ԴԱՆԻԷԼ. Chapter 4

1 Իր թագաւորութեան տասնութերորդ տարում Նաբուքոդոնոսոր արքան պատրաստեց մի ոսկեայ արձան, որի բարձրութիւնը վաթսուն կանգուն էր, լայնութիւնը՝ վեց, եւ այն կանգնեցրեց բաբելացիների երկրում, Դէերա դաշտում։
2 Նա հրամայեց հաւաքել զօրավարներին, զօրագլուխներին եւ կուսակալներին, պետերին, իշխանաւորներին, գործակալներին եւ գաւառների բոլոր իշխաններին՝ գալու այն արձանի նաւակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։
3 Հաւաքուեցին կուսակալները, զօրավարներն ու զօրագլուխները, պետերը, իշխանաւորները, մեծամեծները, գործակալներն ու գաւառների բոլոր իշխանները, եկան այն արձանի նաւակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։ Նրանք կանգնած էին այն արձանի առաջ, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։
4 Եւ մունետիկը կանչում էր բարձրաձայն ու ասում. Ձեզ է ասւում, ազգե՛ր, ժողովուրդնե՛ր եւ լեզունե՛ր։
5 Երբ լսէք փողի, սրնգի, թմբուկի, քնարի, տաւղի եւ բոլոր տեսակի նուագարանների ձայնը, գետի՛ն ընկէք եւ երկրպագեցէ՛ք արձանին, որ կանգնեցրել է Նաբուքոդոնոսոր արքան։
6 Եւ նա, ով գետին չընկնի ու չերկրպագի, նոյն ժամին կը նետուի բորբոքուած կրակի հնոցը։
7 Եւ այնպէս եղաւ, որ երբ ազգերը լսեցին փողի, սրնգի, տաւղի, նուագարանների եւ այլ տեսակի գործիքների ձայնը, բոլոր ազգերը, ժողովուրդները եւ լեզուները գետին էին ընկնում եւ երկրպագում ոսկեայ արձանին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։
8 Այն ժամանակ մօտեցան քաղդէացի մարդիկ, Նաբուքոդոնոսորին չարախօսեցին հրեաների մասին եւ ասացին.
9 Արքա՛յ, թող քո կեանքը յաւիտեան լինի,
10 դու հրամայեցիր, որ ամէն մարդ, երբ լսի փողի, սրնգի, քնարի, տաւղի, նուագարանների ու բոլոր տեսակի գործիքների ձայնը,
11 գետին ընկնի ու երկրպագի ոսկեայ արձանին, իսկ նա, ով այդպէս չի անի, պիտի նետուի բորբոքուած կրակի հնոցը։
12 Արդ, այստեղ կան հրեայ մարդիկ, որոնց դու նշանակեցիր Բաբելոնի գործերի վրայ՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը, որոնք չհնազանդուեցին քո հրամանին, արքա՛յ. նրանք չեն պաշտում քո աստուածները, չեն երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկէ արձանին։
13 Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը բարկութեամբ եւ ցասումով հրամայեց բերել Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին։ Եւ նրանց բերեցին թագաւորի առաջ։
14 Նաբուքոդոնոսորը նրանց ասաց. Սեդրա՛կ, Միսա՛կ եւ Աբեդնագո՛վ, իսկապէ՞ս դուք իմ աստուածները չէք պաշտում եւ ոսկեայ արձանին, որ ես կանգնեցրի, չէք երկրպագում.
15 իսկ այժմ պատրա՛ստ եղէք, որ երբ լսէք փողի, սրնգի, թմբուկի, քնարի եւ ամէն տեսակ երաժիշտների ձայնակցութիւնը, գետին ընկնէք եւ երկրպագէք արձանին, որ ես կանգնեցրի. իսկ եթէ չերկրպագէք, նոյն ժամին կը նետուէք բորբոքուած կրակի հնոցը։ Ո՞վ է այն աստուածը, որ կը փրկի ձեզ իմ ձեռքից։
16 Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը պատասխանեցին Նաբուքոդոնոսոր արքային եւ ասացին. Հարկ չկայ քեզ պատասխանել այդ բանի համար, արքա՛յ,
17 որովհետեւ մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, երկնքում է, կարող է փրկել մեզ բորբոքուած կրակի հնոցից եւ ազատել մեզ քո ձեռքից։
18 Իսկ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, արքա՛յ, որ քո աստուածները մենք չենք պաշտում եւ չենք երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկէ արձանին։
19 Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը զայրոյթով լցուեց, բարկացաւ Սեդրակի, Միսակի եւ Աբեթնագովի վրայ եւ ասաց. Եօթնապատիկ վառեցէ՛ք հնոցը, որպէսզի մինչեւ վերջ այրուեն սրանք։
20 Հինգ ուժեղ մարդիկ թող կապեն Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին եւ նետեն բորբոքուած կրակի հնոցը։
21 Այն ժամանակ այդ մարդկանց կապեցին իրենց պատմուճաններով, անդրավարտիքներով, գլխի ապարօշներով, զանկապաններով եւ նետեցին բորբոքուած կրակի հնոցը,
22 որովհետեւ թագաւորի հրամանը աւելի ու աւելի էր սաստկանում, եւ հնոցը բորբոքւում էր եօթնապատիկ աւելի։
23 Իսկ նրանք երեքը՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը կապուած ընկան հնոցի մէջ։
24 Նրանք քայլում էին կրակի մէջ, օրհնում եւ գովում էին Տէր Աստծուն։
25 Ազարիան ելաւ, աղօթքի կանգնեց, կրակի մէջ բացեց բերանը եւ այսպէս ասաց.
26 Օրհնեալ ես, Տէ՛ր, մեր հայրերի՛ Աստուած, յաւիտեանս գովեալ եւ փառաւորեալ է քո անունը,
27 որովհետեւ դու արդար ես այն ամենի մէջ, որ բերեցիր մեզ վրայ, քո բոլոր գործերը ճշմարիտ են, քո ճանապարհները՝ ուղիղ, եւ քո բոլոր դատաստանները՝ արդար.
28 դու ըստ ամենայնի արդար արեցիր այն, ինչ արեցիր մեր եւ մեր հայրերի սուրբ քաղաք Երուսաղէմի նկատմամբ, որովհետեւ ճշմարտութեամբ եւ արդար կերպով արեցիր այս բոլորը մեր մեղքերի պատճառով,
29 քանի որ քո դէմ ապստամբելով՝ մեղանչեցինք եւ անօրէնութիւն գործեցինք. մենք առաւել մեղանչեցինք նրանով, որ
30 քո պատուիրանները չլսեցինք։ Չպահեցինք քո պատուիրանները եւ այնպէս չարեցինք, ինչպէս պատուիրեցիր մեզ, որպէսզի լաւ լինէր մեզ համար.
31 այն ամէնը ինչ բերեցիր մեզ վրայ եւ այն ամէնը, ինչ արեցիր մեր նկատմամբ, արդա՛ր դատաստանով արեցիր։
32 Մեզ մատնեցիր մեր անօրէն, խիստ եւ ապստամբ թշնամիների, բոլոր երկրների ամենից աւելի անիրաւ եւ չար թագաւորի ձեռքը։
33 Իսկ այժմ չենք կարող բանալ մեր բերանները, որովհետեւ մենք՝ քո պաշտօնեայ ծառաները, ամօթահար եղանք եւ նախատինք կրեցինք։
34 Բայց դու, յանուն քո անուան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր քո ուխտը
35 եւ մի՛ հեռացրու քո ողորմութիւնը մեզանից յանուն քո սիրելի Աբրահամի, յանուն քո Իսահակ ծառայի եւ յանուն քո սուրբ Իսրայէլի,
36 որոնց ասացիր, թէ պիտի բազմացնես նրանց որդիները երկնքի աստղերի չափ եւ այնքան, որքան աւազը ծովի ափին։
37 Արդ, Տէ՛ր, բոլոր ազգերից աւելի տկարացանք մենք եւ այսօր տառապում ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով։
38 Այժմ, այս ժամանակներում չկայ իշխան, մարգարէ եւ առաջնորդ, ո՛չ ողջակէզ, ո՛չ զոհ, ո՛չ զոհաբերութիւն, ո՛չ խունկ
39 եւ ո՛չ էլ քեզ երախայրիք մատուցելու տեղ՝ ողորմութիւն գտնելու համար։ Այլ կոտրուած սրտով եւ տառապած հոգով թող ընդունելի լինենք
40 խոյերի եւ արջառների, ինչպէս նաեւ բիւրաւոր պարարտ գառների ողջակէզների նման. այդպէս թող լինի մեր զոհաբերումը այսօր քո առաջ եւ կատարեալ լինենք քեզանից յետոյ, որովհետեւ քեզ վրայ յոյս դնողները ամօթով չեն մնայ։
41 Արդ, գալիս ենք դէպի քեզ մեր ամբողջ սրտով, վախենում ենք մենք քեզանից, քո բարեհաճութիւնն ենք խնդրում.
42 ամօթով մի՛ թող մեզ, այլ մեզ հետ վարուիր ըստ քո հեզութեան, ըստ քո մեծ ողորմութեան, Տէ՛ր,
43 փրկի՛ր մեզ ըստ քո հրաշալի գործերի եւ փա՛ռք բեր քո անուանը։
44 Թող ամօթով մնան բոլոր նրանք, ովքեր չարիք են պատճառում քո ծառաներին. թող ամաչեն իրենց բոլոր բռնութիւններից, նրանց զօրութիւնը թող խորտակուի,
45 եւ թող ճանաչեն, որ դու ես միակ Տէր Աստուածը եւ փառաւորեալը ողջ տիեզերքում։
46 Եւ նրանք՝ թագաւորի սպասաւորները, որ հնոց էին նետել նրանց, չէին դադարում բորբոքել այն նաւթով, ձէթով, վուշով եւ որթատունկի ճիւղերով։
47 Բոցը ելնում դիզւում էր հնոցից քառասուն եւ ինը կանգուն վեր,
48 պտտւում պատում էր հնոցի շուրջը եւ այրում էր, ում որ գտնում էր քաղդէացիներից։
49 Բայց Աստծու Հրեշտակը իջաւ կանգնեց հնոցի մէջ, Ազարիայի կողքին, կրակի բոցը թօթափեց հնոցից
50 եւ հնոցի մէջ դարձրեց այնպիսի հողմ, որ ցօղ է բերում, եւ կրակը ամենեւին չէր մօտենում նրանց, չէր տանջում եւ չէր նեղում նրանց։
51 Այն ժամանակ հնոցի մէջ երեքը, կարծես մէկ բերանով, օրհնում, գովում եւ փառաւորում էին Աստծուն ու ասում.
52 Օրհնեալ ես դու Տէ՛ր, Աստուա՛ծ մեր հայրերի, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ Օրհնեալ է քո փառաւոր սուրբ անունը,գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։
53 Օրհնեալ ես քո փառքի սուրբ տաճարում, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։
54 Օրհնեալ ես քո թագաւորութեան աթոռի վրայ, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։
55 Օրհնեալ ես, որ նայում ես անդունդներին եւ նստում ես քերովբէների վրայ, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։
56 Օրհնեալ ես, որ նստում ես երկնքում,գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։
57 Օրհնեցէ՛ք Տիրոջ բոլոր գործերը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
58 Երկինքնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
59 Տիրոջ հրեշտակնե՛ր, օրհնեցէք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
60 Ջրե՛ր, որ վեր էք երկնքից, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
61 Տիրոջ բոլո՛ր զօրութիւններ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
62 Արե՛ւ եւ լուսի՛ն, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
63 Երկնքի բոլո՛ր աստղեր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
64 Անձրեւնե՛ր եւ ցօղե՛ր, բոլորդ օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
65 Հողմե՛ր, բոլորդ օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
66 Հո՛ւր եւ տա՛պ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
67 Ցո՛ւրտ եւ սառնամանի՛ք, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
68 Եղեա՛մ եւ ձի՛ւն, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
69 Ցերեկնե՛ր եւ գիշերնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
70 Լո՛յս եւ խաւա՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
71 Ամպե՛ր եւ կայծակնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
72 Թող երկիրն օրհնի՛ Տիրոջը, օրհնի եւ պանծացնի նրան յաւիտեան։
73 Լեռնե՛ր, բարձունքնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
74 Երկրի բոլոր բոյսեր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
75 Աղբիւրնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
76 Ծովե՛ր ու գետե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
77 Կէտե՛ր եւ ջրային բոլո՛ր կենդանիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
78 Երկնի թռչուննե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
79 Բոլո՛ր գազաններ եւ անասուններ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
80 Մարդո՛ւ որդիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
81 Իսրայէլը թող օրհնի Տիրոջը,թող օրհնի եւ պանծացնի նրան յաւիտեան։
82 Քահանանե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
83 Տիրոջ ծառանե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
84 Արդարների շունչ ու հոգինե՛ր, օրհնեցէ՛ք Աստծուն,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
85 Սրբե՛ր եւ սրտով խոնարհնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։
86 Անանիա՛, Ազարիա՛ եւ Միսայէ՛լ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան,
87 քանզի նա մեզ փրկեց դժոխքից, ազատեց մահուան ձեռքից,
88 փրկեց մեզ այս հնոցից, այս բորբոքուած բոցի միջից,փրկեց մեզ այս կրակի միջից։
89 Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի քաղցր է նա,քանզի յաւիտեան է ողորմութիւնը նրա։
90 Տիրոջ բոլո՛ր պաշտօնեաներ, գոհութի՛ւն մատուցեցէք եւ օրհնեցէ՛ք աստուածների Աստծուն, քանզի յաւիտեան է ողորմութիւնը նրա։
91 Նաբուքոդոնոսորը երբ լսեց նրանց օրհնութիւնը, զարմացաւ. նա տագնապահար վեր կացաւ եւ ասաց իր մեծամեծներին. Միթէ մենք կապուած երեք մարդ չնետեցի՞նք կրակի մէջ։ Նրանք ասացին թագաւորին. Այո՛, ճիշտ ես ասում, արքա՛յ։
92 Թագաւորն ասաց. Բայց ես տեսնում եմ կապերից արձակուած չորս մարդ, որոնք քայլում են կրակի մէջ, որեւէ վնաս չեն կրել, իսկ չորրորդի տեսքը Աստծու որդու նման է։
93 Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը մօտեցաւ հրաբորբոք հնոցի դռանը եւ ասաց. Սեդրա՛կ, Միսա՛կ եւ Աբեդնագո՛վ, բարձրեալ Աստծու ծառանե՛ր, ելէ՛ք եւ եկէ՛ք։ Սեդրակը, Միսակն ու Աբեդնագովը դուրս ելան կրակի միջից։
94 Հաւաքուեցին նախարարները, կուսակալները, թագաւորի զօրավարներն ու զօրագլուխները, եւ տեսնում էին այն մարդկանց, որոնց մարմնին կրակը չէր վնասել, նրանց գլխի մազերը չէին խանձուել, նրանց անդրավարտիքները չէին գունաթափուել, եւ կրակի հոտ չկար նրանց վրայ։
95 Նաբուքոդոնոսոր թագաւորը նրանց առաջ երկրպագեց Տիրոջը, պատասխանեց եւ ասաց. Օրհնեալ է Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր Հրեշտակին եւ փրկեց իր ծառաներին, որովհետեւ նրանք յոյս էին դրել նրա վրայ, անարգել էին թագաւորի խօսքը եւ մատնել իրենց մարմինը կրակին, որպէսզի չպաշտեն եւ չերկրպագեն բոլոր աստուածներին, այլ՝ միայն իրենց Աստծուն։
96 Արդ, ես հրաման եմ տալիս. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները, որոնք կը հայհոյեն Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի Աստծուն, կորստի պիտի մատնուեն, իսկ նրանց տները՝ յափշտակութեան, որովհետեւ չկայ այլ Աստուած, որ կարողանայ այսպէս փրկել։
97 Այն ժամանակ թագաւորը Բաբելոնում առաւել եւս մեծարեց Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին, բարձր պատուի արժանացրեց նրանց եւ խնդրեց նրանց, որ իշխան լինեն այն բոլոր հրեաների վրայ, որ իր թագաւորութեան մէջ էին։