ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ. Chapter 2

1 Ուզում եմ, որ դուք գիտենաք, թէ ինչպիսի նեղութիւն եմ կրում ձեզ համար եւ լաւոդիկեցիների համար եւ բոլոր նրանց համար, որոնք իմ երեսը չեն տեսել անձնապէս,
2 որպէսզի մխիթարուեն նրանց սրտերը, մէկտեղուեն սիրով եւ հասնեն կատարեալ իմաստութեան ճոխութեանը՝ ճանաչելու համար Աստծու խորհուրդը, որ յայտնուած է ի Քրիստոս Յիսուս,
3 որի մէջ պահուած են գիտութեան եւ իմաստութեան բոլոր գանձերը։
4 Եւ այս բանն ասում եմ, որպէսզի ոչ ոք ձեզ չմոլորեցնի պատիր խօսքերով.
5 որովհետեւ, թէպէտեւ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանում եմ, երբ տեսնում եմ ձեր բարի վարքը եւ ձեր հաւատի ամրութիւնը ի Քրիստոս Յիսուս։
6 Արդ, ինչպէս որ ընդունեցիք Քրիստոս Յիսուսին՝ Տիրոջը, այնպէս էլ ընթացէ՛ք նրանով՝
7 արմատաւորուած եւ կառուցուած նրա վրայ, հաստատ մնալով հաւատի մէջ, ինչպէս որ ուսանեցիք, որպէսզի աճէք նրա մէջ գոհութեամբ։
8 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ.
9 քանի որ նրա մէջ է բնակւում Աստուածութեան ամբողջ լիութիւնը մարմնապէս։
10 Դուք էլ էք լցուած նրանով, որ գլուխն է ամէն իշխանութեան եւ պետութեան.
11 նրանով դուք անձեռագործ թլփատութեամբ թլփատուեցիք հաւատով՝ մերկանալով մեղանչական մարմնից Քրիստոսի թլփատութեամբ.
12 թաղուելով նրա հետ մկրտութեան մէջ՝ դրանով իսկ նրա հետ յարութիւն առաք Աստծու զօրութեանը հաւատալով, որը նրան յարութիւն տուեց մեռելներից։
13 Եւ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի եւ ձեր մարմնի անթլփատութեան մէջ, կենդանացրեց իր հետ։
14 Նա ներեց մեզ մեր բոլոր յանցանքները եւ ոչնչացրեց հրամաններով հաստատուած այն պարտամուրհակը, որ մեր դէմ էր, վերացրեց այն մէջտեղից եւ մեխեց խաչափայտին։
15 Իշխանութիւններին եւ պետութիւններին զինաթափ արեց, հրապարակաւ խայտառակեց՝ նրանց պարտութեան մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա յարութեամբ։
16 Ուրեմն, թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու, տօնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում,
17 որոնք գալիք բաների ստուերներն են. բուն մարմինը Քրիստոսն է։
18 Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է, խոնարհ ձեւանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով, անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով։
19 Այդպիսին չի կարող կապուած լինել գլխին՝ Քրիստոսին, որից ամբողջ մարմինը, յօդերով եւ յօդակապերով հաղորդակցուած եւ միակցուած, իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է։
20 Եթէ մեռաք Քրիստոսի հետ եւ այս աշխարհի տարերքի իշխանութիւնից դուրս եկաք, էլ ինչո՞ւ աշխարհում ապրող էակների նման հետեւում էք կանոններին՝ ասելով.
21 Մի՛ մօտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպչիր,
22 քանի որ այդ բոլորը, գործածուելով, ապականւում են՝ ըստ մարդկանց պատուիրանների եւ վարդապետութեան։
23 Նրանք կարող են իմաստուն ձեւանալ իրենց ինքնակամ կրօնով, խոնարհութեամբ եւ իրենց մարմնի խստակեցութեամբ. բայց այդ բոլորը մարմնական ցանկութիւնները զսպելու համար ոչ մէկ արժէք չեն ներկայացնում։