ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 2

1 Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին։
2 Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։
3 Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ։
4 Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս։
5 Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ, երկիւղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։
6 Եւ երբ այս ձայնը լսուեց, բազմութիւնը հաւաքուեց ու խռնուեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խօսում էին իրենցից իւրաքանչիւրի լեզուով։
7 Ամէնքը հիանում էին եւ զարմանում. ու միմեանց ասում էին. Չէ՞ որ սրանք բոլորը, որ խօսում են, գալիլիացիներ են.
8 բայց ինչպէ՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք։
9 Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակւում են Միջագետքում, Հրէաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում,
10 Փռիւգիայում եւ Պամփիւլիայում, Եգիպտոսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝
11 թէ՛ հրեաներ եւ թէ՛ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ, - լսում ենք, որ նրանք խօսում են մեր լեզուներով Աստծու մեծագործութիւնների մասին։
12 Բոլորը զարմանում էին եւ միմեանց ասում. Ի՞նչ կարող է լինել սա։
13 Իսկ ուրիշներ, ծաղրելով, ասում էին. Նոր գինուց հարբած են։
14 Պետրոսը, Տասնմէկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը եւ ասաց. Ո՛վ հրէաստանցիներ եւ դուք ամէնքդ, որ Երուսաղէմում էք բնակւում, այս ձեզ յայտնի թող լինի, եւ իմ խօսքերին ակա՛նջ դրէք.
15 սրանք հարբած չեն, ինչպէս դուք էք կարծում, քանի որ դեռ առաւօտեան ժամը ինն է.
16 այլ՝ այս ա՛յն է, որ ասուեց Յովէլ մարգարէի բերանով.
17 Եւ պիտի լինի սրանից յետոյ, վերջին օրերին, - ասում է Աստուած, -որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրայ,եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան.ձեր երիտասարդները տեսիլներեւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։
18 եւ իմ ծառաների ու իմ աղախինների վրայ այն օրերին իմ Հոգուց պիտի թափեմ,եւ նրանք պիտի մարգարէանան։
19 Եւ վերը, երկնքում զարմանալի գործեր պիտի ցոյց տամ,իսկ ներքեւում, երկրի վրայ՝ նշաններ.արիւն եւ հուր եւ ծխի մրրիկ.
20 արեգակը խաւար պիտի դառնայ,եւ լուսինը՝ կարմիր, ինչպէս արիւն,քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը։
21 Եւ պիտի լինի այնպէս, որ ամէն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկուի։
22 Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա միջոցով արեց ձեր մէջ, ինչպէս դուք իսկ գիտէք այդ,
23 Աստծու սահմանած խորհրդով եւ կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրայ գամեցիք եւ սպանեցիք.
24 նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխէր նրան։
25 Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է.Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ,որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ.
26 դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ իմ լեզուն ցնծաց, եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով,
27 որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելուեւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո սրբի մարմինը ապականուի.
28 ինձ ցոյց տուիր կեանքի ճանապարհները,քաղցրօրէն լցրեցիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ։
29 Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր.
30 բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ,
31 ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝Նրա անձը գերեզմանում չթողնուեց,եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ։
32 Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք.
33 Աստծու աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում էք ու լսում.
34 որովհետեւ Դաւիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է.Տէրն ասաց իմ Տիրոջը՝նստի՛ր իմ աջ կողմը,
35 մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ տակ իբրեւ պատուանդան դնեմ։
36 Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ արեց, այն Յիսուսին, որին դուք խաչեցիք։
37 Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ միւս առաքեալներին. Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր։
38 Պետրոսը նրանց ասաց. Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար, եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը.
39 որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի մեր Տէր Աստուածը։
40 Եւ Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից։
41 Ոմանք յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը՝ մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան։
42 Եւ նրանք յարատեւում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների մէջ։
43 Ամէն մարդու վրայ ընկել էր ահ եւ երկիւղ, եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ եւ զարմանալի գործեր էին կատարւում։
44 Հաւատացեալներն ամէնքը միասին էին, եւ ինչ որ ունէին, հասարակաց էր.
45 նրանք վաճառում էին իրենց կալուածքներն ու ինչքերը եւ բաժանում էին բոլորին՝ ում ինչ որ պէտք լինէր։
46 Ամէն օր, միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում եւ ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում։
47 Օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մէջ յարգանք էին վայելում։ Եւ Տէրը օրէցօր փրկուածներին նրանց թուի վրայ աւելացնում էր։