10 Բէլի քրմերը եօթանասուն հոգի էին՝ չհաշուած կանանց եւ մանուկներին։ Թագաւորը Դանիէլի հետ եկաւ Բէլի կռատունը։
11 Բէլի քրմերն ասացին. Ահաւասիկ մենք դուրս ենք գալիս. իսկ դու, արքա՛յ, նրա առաջ դի՛ր այդ կերակուրները եւ այդ գինին. խառն կը դնես. փակի՛ր դռներն ու կնքի՛ր քո մատանիով։
12 Եւ երբ առաւօտեան գաս, եթէ այդ բոլորը կերուած չլինի Բէլի կողմից, մենք կը մեռնենք, իսկ եթէ ոչ՝ Դանիէլը, որ սուտ խօսեց մեր մասին։
13 Նրանք վստահ էին, քանի որ սեղանի տակ գաղտնի մուտք էին շինել եւ միշտ նրանով մտնում եւ ուտում էին կերակուրները։
14 Եւ երբ նրանք դուրս ելան, թագաւորը կերակուրները դրեց Բէլի առաջ։ Դանիէլը հրամայեց իր սպասաւորին, մոխիր բերին եւ ցանեցին ամբողջ մեհեանում միայն թագաւորի ներկայութեամբ եւ դուրս գալով՝ փակեցին դուռը, կնքեցին թագաւորի մատանիով եւ գնացին։
15 Քրմերը, իրենց սովորութեան համաձայն, գիշերը ներս մտան իրենց կանանցով եւ երեխաներով, կերան ամէն ինչ, խմեցին եւ ոչինչ չթողեցին։
16 Թագաւորը առաւօտ կանուխ եկաւ Դանիէլի հետ եւ ասաց.
17 Կնիքներն անխա՞խտ են, Դանիէ՛լ։ Դանիէլն ասաց. Անխախտ են, արքա՛յ։
18 Եւ երբ դռները բացեցին, թագաւորը նայեց սեղանին, բարձրաձայն գոչեց եւ ասաց. Մեծ ես, ո՛վ Բէլ, եւ ոչ մի նենգութիւն չկայ քո մէջ։
19 Դանիէլը ծիծաղեց, բռնեց թագաւորին, որ ներս չմտնի, եւ ասաց. Լա՛ւ նայիր այդ յատակին եւ տե՛ս ո՞ւմ հետքերն են դրանք։
20 Թագաւորն ասաց. Տեսնում եմ տղամարդկանց, կանանց եւ մանուկների հետքեր։
21 Այն ժամանակ թագաւորը, բարկանալով, բռնեց քրմերին, նրանց կանանց եւ որդիներին. նրան ցոյց տուեցին գաղտնի դուռը, որով մտնում էին եւ ուտում սպառում սեղանը։
22 Թագաւորը կոտորեց նրանց, իսկ Բէլին յանձնեց Դանիէլի ձեռքը, որը կործանեց նրան եւ նրա մեհեանը։
23 Կար նաեւ մի մեծ վիշապ, եւ բաբելացիները պաշտում էին նրան։ Թագաւորն ասաց Դանիէլին.
24 Մի՞թէ դրա մասին էլ կ՚ասես, թէ պղնձից է. ահա դա կենդանի է, ուտում է եւ խմում, եւ չես կարող ասել, թէ դա կենդանի Աստուած չէ։ Արդ, արի երկրպագի՛ր դրան։
25 Դանիէլն ասաց նրան. Ես իմ Տէր Աստծուն եմ երկրպագում, որովհետեւ նա է կենդանի Աստուածը,
26 բայց դու, արքա՛յ, իրաւո՛ւնք տուր ինձ, եւ ես առանց սրի ու գաւազանի կը սպանեմ այդ վիշապին։ Թագաւորն ասաց. Թոյլ եմ տալիս քեզ։
27 Դանիէլը վերցրեց իւղ, ձիւթ, ճարպ եւ մազ, եփեց միասին, գնդեր շինեց եւ գցեց վիշապի բերանը։ Երբ վիշապը կերաւ՝ պայթեց։ Դանիէլն ասաց. Տեսէ՛ք, թէ ո՞ւմ էք պաշտում։
28 Եւ երբ բաբելացիները լսեցին այդ, շատ բարկացան, եկան հաւաքուեցին թագաւորի մօտ եւ ասացին. Թագաւորը հրեայ է դարձել, կործանեց Բէլին, սպանեց վիշապին, կոտորեց քրմերին։
29 Եւ երբ նրանք եկան, ասացին թագաւորին. Դանիէլին մեր ձե՛ռքը տուր, ապա թէ ոչ կը սպանենք քեզ եւ քո տոհմը։
30 Երբ թագաւորը տեսաւ, թէ շատ են տագնապեցնում իրեն, ստիպուած Դանիէլին տուեց նրանց ձեռքը։
31 Եւ նրանք նրան նետեցին առիւծների փոսը. Դանիէլն այնտեղ մնաց վեց օր։
32 Փոսի մէջ եօթը առիւծներ կային։ Ամէն օր նրանց երկու մարդ եւ երկու անասուն էին տալիս ուտելու, բայց այդ օրը նրանց առջեւ ոչինչ չգցեցին, որպէսզի առիւծներն անմիջապէս ուտեն Դանիէլին։
33 Հրէաստանում կար Ամբակում անունով մի մարգարէ. սա թան եփեց, հաց բրդեց կերակուրի մէջ եւ հանդ էր գնում՝ իր մշակներին տանելու։
34 Տիրոջ հրեշտակն ասաց Ամբակումին. Այդ ճաշը որ դու ունես, տա՛ր Բաբելոն՝ Դանիէլին, որը առիւծների փոսի մէջ է։
35 Ամբակումն ասաց. Տէ՛ր, ես Բաբելոնը չեմ տեսել եւ չգիտեմ, թէ ո՛ւր է փոսը։
36 Հրեշտակը ձեռքը գցեց նրա գագաթին, բռնեց նրա գլխի մազերից եւ իր հոգու ամբողջ ուժով նրան տարաւ Բաբելոն, դրեց փոսի վրայ։
37 Ամբակումն աղաղակեց եւ ասաց. Դանիէ՛լ, Դանիէ՛լ, արի վերցրո՛ւ այդ ճաշը, որ Աստուած ուղարկեց քեզ համար։
38 Դանիէլն ասաց. Յիշեցի՛ր ինձ, Աստուա՛ծ, եւ ամօթով չթողեցիր քո սիրելիներին։
39 Դանիէլը վեր կացաւ եւ կերաւ։ Եւ Աստծու հրեշտակը նոյն ժամին Ամբակումին նորից տարաւ իր տեղը։
40 Թագաւորը եօթներորդ օրը եկաւ ողբալու Դանիէլի վրայ. եւ երբ եկաւ փոսի բերանի մօտ, նայեց եւ տեսաւ, որ Դանիէլը նստած էր. աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց.
41 Մեծ ես, Դանիէլի Տէ՛ր Աստուած, եւ չկայ այլ աստուած քեզանից բացի։
42 Նա Դանիէլին դուրս հանեց, իսկ վնասարարներին, որ ուզեցել էին կորստի մատնել նրան, նետեցին փոսի մէջ, եւ իսկոյն նրանք պատառոտուեցին թագաւորի առաջ։