ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 21

1 Եւ երբ մենք նրանցից բաժանուեցինք ու նաւ ելանք, ուղիղ դիմացը գնալով՝ եկանք Կով. յաջորդ օրը՝ Ռոդոն, այնտեղից էլ՝ Պատարա։
2 Այնտեղ գտնելով մի նաւ, որ Փիւնիկէ էր գնում, բարձրացանք ու գնացինք։
3 Երբ Կիպրոսը երեւաց, այն թողեցինք ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Ասորիք եւ իջանք Տիւրոս, քանի որ նաւն այնտեղ իր բեռներն էր թափելու։
4 Եւ գտնելով աշակերտներին՝ եօթը օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պօղոսին ասում էին, որ Երուսաղէմ չբարձրանայ։
5 Եւ երբ մենք այդ օրերը անցկացրինք, ելանք գնացինք. նրանք բոլորը, կանանց եւ որդիների հետ միասին, մինչեւ քաղաքից դուրս մեզ ճանապարհ դրեցին. եւ ծովեզրին, ծնկի գալով, աղօթեցինք։
6 Ապա միմեանց հրաժեշտ տալով՝ մենք նաւ ելանք, իսկ նրանք վերադարձան իրենց տեղերը։
7 Եւ մեր նաւարկութիւնը շարունակելով Տիւրոսից՝ հասանք Պտողեմայիդա ու եղբայրներին ողջոյն տալուց յետոյ մէկ օր նրանց մօտ մնացինք։
8 Յաջորդ օրը այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա եւ, մտնելով տունը Փիլիպպոս աւետարանչի, որ եօթը սարկաւագներից մէկն էր, օթեւանեցինք նրա մօտ։
9 Նա ունէր չորս կոյս աղջիկներ, որոնք մարգարէուհիներ էին։
10 Եւ երբ շատ օրեր մենք այնտեղ մնացինք, Հրէաստանից Ագաբոս անունով մի մարգարէ իջաւ։
11 Եւ մեզ մօտ գալով՝ վերցրեց Պօղոսի գօտին, կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը եւ ասաց. Այսպէս է ասում Սուրբ Հոգին. այն մարդուն, որի գօտին է այս, հրեաները նրան այսպէ՛ս պիտի կապեն Երուսաղէմում եւ յանձնեն հեթանոսների ձեռքը։
12 Երբ այս լսեցինք, մենք եւ այնտեղ գտնուողները աղաչեցինք, որ նա Երուսաղէմ չբարձրանայ։
13 Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց ու ասաց. Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք լաց լինում եւ իմ սիրտն էլ ճմլում, ես Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար Երուսաղէմում ոչ միայն կապուելու, այլեւ մեռնելու պատրաստ եմ։
14 Եւ երբ նա չանսաց, լռեցինք. ասացինք՝ Տիրոջ կամքը թող լինի։
15 Այդ օրերից յետոյ պատրաստուեցինք եւ Երուսաղէմ բարձրացանք։
16 Մեզ հետ եկան նաեւ կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասոնի մօտ, որը նախապէս աշակերտ էր, եւ որի տանը օթեւանելու էինք։
17 Եւ երբ մենք Երուսաղէմ մտանք, եղբայրները մեզ խնդութեամբ ընդունեցին։
18 Յաջորդ օրը Պօղոսը մեզ հետ Յակոբոսի մօտ մտաւ. եկան եւ բոլոր երէցները։
19 Ողջունելով նրանց՝ նա մի առ մի պատմեց այն բաները, որ Աստուած նրա ծառայութեան միջոցով արեց հեթանոսների մէջ։
20 Եւ նրանք, լսելով, փառաւորում էին Աստծուն ու նրան ասում. Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարաւոր հաւատացեալ հրեաներ կան, եւ բոլորն էլ նախանձախնդիր են օրէնքին։
21 Բայց քո մասին իրազեկ եղան, թէ հեթանոսների մէջ գտնուող բոլոր հրեաներին ուսուցանում ես հրաժարուել Մովսէսի օրէնքից. ասում ես, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն եւ կրօնի աւանդութիւնների համաձայն չգնան։
22 Արդ, ի՞նչ պէտք է լինի. հաստատապէս կը լսեն, որ եկել ես։
23 Ուրեմն, արա՛ այն, ինչ քեզ ասում ենք. մեզ մօտ կան չորս ուխտադիր մարդիկ.
24 նրանց քեզ հետ ա՛ռ եւ նրանց հետ միասին մաքրուի՛ր. եւ նրանց ծախսը քեզ վրայ վերցրու, որ իրենց գլուխները ածիլեն։ Այսպէս ամէնքը իմանան, որ քեզ վերաբերող այն բաները, որոնց մասին իրազեկ են եղել, ոչինչ են, եւ, ընդհակառակը, դու էլ համաձայն ես օրէնքը պահելու։
25 Գալով հաւատացեալ հեթանոսներին՝ մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցուած զոհերից ու արիւնից եւ խեղդամահ արուած կենդանուց եւ պոռնկութիւնից։
26 Այն ժամանակ Պօղոսը իր հետ վերցրեց այդ մարդկանց եւ յաջորդ օրը, նրանց հետ մաքրուելուց յետոյ, տաճար մտաւ՝ յայտնելու մաքրման օրերի աւարտի մասին. որից յետոյ, նրանցից իւրաքանչիւրի համար զոհ մատուցուեց։
27 Սակայն երբ եօթնօրէքը կատարելու մօտ էին, ասիացի հրեաները նրան տաճարի մէջ տեսնելով՝ նրա շուրջը հաւաքեցին ամբողջ ամբոխը, եւ ձեռքները նրա վրայ դնելով՝ աղաղակում էին.
28 Ո՛վ իսրայէլացիներ, օգնեցէ՛ք, այս մարդն է, որ, հակառակ ժողովրդի եւ օրէնքի ու այս սրբավայրի, ամենուր ամենքին ուսուցանում է. մինչեւ իսկ հեթանոսներին տաճար մտցրեց եւ այս սուրբ տեղը պղծեց։
29 Ըստ որում առաջուց նրա հետ քաղաքում տեսել էին Տրոփիմոս Եփեսացուն եւ կարծում էին, թէ Պօղոսը նրան տաճար մտցրեց։
30 Ամբողջ քաղաքը շարժուեց, եւ ժողովուրդը խռնուեց. բռնելով Պօղոսին՝ քարշ տուեցին տաճարից դուրս. եւ իսկոյն դռները փակուեցին։
31 Նրան ուզում էին սպանել։ Գնդի հազարապետին լուր հասաւ, թէ ամբողջ Երուսաղէմը յուզման մէջ է։
32 Սա իսկոյն զինուորներ եւ հարիւրապետներ առնելով իր հետ՝ շարժուեց նրանց վրայ։ Եւ նրանք, տեսնելով հազարապետին ու զինուորներին, դադարեցին Պօղոսին ծեծելուց։
33 Այն ժամանակ հազարապետը, մօտենալով, բռնեց նրան եւ հրամայեց նրան կապել կրկնակի շղթաներով. եւ հարցնում էր, թէ՝ ով է եւ ինչ է արել։
34 Ամբոխի մէջ այլեւայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում։ Երբ նա ամբոխի աղմկի պատճառով ստուգութիւնը չկարողացաւ իմանալ, հրամայեց նրան զօրանոց տանել։
35 Երբ աստիճաններին հասաւ, այնպէս եղաւ, որ ամբոխի բռնութեան պատճառով զինուորները նրան բարձրացնեն եւ տանեն,
36 NVrsքանի որ ժողովրդի բազմութիւնը յետեւից էր գնում՝ աղաղակելով՝ մա՛հ դրան։
37 Եւ մինչ Պօղոսը զօրանոց էր մտնելու, հազարապետին ասաց. Կարելի՞ է ինձ խօսել քեզ հետ։ Եւ նա ասաց. Յունարէն գիտե՞ս.
38 չլինի թէ դու ես այն եգիպտացին, որ սրանից օրեր առաջ ապստամբեցիր եւ անապատ հանեցիր չորս հազար սուսերաւոր մարդկանց։
39 Պօղոսն ասաց. Ես հրեայ մարդ եմ, կիլիկեցիների Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, ինձ հրամա՛ն տուր, որ իմ խօսքն ուղղեմ այդ ժողովրդին։
40 Եւ երբ նա հրաման տուեց, Պօղոսը, աստիճանների վրայ կանգնած, ձեռքը շարժեց դէպի ժողովուրդը։ Երբ կատարեալ լռութիւն տիրեց, սկսեց խօսել եբրայերէն լեզուով եւ ասաց.