ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 20

1 Երբ ամբոխը հանդարտուեց, Պօղոսը կանչեց աշակերտներին ու նրանց յորդորելով՝ հրաժեշտի ողջոյն տուեց եւ ելաւ գնաց Մակեդոնիա։
2 Այդ կողմերում շրջելուց եւ նրանց բազում խօսքերով յորդորելուց յետոյ եկաւ Յունաստան։
3 Մօտ երեք ամիս այնտեղ անցկացնելուց յետոյ, մինչ կամենում էր Ասորիք բարձրանալ, հրեաների կողմից նրա դէմ դաւ նիւթուեց. ուստի խորհեց Մակեդոնիայով վերադառնալ։
4 Եւ մինչեւ Ասիա նրա հետ էին գնում Պիւռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից՝ Արիստարքոսը եւ Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթէոսը եւ ասիացիներ Տիւքիկոսն ու Տրոփիմոսը։
5 Սրանք առաջ էին գնացել եւ Տրովադայում մեզ էին սպասում։
6 Իսկ մենք Բաղարջակերաց տօնի օրերից յետոյ նաւարկեցինք Փիլիպպէից ու հինգ օրից հասանք Տրովադա, նրանց մօտ. այնտեղ կանգ առանք եօթը օր։
7 Եւ շաբաթ օրը, մինչ հաւաքուել էինք հացը կտրելու, Պօղոսը, որ յաջորդ օրը մեկնելու էր, խօսում էր նրանց հետ. եւ նա խօսքը երկարեց մինչեւ կէսգիշեր։
8 Եւ այն վերնատանը, ուր հաւաքուած էինք, բազում լապտերներ կային։
9 Իսկ Եւտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին ու խոր քնի մէջ էր ընկել։ Երբ Պօղոսը խօսելը երկարաձգեց, նա, խոր քնից թուլացած, երրորդ յարկից ցած ընկաւ. ու վերցրին նրան մեռած։
10 Պօղոսը, ցած իջնելով, ընկաւ նրա վրայ, նրան իր գիրկը վերցրեց ու ասաց. Մի՛ խռովուէք, քանի որ սրա հոգին վրան է։
11 Յետոյ վեր ելաւ, հացը կտրեց ու կերաւ. եւ մինչեւ առաւօտ շատ բաներ եւս խօսեց ու ապա ելաւ գնաց։
12 Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին եւ շատ մխիթարուեցին։
13 Եւ մենք նաւ մտնելով՝ ուղղուեցինք դէպի Ասոն. յոյս ունէինք այնտեղից Պօղոսին նորից վերցնել, որովհետեւ այդպէս էր պատուիրել, ըստ որում ինքը ցամաքով էր գնալու։
14 Եւ երբ նա մեզ հանդիպեց Ասոնում, նրան առնելով եկանք Միտիլինէ։
15 Եւ այնտեղից նաւարկելով՝ յաջորդ օրը գնացինք Քիոսի դիմացը, իսկ միւս օրը հասանք Սամոս եւ հետեւեալ օրը եկանք Միլետոն,
16 որովհետեւ Պօղոսը մտադիր էր նաւարկել Եփեսոսի մօտով, որպէսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր Պենտեկոստէի օրը Երուսաղէմ հասնել, եթէ այդ նրան յաջողուէր։
17 Եւ Միլետոնից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երէցներին.
18 եւ երբ նրանք եկան նրա մօտ, նրանց ասաց. Դուք ինքներդ գիտէք, թէ առաջին օրուանից ի վեր, երբ Ասիա եկայ, ամբողջ ժամանակ ձեզ հետ միասին ինչպէս ապրեցի՝
19 ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհութեամբ եւ բազում արտասուքով ու փորձութիւններով, որ հրեաների նենգութիւնների պատճառով ինձ պատահեցին։
20 Ինչպէ՜ս բնաւ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից եւ ուսուցանելու ձեզ հրապարակաւ եւ տանը.
21 վկայութիւն տուի հրեաներին եւ հեթանոսներին Աստծու առաջ ապաշխարելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատի մասին։
22 Արդ, ահա ես, Սուրբ Հոգու մղումով, Երուսաղէմ եմ գնում. իսկ թէ այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու, այդ չգիտեմ.
23 միայն թէ Սուրբ Հոգին ամէն քաղաքի մէջ ինձ վկայում է ու ասում. Կապանքներ ու նեղութիւններ են սպասում քեզ։
24 Բայց ես ինքս իմ անձը ոչ մի բանով այնքան յարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտօնը, որ Տէր Յիսուսից ստացայ՝ Աստծու շնորհը աւետարանելու։
25 Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու.
26 դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից,
27 որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնելու Աստծու կամքը ամբողջութեամբ։
28 Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով։
29 Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կը գան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին։
30 Ձեր միջից էլ դուրս կը գան մարդիկ, որ թիւր բաներ կը խօսեն՝ աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար։
31 Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկ-մէկ՝ արտասուքներով խրատեցի։
32 Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ՝ բոլոր սրբերի հետ։
33 Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ զգեստը չցանկացայ.
34 դուք ինքներդ գիտէք, որ իմ եւ ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը։
35 Ես իմ օրինակով ամէն ինչ ձեզ ցոյց տուեցի, որովհետեւ այդպէս պէտք է աշխատել եւ դարմանել հիւանդներին ու յիշել Տէր Յիսուսի խօսքը, որ ինքն իսկ ասաց. Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը։
36 Այս բաներն ասելուց յետոյ բոլորի հետ մէկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղօթել։
37 Բոլորն էլ շատ լաց եղան եւ Պօղոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան։
38 Մորմոքւում էին մանաւանդ նրա այն խօսքի վրայ, թէ այլեւս իր երեսը չեն տեսնելու։ Եւ նրան ուղեկցեցին մինչեւ նաւը։