ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ. Chapter 3

1 Եթէ յարութիւն առաք Քրիստոսի հետ, ապա փնտռեցէ՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը։
2 Վերի՛ն բաների մասին խորհեցէք եւ ո՛չ թէ այն, որ այստեղ՝ երկրի վրայ է,
3 քանզի մեռած էք, եւ ձեր կեանքը պահուած է Քրիստոսի հետ՝ Աստծու մօտ։
4 Իսկ երբ Քրիստոս՝ ձեր կեանքը, յայտնուի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կը յայտնուէք փառքով։
5 Սպանեցէ՛ք ուրեմն ձեր երկրաւոր ցանկութիւնները. դէ՛ն գցեցէք պոռնկութիւն, պղծութիւն, յոռի կրքեր, չար ցանկութիւն եւ ագահութիւն, որ կռապաշտութիւն է։
6 Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրայ գալիս է Աստծու բարկութիւնը։
7 Դուք էլ էիք մի ժամանակ ընթանում այդ մեղքերով, երբ ապրում էիք դրանց մէջ։
8 Այժմ դուք եւս թօթափեցէ՛ք այդ բոլորը՝ բարկութիւն, զայրոյթ, չարութիւն, հայհոյութիւն եւ խեղկատակութիւն՝ ձեր բերաններից։
9 Մի՛ ստէք միմեանց. հանեցէ՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով
10 եւ հագէ՛ք նորը, այն, որ նորոգուած է գիտութեամբ, ըստ իր Արարչի պատկերի.
11 այլեւս չկայ հրեայ, ոչ էլ հեթանոս, թլփատութիւն եւ անթլփատութիւն, բարբարոս, սկիւթացի, ծառայ, ազատ, այլ՝ Քրիստոս, որ ամէն ինչ է ամէն բանի մէջ։
12 Որպէս Աստծու ընտրեալներ, սրբեր եւ սիրելիներ, հագէ՛ք, ուրեմն, գութ, ողորմութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, համբերատարութիւն՝
13 հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզ, նոյն ձեւով արէ՛ք եւ դուք։
14 Եւ այս բոլորի վրայ հագէ՛ք սէրը, որ կապն է կատարելութեան։
15 Եւ ձեր սրտերում թող հաստատուի Քրիստոսի խաղաղութիւնը, որին եւ կոչուեցիք մէկ մարմնով. եւ գոհութի՛ւն մատուցեցէք։
16 Թող Քրիստոսի խօսքը բնակուի ձեր մէջ առատապէս, որ կատարեալ իմաստութեամբ ուսուցանէք եւ խրատէք միմեանց՝ սաղմոսներով, օրհներգութիւններով, հոգեւոր երգերով եւ երախտագիտութեամբ օրհնելով ձեր սրտերում Աստծուն։
17 Եւ ինչ որ անէք խօսքով եւ գործով, բոլորն արէ՛ք Տէր Յիսուսի անունով. գոհութի՛ւն մատուցեցէք նրանով Աստծուն եւ Հօրը։
18 Կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, ինչպէս որ վայել է ի Տէր։
19 Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց եւ մի՛ դառնացրէք նրանց։
20 Որդինե՛ր, ամէն ինչում հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին, որովհետեւ հաճելին այդ է Տիրոջ առաջ։
21 Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, որ չյուսալքուեն։
22 Ծառանե՛ր, ամէն ինչում հնազա՛նդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին, ոչ թէ մարդահաճոյ կերպով, ցուցադրական ծառայութեամբ, այլ սրտի անկեղծութեամբ՝ երկիւղ կրելով Տիրոջից։
23 Ինչ որ անէք, արէք սրտա՛նց, որպէս թէ Տիրոջ համար էք անում եւ ոչ թէ՝ մարդկանց համար։
24 Իմացէ՛ք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգութեան հատուցումը, քանզի Տէր Քրիստոսին էք ծառայում։
25 Իսկ անիրաւը պիտի պատժուի ըստ իր անիրաւութեան, քանի որ Աստծու առաջ աչառութիւն չկայ։