ԴԱՆԻԷԼ. Chapter 5

1 Նաբուքոդոնոսոր արքան՝ բոլոր ազգերին եւ լեզուներին, որոնք բնակւում են ամբողջ աշխարհում. Թող բազմապատկուի՛ ձեր խաղաղութիւնը։
2 Հաճելի է ինձ պատմել, թէ որքան մեծ են եւ զօրաւոր այն նշաններն ու հրաշքները, որ Բարձրեալը ցոյց տուեց ինձ.
3 նրա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է, եւ նրա իշխանութիւնը՝ սերնդից սերունդ։
4 Ես՝ Նաբուքոդոնոսորս, ուրախ էի իմ տանը եւ զուարթ։
5 Երազ տեսայ, որ զարհուրեցրեց ինձ, եւ խռովուեցի իմ անկողնում։ Իմ մտքի տեսիլքը տագնապեցրեց ինձ
6 եւ ստիպեց, որ ես հրամայեմ իմ առաջ բերել բաբելացի բոլոր իմաստուններին, որպէսզի երազի մեկնութիւնը յայտնեն ինձ։
7 Եւ ինձ մօտ եկան գուշակներ, մոգեր, հմայողներ ու աստղագուշակներ։ Ես իմ երազը պատմեցի նրանց, բայց նրանք չյայտնեցին ինձ նրա մեկնութիւնը,
8 մինչեւ որ եկաւ Դանիէլը, որի անունը Բաղդասար էր ըստ իմ աստծու անուան, որովհետեւ Աստծու Սուրբ Հոգին կայ նրա մէջ։ Նրան ես ասացի.
9 Բաղդասա՛ր իշխան, իմացի՛ր այն, ինչ ես տեսայ։ Գիտեմ, որ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ, եւ բոլոր գաղտնիքները յայտնի են քեզ։ Արդ, լսի՛ր դու իմ տեսած երազի, իմ տեսիլքի մասին, եւ նրա մեկնութիւնը կ՚ասես ինձ։
10 Իմ անկողնում տեսնում էի, որ ահա կար մի ծառ հողի մէջ, եւ նա շատ-շատ բարձր էր.
11 ծառը մեծացաւ, զօրացաւ. նրա բարձրութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ նրա լայնութիւնը՝ աշխարհի բոլոր կողմերը։
12 Նրա տերեւը գեղեցիկ էր, եւ նրա պտուղը՝ առատ։ Բոլորի կերակուրը նրանից էր։ Վայրի գազաններ էին ապրում նրա տակ, ճիւղերին հանգստանում էին երկնքի թռչունները, եւ նրանից էր կերակրւում ամէն մարմնաւոր արարած։
13 Իմ անկողնում, գիշերային տեսիլքում տեսնում էի, որ ահա երկնքից իջնում էր մի սուրբ Հրեշտակ,
14 խօսում էր բարձրաձայն եւ այսպէս ասում. Կտրեցէ՛ք այդ ծառը, հատեցէ՛ք նրա ճիւղերը, թօթափեցէ՛ք դրա տերեւները, շա՛ղ տուէք դրա պտուղները, թող գազանները հեռանան նրա տակից, եւ թռչունները՝ նրա ճիւղերից։
15 Բայց նրա արմատի շառաւիղը թողէ՛ք հողում՝ երկաթէ եւ պղնձէ լարերով պատած, դալար մի վայրում. թող այն թրջուի երկնքի ցօղից, եւ նրա կենդանի մասը անապատի գազանների հետ երկրի խոտից բաժին ունենայ.
16 նրա մարդկային սիրտը թող փոխուի, եւ նրան տրուի գազանների սիրտ, եւ եօթը ժամանակներ թող անցնեն նրա վրայից։
17 Իմ խօսքը Հրեշտակի կողմից տրուած խօսք է, եւ իմ հարցումը՝ սրբերի պատգամ, որպէսզի ապրողները իմանան, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վրայ, այն տալիս է, ում որ կամենայ, եւ մարդկանցից ամենաանարգին բարձրացնում է դրա վրայ։
18 Այս է երազը, որ տեսայ ես՝ Նաբուքոդոնոսոր արքան։ Եւ դու, Բաղդասա՛ր, ասա՛ ինձ նրա մեկնութիւնը, որովհետեւ իմ թագաւորութեան բոլոր իմաստունները չկարողացան յայտնել ինձ նրա մեկնութիւնը, իսկ դու, Դանիէ՛լ, կարող ես, որովհետեւ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ։
19 Այն ժամանակ Դանիէլը, որի անունը Բաղդասար էր, ամփոփուեց մի պահ. նրա մտքերը խռովում էին նրան։ Պատասխանեց նրան թագաւորը եւ ասաց. Բաղդասա՛ր, երազն ու նրա մեկնութիւնը թող չտագնապեցնեն քեզ։ Բաղդասարը պատասխանեց եւ ասաց. Տէ՛ր իմ, երազը թող քեզ ատողների համար լինի, եւ նրա մեկնութիւնը՝ քո թշնամիների։
20 Այն ծառը, որ տեսնում էիր մեծացած եւ զօրացած, եւ որի բարձրութիւնը հասնում էր մինչեւ երկինք, իսկ նրա լայնութիւնը՝ աշխարհի բոլոր կողմերը,
21 որի տերեւը գեղեցիկ էր, եւ պտուղը՝ առատ, բոլորի կերակուրը նրանից էր, որի տակ էին ապրում անապատի գազանները, եւ նրա ճիւղերին էին թառում երկնքի թռչունները, - այդ ծառը դո՛ւ ես, արքա՛յ։
22 Արդարեւ, դու մեծացար ու հզօրացար, քո մեծութիւնը բարձրացաւ, հասաւ մինչեւ երկինք, եւ քո տէրութիւնը՝ աշխարհի բոլոր ծագերը։
23 Իսկ այն, որ տեսնում էիր, արքա՛յ, թէ սուրբ Հրեշտակը իջնում էր երկնքից եւ ասում. Կտրեցէ՛ք այդ ծառը եւ խորտակեցէ՛ք այն, բայց նրա արմատի շառաւիղը թողէ՛ք հողում՝ երկաթէ եւ պղնձէ լարերով պատած, դալար մի վայրում, թող այն թրջուի երկնքի ցօղից, եւ նրա կենդանի մասը լինի անապատի գազանների հետ, մինչեւ եօթը ժամանակներ անցնեն նրա վրայից։ Սա՛ է նրա մեկնութիւնը, արքա՛յ.
24 Բարձրեալի դատաստանը հասել է իմ տէր արքայի վրայ.
25 քեզ պիտի վտարեն մարդկանց միջից, անապատի գազանների հետ պիտի բնակուես, եւ քեզ, ինչպէս արջառի, խոտ պիտի տան, երկնքի ցօղից պիտի թրջուես, եւ եօթը ժամանակներ պիտի անցնեն քո վրայից, մինչեւ որ ընդունես, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեանը եւ այն պիտի տայ, ում որ կ՚ամենայ։
26 Իսկ այն, որ ասաց, թէ ծառի արմատի շառաւիղը թողէ՛ք, դա քո թագաւորութիւնն է, որ պիտի մնայ քեզ, մինչեւ ճանաչես երկնաւոր Աստծու իշխանութիւնը։
27 Դրա համար, արքա՛յ, թող իմ խորհուրդը հաճելի թուայ քեզ, քո մեղքերը քաւի՛ր ողորմութեամբ, եւ քո անօրէնութիւնները՝ աղքատներին գթալով, թերեւս Աստուած համբերատար լինի քո յանցանքների նկատմամբ։
28 Այս բոլորը պատահեց Նաբուքոդոնոսոր արքային տասներկու ամիս յետոյ,
29 մինչ նա ճեմում էր իր թագաւորական պալատում, Բաբելոնում։
30 Թագաւորն սկսեց խօսել եւ ասաց. Սա այն մեծ Բաբելոնը չէ՞, որ ես կառուցեցի որպէս թագաւորութիւն իմ կամքով ու զօրութեամբ՝ ի պատիւ իմ փառքի։
31 Մինչ խօսքը թագաւորի բերանում էր, երկնքից ձայն լսուեց եւ ասաց. Քեզ եմ ասում, ո՛վ Նաբուքոդոնոսոր արքայ, քո թագաւորութիւնը խլուած է քեզանից։
32 Մարդկանց միջից պիտի հալածեն ու վտարեն քեզ։ Դու պիտի բնակուես անապատի գազանների հետ, եւ որպէս արջառի՝ խոտով պիտի կերակրեն քեզ։ Եօթը ժամանակներ պիտի անցնեն քո վրայից, մինչեւ ճանաչես, որ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեանը եւ այն պիտի տայ, ում որ կ՚ամենայ։
33 Հէնց նոյն ժամին այդ բանը կատարուեց Նաբուքոդոնոսորի հետ. նա հալածուեց ու վտարուեց մարդկանց միջից, ինչպէս արջառ՝ նա խոտ էր ուտում, եւ նրա մարմինը թրջուեց երկնքի ցօղից, մինչեւ որ նրա մազերը երկարեցին առիւծի մազերի չափ, եւ նրա եղունգները՝ թռչունների մագիլների պէս։
34 Այդ օրերից յետոյ, ես՝ Նաբուքոդոնոսորս, իմ աչքերը բարձրացրի դէպի երկինք, իմ միտքը վերադարձաւ ինձ, օրհնեցի Բարձրեալին, գովեցի եւ փառաւորեցի յաւիտենապէս կենդանի Աստծուն, որովհետեւ նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, նրա տէրութիւնը՝ սերնդից սերունդ։
35 Երկրի բոլոր բնակիչները ոչինչ են համարւում։ Նա ըստ իր կամքի է գործում երկնքի ուժերի եւ երկրի բնակիչների նկատմամբ, եւ չկայ մէկը, որ ընդդիմանայ նրա ձեռքին եւ ասի՝ Ի՞նչ արեցիր։
36 Այդ նոյն ժամանակ միտքս վերադարձաւ ինձ, ես վերադարձայ իմ թագաւորական պատուին, իմ կերպարանքը վերադարձաւ ինձ, իմ իշխաններն ու իմ մեծամեծները խնդրեցին ինձ, ես նորից իմ թագաւորութեան վրայ հաստատուեցի, եւ իմ մեծութիւնն աւելացաւ առաւել եւս։
37 Արդ, ես՝ Նաբուքոդոնոսորս, օրհնում եմ, փառաւորում եւ առաւել պանծացնում երկնքի արքային, որովհետեւ նրա բոլոր գործերը ճշմարիտ են, նրա ուղիները՝ արդար, եւ բոլորին, ովքեր կ՚ամբարտաւանանան, նա կարող է խոնարհեցնել։