ԱՄՈՍ. Chapter 8

1 Այսպիսի մի տեսիլք էլ ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը. թռչնորսների մի գործիք էր։ Տէրն ասաց. Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս։ Ես ասացի՝ թռչնորսների գործիք։
2 Եւ Տէրն ասաց ինձ. Հասել է Իսրայէլի իմ ժողովրդի վախճանը, եւ ես այլեւս ոչ մի յանցանք չեմ ներելու նրան։
3 Տաճարի յարկերի տակ այդ օրը ողբեր պիտի հնչեն, - ասում է Տէրը, - շատերը պիտի ընկնեն, եւ ամէն տեղ լռութիւն պիտի հաստատեմ։
4 Լսեցէ՛ք սա, դուք, որ առաւօտեան նեղում էիք տնանկներին,երեկոյեան զրկում աղքատներին
5 եւ ասում էիք. Երբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, եւ այս շաբաթը, որ բացենք պահեստները, փոքրացնենք չափը եւ մեծացնենք կշիռը, սուտ կշռաքարեր սարքենք,
6 ծախու առնենք աղքատներին արծաթով,տնանկներին՝ մի զոյգ կօշիկով, եւ շահ ստանանք մեր բոլոր վաճառքներից։
7 Տէրը երդւում է Յակոբի հպարտութեամբ՝ ասելով, թէ ձեր գործերը իսպառ չեն մոռացուի,
8 եւ որ դրանց պատճառով երկիրը պիտի խռովուի, նրա բոլոր բնակիչները սուգ պիտի անեն, նրա վախճանը պիտի գայու եգիպտացիների գետի պէս ելնի ու իջնի։
9 Այդ օրը, - ասում է Տէր Աստուածը, - այնպէս պիտի լինի, որ արեգակը մայր պիտի մտնի միջօրէին,եւ երկրում լոյսը պիտի խաւարի ցերեկով,
10 ձեր տօնը սուգ պիտի դարձնեմ, ձեր բոլոր երգերը՝ ողբեր,ամէն տարիքի մարդկանց վրայ քուրձ պիտի գցեմ եւ կնտութիւն՝ բոլոր գլուխներին, այդ օրը պիտի դարձնեմ սիրելիի սգի օր, եւ բոլոր նրանց համար, որ նրա հետ կը լինեն՝ ցաւերի օր։
11 Ահա օրեր պիտի գան, - ասում է Տէր Աստուածը, - եւ ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը, ոչ թէ հացի սով կամ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու սով։
12 Ջրերը պիտի յուզուեն ծովից մինչեւ ծով եւ հիւսիսից մինչեւ արեւելք. նրանք պիտի գնան Տիրոջ խօսքը փնտռելու եւ չեն գտնելու։
13 Այդ օրը գեղեցիկ կոյսերն ու երիտասարդները ծարաւից պիտի թուլանան։
14 Նրանք, որ երդւում էին Սամարիայի սրբութիւն սրբոցով եւ ասում էին՝ Կենդանի է քո Աստուածը՝ Դանը, կենդանի է քո Աստուածը՝ Բերսաբէէն,պիտի կործանուեն եւ այլեւս ոտքի չեն կանգնելու։